«Շատ կարեւոր է, որ այդ հանրահավաքի հրավերին միացել են բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Իմ ներքին ձայնը հուշում է, որ հանգուցալուծումը մոտ է։ Եթե այս ընթացքը մի քիչ էլ շարունակվի, Արցախում եւ ՀՀ սահմաններին առկա խնդիրները հետո կտեսնենք Երեւանի կենտրոնում։ Իրավիճակի լուծման մի ճանապարհ կա՝ թուրք-ադրբեջանական գործակալներից եւ նրանց ծրագրերից պետք է ազատվել, այլապես կարճ ժամանակում ՀՀ-ն կդառնա թուրքական վիլայեթ եւ ավելի ծանր վիճակում կհայտնվի, քան վրացական Աջարիան»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի հանրապետական կուսակցության» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի՝ օգոստոսի 23-ին վարչապետի հրաժարականի պահանջով հրավիրելիք հանրահավաքին։
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ դիմադրության շարժմանը չհաջողվեց ապահովել հանրային այնպիսի համախմբում, որպեսզի հնարավոր լիներ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եւ ո՞րն է երաշխիքը, որ օգոստոսի 23-ին կլինի այդ համախմբումը։ Գագիկ Մինասյանը պատասխանեց․ «Եթե գունավոր հեղափոխությունների ընթացքն ուսումնասիրեք, կեզրակացնեք, որ այդ հեղափոխությունների հետեւանքով «թունավորված» ժողովուրդներն ուշ են վերականգնվում։ Բայց մեր ժողովրդի ապաքինումն ավելի արագ է տեւում՝ համեմատած այլ երկրների հետ։ «Թույնը» տեւական ժամանակ դեռ դուրս է գալու, որովհետեւ հաջողվել է հանրությանը «թունավորել» խաբեություններով ու մանիպուլյացիաներով։ Իսկ երաշխիքը բոլորիս՝ այնտեղ լինելն է այդ օրը»։
Հարցին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի՞ օգոստոսի 23-ի հանրահավաքին, Գագիկ Մինասյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ երրորդ նախագահի ներկայությունը կտեսնեք առնվազն այն ՀՀԿ-ականների մասնակցությամբ, որն այդ օրը կլինի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ