ԱԻՆ մամուլի պատասխանատու Հայկ Կոստանյանն այսօր երեկոյան «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում ամփոփեց մինչեւ օրս կատարված աշխատանքները, ներկա վիճակը եւ անելիքները:
Նա նշեց, որ բուն պայթյունի վայրում որոնողական աշխատանքները վերսկսվել են այսօր առավոտյան, եւ դրանցում այժմ ներգրավված են ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարար ծառայության աշխատակիցները, որոնք մասնագիտացված են նման դեպքերում արձագանքելու, ինչպես նաեւ սովորական հրշեջ փրկարարները: Իսկ աշխատանքները կշարունակվեն մինչեւ վերջին մարդուն գտնելը:
Խոսնակը նշեց, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մարդկային ուժի եւ տեխնիկայի պակաս չի եղել ու հիմա էլ չկա: Իսկ աշխատանքներն այս գիշեր դադարեցվել են, որովհետեւ այն հատվածում, որտեղ պետք է որ գտնվի ենթադրյալ անհետ կորած քաղաքացին, մութ ժամանակ աշխատելն այնքան էլ անվտանգ չէ:
Պայթյունի առաջին օրը ԱԻ նախարարը հայտարարեց, թե 90 տոկոսով բացառում է ահաբեկչությունը, իսկ ավելի ուշ նույն վարկածը հնչեցրեցին նաեւ այլ ու ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, դա մեկնաբանելով, թե տեսանյութում սկզբից ծուխ է երեւում, ինչը հուշում է, որ սկզբում հրդեհ է բռնկվել եւ պայթյունը հաջորդել է դրան: Հարցին, թե բացառվո՞ւմ է, որ ահաբեկչությունը հենց տարածքը հրդեհելը լինի, որին հետեւել է պայթյունը, Հայկ Կոստանյանը հակադարձեց. «Այդ հարցին ես չպատասխանեմ, որովհետեւ այն ամբողջական ինֆորմացիան, որը պետք է դեռ հավաքագրվի, դեռ պետք է փաստական հանգամանքները ստուգվեն եւ ապացուցելի դառնա, կարծում եմ այդ մասով իրավապահ մարմինները կարող են պատասխանել»:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչ հիմքով է նախարարը խոսել ահաբեկչության վարկածը գրեթե բացառելու մասին, նա ասաց, որ գուցե նախարարը իրավապահ մարմինների կողմից ունի որոշակի ինֆորմացիա, որը իրեն առիթ է տվել նման մեկնաբանություններ անելու:
Aravot.am-ի հարցին, թե նախարարությունում հրաժարականներ սպասվո՞ւմ են, խոսնակը պատասխանեց բացասական՝ հիմնավորելով, որ իր համեստ կարծիքով նախարարությունը լավ է աշխատել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ