Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 757,935 հազար դրամ հատկացնել Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գումարը հատկացվում է 15 բնակավայրերի 15 ծրագրերի համաֆինանսավորման համար: Նախարարը նշել է նաև, որ տարեցտարի ավելանում են հայտերի քանակը. 2022 թ. հաստատվել է 363 հայտ՝ 74 մլրդ դրամ արժեքով, իսկ 2023 թ. –ի համար արդեն 446 հայտ՝ 111 մլրդ դրամի չափով:
Վարչապետը ներկայացրել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: Մասնավորապես, Արագածոտնի մարզում իրականացվել են Կարմրաշեն համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի աշխատանքներ, Արարատի մարզում՝ Մասիսի քաղաքի նախկին մարզադպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, քաղաքային կենտրոնական գրադարանների մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքներ, հիմնանորոգվել են Մասիս քաղաքի նախկին մարզադպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, քաղաքային կենտրոնական գրադարանների մասնաշենքերը և ապահովել են ջեռուցման համակարգով, գազիֆիկացվել է Ռանչպար համայնքը և այլն: Արմավիրի մարզում ասֆալտապատվել է Դալարիկ համայնքի Կոմիտասի փողոցը, Զարթոնք համայնքում կառուցվել է նոր երկհարկանի մանկապարտեզ՝ 140-150 երեխաների համար: Գեղարքունիքի մարզում իրականացվել են՝ Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի կապիտալ վերանորոգում, Նորակերտ համայնքի խմելու ջրի ջրագծի 2000 մ հատվածի վերանորոգում, Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում և այլն: Լոռու մարզում իրականացվել է Շնող համայնքի Շնող բնակավայրի 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ փողոցների ջրաֆիկացում, կառուցվել է ջրամբար և պոմպակայան: Շիրակի մարզում Աշոցք բազմաբնակավայր համայնքի կարիքները հոգալու համար ձեռք է բերել ավտոաշտարակ: Սյունիքի մարզի Գորայք համայնքի մեքենատրակտորային պարկն է համալրվել, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել հողը վարող/հերկող անվավոր տրակտոր, ազոտային գութան, ձյունամաքրող սարքեր, սերմնացան մեքենա: Տավուշի մարզի Բերդ և Արծվաբերդ բնակավայրերում հիմնովին վերանորոգվում և սալիկապատվում են ներհամայնքային ճանապարհները:
Անդրադառնալով իրականացվող աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ համատեքստում ոչ միայն շինարարության գնի, այլև շահագործման ժամկետի հաշվարկ ունենալու անհրաժեշտությունը: «Ե՛վ պետական, և՛ սուբվենցիոն ծրագրերով իրականացնում ենք մի շարք բարեկարգման աշխատանքներ, որտեղ օգտագործվում են մասնավորապես բետոնե սալիկներ: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բետոնե սալիկների օգտագործումը խնդրահարույց է, դրանք շատ արագ են շարքից դուրս գալիս: Ես հանձնարարել եմ, որպեսզի մենք լրջորեն դիտարկենք հնարավորինս ավելի ու ավելի մեծ ծավալներով քարի օգտագործումն այդ ծրագրերի համար: Իհարկե, հասկանում ենք, որ այստեղ գնային որոշակի ավելացումներ կունենանք, սակայն Քաղաքաշինության կոմիտեի եզրակացության համաձայն՝ քարով արված աշխատանքն առնվազն երեք անգամ ավելի երկար կծառայի: Քաղաքաշինության կոմիտեին հանձնարարել եմ, որպեսզի մենք հաշվարկ ունենանք ոչ միայն շինարարության գնի, այլև` շահագործման ժամկետի»,-ասել է վարչապետը:
Կարդացեք նաև
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ հարկային եկամուտների նախատեսած պլանն էականորեն գերակատարվում է՝ մոտավորապես 70 մլրդ դրամի չափով. «Բայց մյուս կողմից էլ այդ գումարները արդյունավետ ծախսելու, կապիտալ ծրագրեր իրականացնելու խնդիր ունենք»:
1 մլրդ 45 մլն դրամ կհատկացվի Տաթև-Աղվանի ճանապարհի շինաշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների համար
Տաթև-Աղվանի ճանապարհի թողունակությունը բարձրացնելու և այդ ճանապարհով բեռների անխափան փոխադրումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 1,045,727,345 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 1,035,227,345 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 10,500,000 ՀՀ դրամ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը սկսվել էր դեռ 2020 թվականի պատերազմից առաջ, և նախատեսված չէր նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար։ «Տարբեր հարցեր ի հայտ եկան շինարարության ընթացքում առաջացած խնդիրների կամ թերությունների պատճառով: Հիմա խնդիրները շտկված են, և պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարական ընկերության հետ, որպեսզի ևս մեկ՝ երրորդ շերտ, ասֆալտապատվի»,- նշել է նախարարը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի գարնանը ճանապարհին արդեն փոսեր էին առաջացել, սակայն պատճառը գիտեն` ճանապարհը միջհամայնքային էր, սակայն այն կիրառվել է նաև որպես այլընտրանք Գորիս–Կապան ճանապարհի հատվածի: «Մենք նաև Տաթևի ոլորանները շրջանցող՝ Տաթև-Լծեն-Շամբ-Նորավան ճանապարհի շինարարությունն ենք իրականացնում: Այդտեղ պետք է շատ հետևողական և սկզբունքային լինենք, որպեսզի աշխատանքները նախատեսված ժամանակին և որակով իրականացվեն, և նոյեմբերին, ինչպես նախատեսված է, ճանապարհը շահագործման հանձնվի»,-ասել է վարչապետը:
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման պահանջով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Արդյունքում կվերակառուցվի Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի խնդրահարույց հատվածը շրջանցող Որոտան-Խոտ ավտոճանապարհը, ինչպես նաև ֆինանսական միջոցներ կնախատեսվեն այդ ճանապարհահատվածի վերակառուցման համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման շինարարական աշխատանքները ձեռք բերել «Ճանապարհ» ՍՊԸ-ից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել այդ ծառայության իրականացման համար նվազագույն գին առաջարկած «Մոդուլ» ՍՊԸ-ից: Մասնավորապես, նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման նպատակով 2022 թ. շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռք բերման համար հատկացնել 2,294,364,634 ՀՀ դրամ, որից՝ 2,259,074,648 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, տեխնիկական հսկողության համար՝ 21,129,427 ՀՀ դրամ և հեղինակային հսկողության համար՝ 14,160,559 ՀՀ դրամ։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 3-ի շրջանակում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի նախագծային փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև շինարարության ընթացում ի հայտ եկած նոր ազդակիր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ վերակառուցվող ճանապարհահատվածի նախնական նախագծի համաձայն՝ ճանապարհահատվածն անցնում էր Շիրակի մարզի Բենիամին համայնքում առկա հնագիտական վայրի տարածքով, որի վրա ազդեցություններից խուսափելու նպատակով վերակառուցվող ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ: Դրա համաձայն՝ տեղափոխվել է տվյալ հատվածում նախատեսված տրանսպորտային հանգույցի վայրը, ինչի արդյունքում փոփոխվել է վերակառուցվող ճանապարհահատվածի օտարման գոտին։ Օտարման գոտու հատվածում ընդգրկվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում գտնվող թվով 76 միավոր հողամասեր որոշ հատվածներ՝ առանց որոնց օտարման հնարավոր չէ ծրագրի իրագործումը։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է հանրության գերակա շահ ճանաչել Ախուրյան համայնքի Բենիամին, Լանջիկ, Հայրենյաց, Ձորակապ, Ազատան բնակավայրերում գտնվող վերակառուցող ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ընդհանուրը 88 միավոր հողամասեր: Վերոհիշյալ հողամասերի օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2023 թ. ապրիլի 30- ը:
Օրենսդրական նախաձեռնություններ. կխստացվեն Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները
Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև կիրառել լրացուցիչ վարչական տույժ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, օրենսդրական այս փաթեթով խստացվում են Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները: «Առևտրի և ծառայության մասին օրենքով սահմանած է, թե փողոցում և բացօթյա հատվածներում ինչ տեսակի և որտեղ կարելի է առևտուր իրականացնել։ Երևանը և այլ համայնքներ բախվում են այս խնդրին, և փողոցային առևտուրն անընդհատ առկա է։ Ինչքան էլ տույժեր կամ վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը չի կարգավորվում։ Նախագծի վրա հիմնականում քաղաքապետարանի մեր գործընկերներն են աշխատել և առաջարկել են, որ ոչ միայն նրանք կարողանան վարչական տուգանք կիրառել, այլ նաև այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերեն, աշխատակիցներն իրավունք կունենան բռնագրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել»,-ասել է նախարարը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ այսօր առկա գործիքակազմը բավարար չէ վարչական իրավախախտումներով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար: «Շատ դեպքերում այդ տուգանքները չենք կարողանում գանձել քաղաքացիներից, 90 տոկոս դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում, և գնում ու սնանկ են դառնում։ Խնդրի լուծումը մենք տեսնում ենք հետևյալ կերպ՝ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում կարողանանք բռնագրավել այն միջոցները, որոնք օգտագործվում են ծառայություններ մատուցելու կամ առևտրի համար: Դրանով, կարծում ենք, այս խնդիրը վերջնականապես կկարողանանք լուծել։ Պարբերաբար մենք Երևանում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամենը նորից կրկնվում է»,- նշել է քաղաքապետը։
Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամենամեծ խնդիրը մեր երկրում ինստիտուտներ և ստանդարտներ սահմանելն է. «Պրոբլեմները մենք ունենում ենք այն ժամանակ, երբ աղետ կամ աղետի նման մի բան է լինում, հետո հետահայաց նայում, ասում ենք՝ ինչո՞ւ ենք այսքան տարի կոմպրոմիսների մեջ»:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պետք է վճռականություն ցուցաբերի և երկրում ստանդարտներ սահմանի: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումը միայն լիցենզավորված կազմակերպությունների կողմից իրականացնելը. «Այսինքն՝ ազատ վաճառքը պետք է արգելվի։ Մենք չենք ասում՝ երկրում հրավառություն չպիտի լինի, այդ թվում՝ մասնավոր առիթներով, բայց և՛ ներմուծումը, և՛ պահեստավորումը, և՛ անվտանգության ապահովումն ու օգտագործումը պետք է իրականացնեն լիցենզավորված կազմակերպությունները։ Նույնն էլ փողոցային այս առևտուրն է, արդեն 30 տարի մայրաքաղաքում քննարկվում է։ Պետք է սկզբունքային որոշումներ կայացնենք և առաջ գնանք»։
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար կձևավորվի հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր. Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունմամբ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար կձևավորվի հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր՝ իրականացվելիք գործողությունների հստակ հերթականությամբ և հնարավորինս պարզեցված պայմաններով՝ փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ: Քաղաքաշինական սուբյեկտների վարկանիշային դասակարգումը կսահմանի տվյալ սուբյեկտի քաղաքաշինական գործունեությունը՝ հաշվի առնելով դրա տեխնիկական հնարավորությունների, անձնակազմի մասնագետների փորձառությունը, կատարված աշխատանքները և այլ չափորոշիչներ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է յուրաքանչյուր քաղաքաշինական ոլորտի մասնագետների գործունեության, շարունակական որակավորմանն ուղղված հետևողական քայլերի ապահովմամբ (հետդիպլոմային մասնագիտական կրթության կարգ, հիմնական և նեղ մասնագիտությունների ցանկի հաստատում, շարունակական մասնագիտացման զարգացման կատարելագործման և լրացուցիչ մասնագիտացման անցկացման կարգ և պայմաններ, ուսումնական ծրագրեր, միջոցառումներ), լիցենզավորման գործընթացների հետագա կանոնակարգմամբ ու պարզեցմամբ, մասնագետների գրանցամատյանների ստեղծմամբ և վարմամբ կդյուրինացվի քաղաքաշինական սուբյեկտներում նրանց ներգրավման գործընթացը: Մասնավորապես, առաջարկվում է հստակ սահմանել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները:
Հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման, կամ առանց քանդման թույլտվության քանդման/ապամոնտաժման աշխատանքների կատարման նկատմամբ (պատվիրատուների և կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրումը:
Կապահովվի հանրային ծառայության համակարգում բարեվարքության, թափանցիկության ամրապնդումը և հանրային վստահության բարձրացումը. Կառավարությունը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծին: Ներկայացված նախագծերի փաթեթով ակնկալվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում, ինչի արդյունքում կապահովվի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների միասնականությունը և կբացառվի տարբեր օրենքներում տարաբնույթ կարգավորումների առկայությունը։ Միաժամանակ, ներկայացված նախագծերի ընդունման դեպքում կներդրվի նվերների հաշվառման ռեեստրի ինստիտուտը, որի հիմնական նպատակներից է պետական համակարգի մարմինների գործունեության թափանցիկության ապահովումը։ Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է նաև հստակեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված շահերի բախման և անհամատեղելիության պահանջների վերաբերյալ կարգավորումները։ Մասնավորապես, ակնկալվում է հստակեցնել շահերի բախման հասկացությունը՝ այն դարձնելով ավելի ընդգրկուն` ներառելով նաև պոտենցիալ շահերի բախման իրավիճակը: Ակնկալվում է ընդլայնել նաև փոխկապակցված անձանց շրջանակը, հստակեցնել շահերի բախման իրավիճակների կառավարման առկա մեխանիզմները, սահմանել շահերի բախման պահանջների պահպանման նպատակով կիրառվող պատասխանատվության մեխանիզմները և այլն: Բացի այդ, ակնկալվում է կարգավորել առևտրային ընկերությունների բաժնեմասերի/բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելու ընթացակարգը՝ այն դարձնելով առավել թափանցիկ և կառավարելի։Նշված փոփոխությունների արդյունքում կապահովվի հանրային ծառայության համակարգում բարեվարքության, թափանցիկության ամրապնդումը և հանրային վստահության բարձրացումը:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարևոր պահանջ հիմք ընդունել իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձի տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հանգամանքը, ինչպիսի հիմնավորմամբ հնարավոր կլինի մերժել վկայականի տրամադրումը կամ արդեն իսկ տրամադրված իրավունքի պարագայում՝ դրա դադարեցումը: Նախագծով հստակ նախատեսվել է նաև օրենքի իմաստով «տնտեսվարողի վատ հեղինակություն» ունեցող անձանց շրջանակը:
Կառավարությունը հաստատել է Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիրը. ակնկալվում է մեծացնել գործազուրկի աշխատանքի տեղավորման հնարավորությունները
Գործադիրը հաստատել է Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիրը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրում ընդգրկել այն գործատուին, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, մինչև սույն ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել է առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել է առնվազն 10 վարձու աշխատող, և նրա կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս: Գործատուների նկատմամբ նշված պահանջները սահմանվել են ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի մոտ 02.07.2022-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործազուրկ անձանց համար հնարավոր լինի միջոցառման միջոցով ապահովել աշխատատեղ առնվազն փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների մոտ ու հնարավորինս նվազեցնել գործատուի կողմից անձին աշխատանքից ազատելու և սույն միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորելու ռիսկը։ Առաջարկվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված և վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող՝ 35 տարեկանից բաձր տարիքի յուրաքանչյուր գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 250 000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350 000 դրամի չափով միանվագ փոխհատուցում տրամադրել այն գործատուին, որն առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում գործազուրկի հետ, ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով։ Գործատուն ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու նպատակով պետք է ներկայացնի առցանց դիմում և կարող է ստանալ պետական աջակցություն միայն այն դեպքում, երբ կհաստատվի, որ աշխատանքի ընդունվող անձը համապատասխանում է ծրագրով նախատեսված չափանիշներին։ Ծրագրի շրջանակում գործատուն նպաստառու գործազուրկի հետ սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում կարող է կնքել աշխատանքային պայմանագիր մինչև 8 ամիս տևողությամբ։ Միանվագ փոխհատուցումը տրամադրվում է գործատուին ծրագրի 4-րդ կետով սահմանված ժամկետներում ( 12 ամիս կամ սեզոնային աշխատանքի դեպքում գումարային 12 ամիս՝ յուրաքանչյուր տարի 8 ամսից ոչ ավելի) աշխատանքային հարաբերությունները պահպանելու դեպքում՝ նշված ժամկետների ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Արդյունքում՝ ակնկալվում է մեծացնել գործազուրկի (ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անդամի) աշխատանքի տեղավորման հնարավորությունները և նպաստել նրա ընտանիքի աղքատության հաղթահարմանը։
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Կառավարության որոշումներով «Մուլտի ֆուդ», «Դոլոմիտի», «Դիջիփրոփերթի» ընկերությունները կօգտվեն մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Մուլտի ֆուդ» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել վարդերի աճեցման գերժամանակակից ջերմատուն, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Ջերմատանը արտադրվելու է տարբեր տեսակի վարդեր, որի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։ 2016 թ. հիմնված ընկերությունն արտադրություն է իրականացվելու Գեղարքունիքի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 25 մլն դրամի կապիտալ ներդրում, նախատեսվում է իրականացնել ևս՝ 2.2 մլրդ դրամ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 79 մլն դրամ:
«Դոլոմիտի» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է 3 հա տարածքում կառուցել վարդերի աճեցման գերժամանակակից ջերմատուն։ 2022 թ. հիմնադրված ընկերությունն արտադրություն է իրականացվելու Արագածոտնի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 200 մլն դրամի կապիտալ ներդրում: Կիրականացնի ևս 2.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 150 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 60 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 75 մլն դրամ:
«Դիջիփրոփերթի» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Իսակովի 13/12 հասցեում կառուցել ՏՏ կենտրոնի նոր մասնաշենք, (ծրագրավորման համար անհրաժեշտ նորարարական ստուդիաներ, գրասենյակային ժամանակակից տարածքներ, նորարարական ինկուբատորներ ստարտափերի համար) որտեղ նախնական հաշվարկով կաշխատեն 1300-1500 աշխատակիցներ։ Ծրագրի շրջանակում ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 3 մլրդ ՀՀ դրամ՝ շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել 55 նոր աշխատատեղ՝ 377 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 73 մլն դրամ:
Միջազգային համագործակցություն. կհիմնադրվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն
Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով անդամ պետությունների արտահանման-վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում։ Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի խթանմանը, համատեղ համագործակցության նախագծերի և ներդրումների իրագործմանը, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը՝ ԵԱՏՄ ու երրորդ երկրներում ձեռնարկատիրական և (կամ) քաղաքական ռիսկերից արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրման ոլորտում գործունեություն իրականացնելու միջոցով։ Ընկերությունն իրականացնում է միջազգային ֆինանսատնտեսական համագործակցության, այդ թվում՝ մասնակից պետությունների արտահանման վարկային գործակալությունների, միջազգային ֆինանսական և բանկային կազմակերպությունների ու միությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեություն՝ նոր մասնակիցների համար դրան միանալու բաց սկզբունքի համաձայն։ Ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավունակություն և իր իրավասության շրջանակներում միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունք։ Ընկերության կանոնադրությամբ սահմանում են մի շարք գործառույթներ: Մասնավորապես, ընկերությունը կհամագործակցի մասնակից պետությունների և երրորդ երկրների արտահանման վարկային գործակալությունների, ապահովագրողների և վերաապահովագրողների հետ՝ արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրության ու ապահովման գործառույթների իրականացման նպատակով, մասնակից պետություններում ռիսկերի վերաապահովագրման դեպքում կաջակցի ռիսկերի գնահատման իրականացման, ռիսկերի նվազեցման և վնասների կարգավորման գործընթացին, կիրականացնի սեփական արժեթղթերի թողարկումը, տեղաբաշխումը, շրջանառությունը, մարումը և հետգնումը:
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ 14,415.0 հազար դրամ կհատկացվի Արտաքին գործերի նախարարությանը՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի անձնագիր ստանալու պետական տուրքը վճարելու համար: Ըստ հիմնավորման՝ 2022թ. 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 239 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Մասնավորապես, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (65 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (174 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը 16 տարին լրացած քաղաքացիներին կտրամադրվի 10 տարի ժամկետով, առանց նույնականացման քարտ ունենալու պահանջի՝ մինչև նոր բիոմետրիկ համակարգին վերջնական անցում կատարելը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ