«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական պետական սահմանին 3 անցակետեր ստեղծել։
Առաջին անցակետը Սոթք-ի հատվածում է և ենթադրաբար կապելու է դեպի Վարդենիս գնացող M11 ճանապարհը հայկական կողմի ջանքերով կառուցված Սոթք-Քարվաճառ ճանապարհի հետ, որն, իր հերթին, Ադրբեջանը թունելներով և նոր ճանապարհներով փորձում է կապել Գանձակի և Ադրբեջանի հյուսիս-արևմտյան այլ շրջանների հետ։
Երկրորդ անցակետը Արարատի մարզում՝ Նախիջևանի սահմանին է՝ Երասխ-Սադարակ հատվածում:
Կարդացեք նաև
Երրորդ անցակետը Քարահունջ-«Էյվազլի» հատվածում է։ Սա այն հատվածն է, որը Ադրբեջանը օկուպացրել էր դեռ նախորդ տարի՝ կտրելով Գորիս-Կապան ճանապարհը և տեղադրելով անցակետ։ Ուշագրավ է, որ Ադրբեջանը նաև կառուցում է «Էյվազլի»-Սանասար և Խոդաֆերին-Սանասար-Լաչին ճանապարհները, որը իր հերթին միանալու է Հորադիզ-ՀՀ սահման ճանապարհին։
Այսպիսով` ուրվագծվում է երկու ուղղություն, որոնցով իրականացվելու է Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։
■Քարվաճառ-Սոթք-Վարդենիս-Մարտունի-Գետափ-Երասխ-Նախիջևան, որը հետագայում կմիանա Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջաններին
■Հորադիզ-Խոդաֆերին-Սանասար-«Էյվազլի»-Քարահունջ-Գորիս-Երասխ-Նախիջևան, որը հետագայում կարող է միանալ Սիսիանից դեպի Անգեղկոթ և Բջնակ տանող ճանապարհին
Այսինքն, այս նախագծով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ է ստանալու իր համար բավականին ձեռնտու երկու ուղղություններով՝ ամենակարճ ճանապարհով Գանձակը կապելով Նախիջևանի հետ Հյուսիսից, իսկ հարավային շրջանները՝ Սյունիքի հատվածից։
Ուշագրավ է, որ ոչինչ նշված չէ հարավում՝ Մեղրիի հատվածում անցակետի ստեղծման, ինչպես նաև հյուսիսում՝ Տավուշի մարզում անցակետ տեղադրելու վերաբերյալ, որոնք այն հատվածներն են, որտեղ ենթադրաբար կարող է բացվել երկաթուղային հաղորդակցությունը։ Սրանից կարող ենք ենթադրել, որ առաջնահերթություն է տրվում ավտոմոբիլային ճանապարհների շահագործմանը, այլ ոչ թե երկաթուղիների։
Այսինքն, ընտրված տեղանքներից պարզ է դառնում, որ այս նախագիծը պետք է դիտարկել ոչ թե ընդհանուր կումունիկացիաների ապաշրջափակման, այլ Ադրբեջանին հարմար «միջանցքներ» տրամադրելու տեսանկյունից, որովհետև ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն ռուս սահմանապահները։
Հատկանշական է նաև, որ ադրբեջանցիները փաստացի անցնելու են այն տարածքներով, որոնց նկատմամբ ամենից շատ են հավակնություններ ներկայացնում՝ մի կողմից Վարդենիսի շրջանով, մյուս կողմից՝ Սյունիքի մարզով։ Ակնհայտ է, որ այս ուղղություններով ադրբեջանցիների տարանցումը լի է տարատեսակ սպառնալիքներով, իսկ տարանցման անվտանգության հետ կապված ցանկացած պատրվակ կամ սադրանք Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանի դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու նպատակով։
Միաժամանակ անհասկանալի է, թե այս անցակետերի շահագործումը ինչ հնարավորություն է տալու Հայաստանին՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը բարելավելու տեսանկյունից։ Արդյոք հայկական բեռներն ու ուղևորները Սոթք-Քարվաճառ-Բաքու ճանապարհով են մեկնելու դեպի ՌԴ, թե՞ Քարահունջ-«Էյվազլի» ճանապարհով՝ դեպի Իրան։ Եթե այդպես է, ապա առաջին դեպքում գործ ունենք անլուծելի թվացող անվտանգային ռիսկերի հետ, երկրորդ դեպքում, ըստ էության, ստացվում է, որ Ադրբեջանին դեպի Նախիջևան տարանցման երթուղու փոխարեն ուղղակի թույլտվություն ենք ստանալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից, որը նախորդ տարի հանձնվեց Ադրբեջանին։