ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը
«Քարահունջ» հայագիտական կենտրոնը ստորագրահավաք է սկսել Պարիս Հերունու ռադիո-օպտիկական դիտակի (ՌՕԴ֊54/2.6) հետագա ճակատագրի, դրա վերազինման և շահագործման, գիտական նպատակներին ծառայեցնելու համար։
ԱՀԱԶԱՆԳ
Վերջերս մեծ վրդովմունքով տեղեկացանք, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-յանը պատկանող ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիո-օպտիկական դիտակը (ՌՕԴ֊54/2.6) և հարակից տարածքը, մի քանի տարով վարձակալության է տվել «Արմատ» ՀԿ-ին (վերջինիս տեղեկացմամբ), և, որ այստեղ արդեն իսկ սեպտեմբերի 10-12-ին կկայանա էլեկտրոնային երաժշտության փառատոն, և կկազմակերպվի քեմփինգ: Այնտեղ հիմա ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում՝ կառուցվում է մի քանի բեմ։
Նշենք, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որին պատկանում է գործիքը, վերջին 10 տարիներին էտալոնային համալիրների պահպանման և զարգացման համար պետությունից ստանալով տարեկան 45 մլն դրամ, չի կատարել պահպանման իր ֆունկցիան, քանի որ կառավարման շենքը և հարակից կառույցները թալանվել են, այդ թվում՝ անհայտացել է աշխարհում եզակի էտալոնային համակարգը:
Կարդացեք նաև
Որ Հերունու աստղադիտակը ենթակա է վերազինման և շահագործման, փաստել են մի շարք արտասահմանյան էքսպերտներ, սակայն «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն և էկոնոմիկայի նախարարությունը, ում ենթակայության տակ է գտնվում ընկերությունը, խոչընդոտում են այդ գործընթացին և ինչ-ինչ պատճառով շահագրգռված չեն, որ այն աշխատի իր գործառույթների շրջանակում: Հակառակը, տարիներ շարունակ աստղադիտակը՝ որպես երաժշտական խմբերի հարթակ, տեսահոլովակների նկարահանման վայր, անվաչմուշկներով սահելու տարածք, տրամադրվում է ամենատարբեր կազմակերպություններին և այդ ամենը ալյումինից ստացած հայելային մակերեսի վրա, որի սալիկները հարթեցված և համակարգված են միկրոնների ճշտությամբ:
2020թ. Եվրոպական հետազոտական կոնսորցիումի ռադիոինտերֆերոմետրիայի ինստիտուտի (VLBI ERIC (JIVE)) կողմից իրականացվել է ՌՕԴ֊54/2.6 դիտակի ներկայիս տեխնիկական վիճակի, դրա վերականգնման և հետագա կիրառելիության վերաբերյալ հիմնական գիտատեխնիկական փորձաքննություն։ Այդ փորձաքննությանը մասնակցել են աշխարհի տարբեր ռադիոաստղադիտարանների փորձառու գիտնականներ Գերմանիայից, Ավստրալիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից, Հայաստանից: Նրանք տվել են ճշգրիտ մասնագիտական եզրակացություն դիտակի գործածության, պիտանելիության, վերագործարկման հնարավորությունների մասին:
Մասնագետները նշել են, որ Հերունու ռադիոօպտիկական դիտակը, ժամանակակից տեխնիկական պահանջներին համապատասխանեցնելու արդյունքում կգործի գիտակրթական ասպարեզում, համաշխարհային ռադիոաստղագիտության և հեռավոր տիեզերական կապի բնագավառներում, նաև կդառնա Եվրոպական ռադիոինտերֆերոմետրական ցանցի բաղադրիչ։
Նկատի ունենալով վերը նշվածը՝ մենք՝ հանրապետության մի խումբ գիտնականներ, մշակույթի գործիչներ, տարբեր կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ, հաշվի առնելով կառույցի հսկայական նյութական արժեքը, որը կարող է փոշիանալ նմանատիպ կազմակերպությունների բիրտ ու կոպիտ միջամտություններից, դեմ ենք, որպեսզի աստղադիտակի տարածքում կազմակերպվեն նման միջոցառումներ:
Ուստի պահանջում ենք՝
– չեղարկել սպասվող միջոցառումը, և, առհասարակ, արգելել նման միջոցառումների կազմակերպումը գիտության օբյեկտում,
– վերականգնել աստղադիտակը և ծառայեցնել գիտական ասպարեզի իր նպատակներին, ինչը շատ ավելի մեծ համբավ և եկամուտ կբերի Հայաստանի տնտեսությանը և կծառայի մեր հանրապետության պաշտպանության ոլորտում:
«Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ,
«Փրկենք Պարիս Հերունու աստղադիտակը» նախաձեռնության խումբ և քաղաքացիներ
Պարիս Հերունու աստղադիտակի ճակատագրով հետաքրքրվողները կարող են ստորագրել սույն նամակի տակ մեկնաբանություններում թողնելով անուն/ազգանուն և մասնագիտություն:
Առցանց ստորագրահավաքին կարող եք մասնակցել` անցնելով հղմամբ: