Լոռու մարզի Օձուն գյուղում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված հերոս տանկիստ Արման Սանասարի Աղվանյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր-հուշահամալիրի բացումը։ Հուշահամալիրը բացվեց Արմանի ծննդյան օրը՝ օգոստոսի 10-ին` նրա հայրիկի ջանքերով, գեղատեսիլ Օձունի բնության մեջ, որտեղ Արմանը հաճախ նշում էր իր ծննդյան օրը։ Հուշահամալիրը կազմված է հուշարձան-աղբյուրից և ճաշելու համար նախատեսված մեկհարկանի քարե կառույցից՝ տաղավարից։ Հուշահամալիրի բացմանը հաջորդեց հերոսի հիշատակին նվիրված հյուրասիրությունը։
Միջոցառման 100-ավոր ներկաները նախևառաջ այցելեցին և ծաղիկներ խոնարհեցին Արմանի գերեզմանին, որի գեղեցիկ կառուցման համար հայրը ջանք ու եռանդ չի խնայել։ Հնչեց Տերունական աղոթք և ներկաները խունկ ծխեցրին նահատակված հերոսի շիրիմին։
Կարդացեք նաև
Օձունի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արարատ Շահվերդյանը նշեց, որ մեր սիրելի հերոսի, նահատակի աճյունը խաղաղությամբ հանգչում է գերեզմանում, բայց նրա հոգին երկնքից ժպտում ու ողջունում է ներկաներին։
Տեր Արարատը շեշտեց. «Իր երկրավոր շատ կարճ կյանքի ընթացքում Արմանը կարողացավ մեծ ներդրում, մեծ վաստակ ու ծառայություն ունենալ մեր հայրենիքի համար, այդ գործի մեջ չխնայելով ոչինչ, անգամ իր սեփական կյանքը, և Արմանի և մեր մյուս նահատակների, հերոսների սխրանքները, իրենց հերոսական պատմությունները, մենք այսօր պատգամ ունենք միշտ հիշելու, ոչ միայն հիշելու այլ նաև պատմելու, միշտ կենդանի պահելու, փոխանցելու նաև գալիք սերունդներին, որպես ներշնչանքի աղբյուր, որպես հայրենասիրության աղբյուր, կրթելու և դաստիրակելու ուղեցույց, որովհետև նրանք գիտեին, որ գնում են գիտակցված կամավոր մահվան և ամեն պահի, ամեն վայրկյանի կարող է իրենց կյանքի ճանապարհը ընդհատվել, սակայն, այդուհանդերձ, այդ գիտակցումը նրանց չխանգարեց, որպեսզի իրենք իրենց ամբողջական նվիրումով լծվեն մեր հայրենիքի պաշտպանությանը։ Եվ մինչև վերջ ամուր մնալով մայր հողի վրա՝ իրենք իրենց արյունը թափեցին՝ սրբագործելով մեր հայրենի հողը։ Պաշտպանեցին և մեզ ավանդեցին մի հայրենիք և ամենակարևորը գաղափար, որ մեր բոլոր նվիրական արժեքների և սրբությունների համար բոլորս պիտի մինչև իսկ կյանքի գնով պատրաստ լինենք կանգնելու և պաշտպանելու, որի համար Արմանին և մեր մյուս նահատակներին գնահատանք, խունկ, աղոթք և խոնարհում»։
Արման Սանասարի Աղվանյանը ծնվել է 2000 թ.: 2018 թ. անվճար հիմունքներով ընդունվել է Ռուս֊հայկական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ Զինվորական ծառայությունը իրականացրել է Արցախում, որպես տանկի հրամանատար և սերժանտ։
Պատերազմի առաջին օրվանից Արմանը որպես 872 տանկի հրամանատար ռազմական ակտիվ գործողությունների կիզակետում էր։ Վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 8-ին, բայց ծնողներին չի ասել, որ ինքը կռվի դաշտում է։ Արմանը զոհվեց հոկտեմբերի 9-ին, Ջրականի (Ջաբրայիլի) մատույցներում՝ հավերժ մնալով 20 տարեկան։
Զինվորական ծառայության ժամանակ Արմանին շնորհվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» շքանշանը։
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար Արմանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» Արիության Մեդալով։
Արմանին ճանաչողները ընդգծում են, որ նրա մեջ եռում էր կյանքը… Նա փայլում էր բոլոր առումներով, բոլոր ասպարեզներում… Մասնակցում էր բազմաթիվ օլիմպիադաների ու մարզական մրցաշարերի։ Ե՛վ կրթության, և՛ սպորտի բնագավառներում նա չեմպիոն էր: Բոլոր բնագավառներում նրա նվաճումների մասին են վկայում բազմաթիվ մեդալները, պատվոգրերն ու հավաստագրերը:
Արմանը նաև տիրապետում էր մի քանի լեզուների, ուներ խոր գիտելիքներ, գրում էր երգեր ու երաժշտություն: Բայց ամենից առաջ նա իսկական արիացու փայլուն օրինակ էր՝ մեծահոգի ու բարի, ուժեղ, օժտված կամային բարձր հատկանիշներով, վեհ արժեհամակարգերի կրող ու լուսավոր մարդ:
7-րդ դասարանում Արմանի կողմից գրված խոսքերը շատ դիպուկ բնութագրում են հենց իրեն. «Մարդու ներքին լույսի աղբյուրը հավատն է, բարությունն ու ազնվությունը: Մարդ որքան բարի լինի, հավատավոր, այնքան աշխարհի լույսը կշատանա»: