«Ավստրալիայի վարչապետը, երբ 14 տարեկան մի անչափահաս երեխա կորավ, ասաց՝ եթե այդ երեխային չգտնեք, ես հրաժարական եմ տալու: Արտակարգ իրավիճակների նախարարը, հենց «Սուրմալուի» պայթյունի լուրն առնելուն պես պիտի հրաժարական տար, ոչ թե հերոսական ասեր՝ վրես հալ չկա, կամ նիկոլահպատակ մամուլն ասեր՝ նա ծխահարվել է: Հետո՞ ինչ, ես էլ ծխահարվել էի, երբ Սիլիկյան թաղամասում երեք գիշեր իմ գործընկերների հետ հերթապահում էինք, երբ այնտեղ աղբ էին թափում: Ինձ էլ շտապօգնության մեքենայով տարան «Նաիրի» ԲԿ, որովհետեւ չէին զգուշացրել, որ առանց դիմակի չի կարելի լինել, երբ աղբն այրվում է: Բայց ինչ-որ ես չփորձեցի հերոսանալ, թե «Նաիրի» ԲԿ-ում եմ ու շատ դժվար եղավ ինձ հետ բերել: Սա ի՞նչ է՝ մարդիկ են մահացել՝ ծխահարվել ես: Դու ոչ թե պիտի ծխահարվես, այլ պիտի հրաժարական տաս՝ Փրկարար ծառայության պետով, բոլորով»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա անդրադարձավ «Սուրմալուի» պայթյունի պատճառներին ու շրջանառվող վարկածներին. «Մամուլում շրջանառվեց գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը: Ես չեմ խախտելու նրա անմեղության կանխավարկածը, ոչ էլ որեւէ գործարարի, ընդամենը ասելու եմ՝ «Սուրմալու» տարածքը ով վերցրեց՝ բարձրահարկ շենք կառուցելու, հերթական «մոլ» կառուցելու համար, որովհետեւ այն գտնվում է կենտրոնում, 1քմ-ի գինն անգամ մի քանի հազար անգամ ավելի թանկ է, քան 10 մետր այն կողմ գտնվող, բայց Էրեբունի համայնքի մեջ մտնող «Փեթակ» առեւտրի կենտրոնի տարածքը ու որ գործարարը վերցրեց այդ տարածքը, ուրեմն նա ուղղակիորեն բարոյական պատասխանատվություն է կրում այս ամենի համար: Գոնե բարոյականություն ունեցեք, այնտեղ եղել են մահեր, մահվան վրա ձեր մոլերը, ձեր խրախճանքի եւ զվարճանքի օբյեկտները չկառուցելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ