Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանորդ. Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. «Ազատության» 

Օգոստոս 18,2022 16:20

Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

Բարձրաստիճան դիվանագետը ընդգծեց՝ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան և կողմերը ուղիղ կապի մեջ են՝ առանց մանրամասնելու խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է և կոնկրետ ում միջև։

«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ [2020թ. նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ», – նշեց Սելեզնյովը:

Այս ամսվա սկզբին՝ Արցախում վերսկսված մարտական գործողություններից հետո, Ստեփանակերտը հայտարարեց, թե ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ գործող ճանապարհի վրա ընկած համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին ասել էր, թե օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչև ամսվա վերջ լքել տները:

«Ինչպես գիտեք, տեղի է ունեցել գործող միջանցքի տեղափոխում դեպի հարավ և հարավային ուղղությամբ Արցախի տարածքում ճանապարհն արդեն պատրաստ է, Հայաստանի տարածքում էլ պատրաստ կլինի մյուս տարի, և ռուսական զորախումբը, միջանցքը տեղափոխվելու է դեպի հարավային ուղղությամբ, հետևաբար, այստեղ ռուսական զորախումբ օգոստոսի 25-ից չի լինելու, և անհրաժեշտություն է առաջացել, քաղպաշտպանության պլանների համաձայն, մարդկանց տեղափոխման հարցեր քննարկել», – ասել է Խանումյանը:

Ռուսաստանի փոխդեսպանը, մինչդեռ, այսօր պնդեց, թե ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը արդեն պատրաստ կլինի։

«Ռուսաստանցի խաղաղապահները նոր միջանցքը չեն զբաղեցնի, քանի դեռ այն չի գործարկվել, և այդ կապակցությամբ պայմանավորվածություններ կան։ Կողմերը ուղիղ կապի մեջ են, և ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը չկա», – ասաց Մաքսիմ Սելեզնյովը։

Հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս է ծագել օգոստոսի 25-ի վերջնաժամկետը, ո՞ւմ միջև են ձեռք բերվել պայմանավորվածությունները, և օգոստոսի 25-ից հետո, երբ, ըստ հայկական կողմի, կսկսի գործել այլընտրանքային, սակայն անավարտ ճանապարհը, արդյո՞ք կլինեն այնտեղ ռուս խաղաղապահներ։ «Ազատությունն» այս հարցերով այսօր դիմեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Այնտեղից ուղղորդեցին Արցախի Անվտանգության խորհուրդ, որտեղից ստացված պաշտոնական պատասխանը փաստացի հաստատում է՝ ռուս խաղաղապահները նոր ճանապարհի վրա կվերատեղակայվեն դրա «շինարարության ավարտից հետո»։

Պաշտոնական Երևանը մինչ այդ հայտարարել է, որ ճանապարհի սեփական հատվածը կավարտի ամիսներ անց միայն՝ հաջորդ տարվա մայիսին։

Շաբաթներ առաջ՝ այս հարցով առաջին և մինչ այժմ միակ հրապարակային ելույթում Հայաստանի վարչապետն ասել էր, որ անհրաժեշտ է եռակողմ ձևաչափով փաստաթուղթ ստորագրել թե՛ խաղաղապահների վերատեղակայման, թե՛ Ղարաբաղը սնուցող ենթակառուցվածքների վերաբերյալ։ Մինչ այժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Բաքուն համաձայնել է նման փաստաթուղթ ստորագրել։

Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել