Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ հանցավոր համաձայնություն, երբ շատերն իրար առաջին անգամ դատարանի դահլիճում են տեսել»․ զինված խմբի գործով ամբաստանյալ

Օգոստոս 18,2022 20:02

7 տարի տևած դատավարությունից հետո Նորքի զինված խմբի անունը ստացած գործով դատախազը Վաչե Ղազարյանը հանդես է եկել մեղադրական ճառով՝ 16 տարի ազատազրկում պահանջելով Արթուր Վարդանյանի համար, 13 տարվա՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի, Հայ Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանի և ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի համար, 10 տարի էլ՝ մյուս մասնակիցների։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանի գլխավորած և ԱԱԾ-ի կողմից  2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը:

Այս գործով ամբաստանյալներից մեկը՝ Գևորգ Ջնդոյանը, որի համար դատախազը պահանջել է 10 տարվա պատիժ, և որը մոտ 3 տարի կալանավորված էր,  գտնվում էր ԱԱԾ-ի մեկուսարանում՝ Երևան- Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Դատախազի պատժաչափերն անտրամաբանական են, որովհետև մեղքը հիմնավորող լուրջ ապացույցներ չկան։ Մեր վրա երեք տարբեր հոդվածներ են դրվածը՝ մեկը «իշխանության բռնազավթման» նախապատրաստությունն է, որը 10-15 տարվա պատիժ է սահմանում, բայց դատախազն այդ հոդվածով ընդամենը մեկ տարվա պատիժ է ուզում։ Երկրորդը՝ «զենք, զինամթերքի» հոդվածն է, որի համար նախատեսվում է 4-8 տարվա պատիժ, բայց այդ հոդվածով ևս մեկ տարվա պատիժ է պահանջում, ամենաշատ պատիժը՝ 8 տարի պահանջում է «հանցավոր համաձայնության» համար։ Կոնկրետ իմ դեպքում պատժի հանրագումարը ստացվում է 10 տարի։

Ես համաձայն չեմ դատախազի պատժաչափի հետ, նախ որևէ ձևով չի ապացուցվել հանցավոր համաձայնությունը։Գործով ձեռք բերված ամենամեծ ապացույցները ձայնագրություններն են, իսկ ձայնագրություններում լիքը հակասություններ՝ կոնֆլիկտներ կան խմբի անդամների միջև։ Այսինքն՝ դա լրիվ բավարար էր, որ «հանցավոր համաձայնություն» հոդվածը մեր վրա չդրվեր, որովհետև հանցավոր համաձայնության բացատրությունը որ ընթերցում ես, սահմանում է, որ խմբի բոլոր անդամները գործում են միակամ, ընհանուր համաձայնությամբ և նրանց միջև հակասություններ չպետք է լինեն։ Ու այդ հակասություններից ոչ մեկին ուշադրություն չի դարձվել։

Ուրիշ հանգամանք ևս՝ խմբի շատ անդամներ միմյանց չեն ճանաչել, առաջին անգամ իրար տեսել են դատարանի դահլիճում։ Մեկը ես Վահան Շիրխանյանին առաջին անգամ տեսել եմ դատարանի դահլիճում, ազատամարտիկներից շատերին տեսել եմ դատարանի դահլիճում։ Այսինքն՝ խումբ՝ որպես այդպիսին, երբ որ որակավորում են, չկա: Խմբի անդամներն իրոք իրար չեն ճանաչում, և որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ ճանաչել են իրար։ Այսինքն՝ հանդիպում, որին ներկա եմ եղել ես ու Վահան Շիրխանյանը, չկա նման բան, չկա ապացույց, բայց իրենք շարունակում են պնդել, որ կա խումբ՝ հաշվի չառնելով այն լուրջ ապացույցները, որ նախաքննության ընթացքում ձեռք է բերվել։

Դա մեկ, երկրորդը՝ լիքը անդամների նկատմամբ նախաքննական մարմինը գործադրել է ճնշումներ՝ և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական։ Այդ ճնշումները լրիվ բավարար էին, որ իրենք այդ գործն արժանահավատ չհամարեին․ փաստերը, ինչ-որ ներկայացվել են, ձեռք են բերվել ապօրինի եղանակով։

Անտոն Թոթոնջյանը ևս իր հանդեպ եղած ճնշումների մասին խոսեց, բարձրաձայնեց, նույնիսկ կա տեսաձայնագրություն, երբ քննիչն ակնհայտ ճնշում է գործադրում նրա նկատմամբ՝ քննչական գործողություններ իրականացնելիս։ Դատարանում այդ կադրերը վերծանվեցին։ Անտոն Թոթոնջյանը բառացիորեն ասում է քննիչին՝ ինչ-որ ուզում ես, կգրեմ, թող գնամ։Փաստորեն դրան ուշադրություն չեն դարձնում։

Իմ պարագայում ձերբակալության ժամանակ ֆիզիկական  բռնություն է եղել, ձեռնաշղթաները, որ գցել էին ձեռքերիս, այնքան էին սեղմել, որ երկաթների մի մասը մտել էր ձեռքերիս մեջ, բթամատիս հետ կապված խնդիրներ էին առաջացել, նյարդային հանգույց էին վնասել։

Այդ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ինձ մոտ դիտորդ էին ուղարկել, ես նրանց ներկայացրեցի։ Դիտորդների միջնորդությամբ ինձ մոտ ուղարկեցին դատաբժիշկ։ Վերջինս բոլոր փաստաթղթղերով արձանագրեց, որ կա այդ վնասվածքը, ու  դա եղել է ձեռնաշղթաների հետևանքով։ Փաստաթուղթը  գործի միջից անհետացավ։ Այնքան կոպիտ խախտումներ են արել, բայց ամեն դեպքում որոշեցին, որ հանցավոր համաձայնություն կոչված մեղադրանքը մեզ պիտի առաջադրվի։  Բոլորս սպասում էինք, որ գոնե դա պիտի մեր վրայից դուրս գա, բայց մնաց»։

Գևորգ Ջնդոյանի ասելով ՝դատական նիստերը տևել են 7 տարի՝ կապված դատավորի փոփոխության, կորոնավիրուսի, պատերազմի հետ։ Այս գործով անցնող ամբաստանյալների 60-70 տոկոսը գնացել է պատերազմ, նրանք ազատամարտիկներն են։

Ըստ մեր զրուցակցի՝ 7 տարին ահռելի մեծ ժամանակ է գործի դատաքննության համար, այս ընթացքում Վահան Շիրխանյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ԱԱԾ մեկուսարանում գտնվելու ժամանակ իրեն խոշտանգումների ենթարկելու ու պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու համար։ ՄԻԵԴ-ը բավարարել է Վահան Շիրխանյանի գանգատ-բողոքը․ խոշտանգումների փաստն ապացուցված է համարել ու որոշել, որ ՀՀ-ն մոտ 12 հազար եվրոյի չափ վնասի փոխհատուցում պիտի տա նրան։ Ըստ Գևորգ Ջնդոյանի, պատժաչափ պահանջելիս՝ այս փաստը ևս անտեսվել է։

Գևորգ Ջնդոյանն ասում է, որ իր կալանքի առաջին տարին սարսափելի պայմաններում է անցկացրել․ ո՛չ մի հեռախոսազանգ չեն տրամադրել, ո՛չ մի տեսակցություն  թույլ չեն տվել հարազատների հետ, նույնիսկ արգելել են նամակագրությունը։ «Հոգեբանական ճնշումներ էին գործադրում, սպառնում ընտանիքի անդամների անվտանգությամբ, մենք այս մասին բարձրաձայնել ենք դատարանում, բայց ոչ մի ուշադրություն չդարձրեց դատախազը։ Մենք ակնկալում էինք, որ գոնե մի քանի հոգի, ովքեր կազմակերպել էին այդ ճնշումներն ու խոշտանգումները, պատասխանատվության ենթարկվեն, բայց ոչ մեկին չենթարկեցին»,- ասում է մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031