«Կառավարության նիստում այսօր վարչապետի արած հայտարարությունները որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Խոսելով «Սուրմալու»-ի ողբերգության մասին՝ ասաց, թե դեռեւս 2020թ․ օգոստոսին ինքը հանձնարարել է Բեյրութի պայթյունից հետո ուսումնասիրել, թե ՀՀ-ում ինչ ձեռնարկություններ կան, որոնք մեծ քանակի պայթուցիկ նյութեր են պահեստավորել։ Հետո էլ ասում է, թե չի հիշում՝ իր այդ հանձնարարականը ժամկետ ունե՞ր, թե՞ անժամկետ էր»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի հանրապետական կուսակցության» գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում այսօր Նիկոլ Փաշինյանի՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում եղած պայթյունի վերաբերյալ հայտարարություններին։
Գագիկ Մինասյանը նշեց․ «Խայտառակություն է, երբ կառավարության ղեկավարը կառավարության նիստում չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Սա նշանակում է, որ ինքն արդեն քանդել է այս պետությունը։ Չկա ինստիտուտ, պետականություն։ Ու որեւէ մեկը չասաց՝ այ մարդ, այս ի՞նչ ես ասում, հո գեղի կլո՞ւբ չի գործադիրի նիստը։ Այնքան չունի հարգանք կառավարության եւ ժողովրդի հանդեպ, որ շարունակում է քանդել պետությունը։ Ի՞նչ է նշանակում, որ ուզում է պարզել հանձնարարականի ժամկետը, անգամ դա չգիտի։ Չգիտի, որ այս պետությունը պետություն է եղել նաեւ մինչեւ 2018թ-ը, որ վարչապետի որոշումներին հետեւող կառույց կա։ Պետությունը հասել է այն վիճակին, որ վարչապետն այսպես է խոսում իր հանձնարարականի մասին»։
Նման դեպքերը, Գագիկ Մինասյանի համոզմամբ, չպետք է անպատասխան մնան․ «Սա նշանակում է, որ իսկապես քանդված են բոլոր պետական կառույցները, եւ այն, ինչ կատարվում է գործադիրի շենքում, կատարվում է նաեւ անվտանգությունում եւ առողջապահությունում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ