Գործադիրն այսօր կառավարության նիստում հավանություն տվեց Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած օրենսդրական փաթեթին, որով կարգավորվում է փողոցային առեւտուրը։ Նախատեսվում է, որ չսահմանված վայրերում առեւտուր իրականացնելու դեպքում համայնքը լիազորություն է ստանում առգրավել եւ հետագայում դատական կարգով բռնագրավել այն ապրանքները, որոնք վաճառվում են կամ օգտագործվում ծառայություն մատուցելիս։
«Առավոտն» այս խնդրին անդրադարձել էր, ներկայացնելով Հանրապետության հրապարակում իրականացվող առեւտուրը եւ որոշ ծառայությունների մատուցումը։
Այսօր նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ այս նախագծին։ Մանրամասնեց, թե ինչ է սահմանվում․ «Կարգը հետեւյալն է՝ չսահմանված վայրերում առեւտուր իրականացնելու դեպքում Երեւան քաղաքի հասարակական կարգի պահպանության վարչությունը վերահսկողության դեպքում պետք է արձանագրի, որ չթույլատրված վայրում է առեւտուր իրականացնում, եւ քաղաքացին պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի, որից հետո այդ սնունդը կենդանիները, կամ այն միջոցները, որով ծառայություն են մատուցում, տեղում պետք է առգրավվեն՝ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից՝ ոստիկանների հետ համատեղ»։
Հարցին՝ թե ինչո՞ւ այս անգամ կստացվի պայքարը փողոցային առեւտրի դեմ՝ հաշվի առնելով, որ նախկինում էլ նման նախաձեռնություններ եղել են, սակայն արդյունք չի եղել, քաղաքապետը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ կստացվի, քանի որ ավելացել է այն բաղադրիչը, որ վաճառվող այդ ապրանքները բռնագանձվելու են։ Մինչ այս ստացվում էր այնպես, որ մենք պայմանական վարչական պատասխանատվության էինք ենթարկում, քաղաքացին այդ ապրանքները վերցնում էր, գնում էր, մեկ ժամ հետո վերադառնում էր նույն տեղը։ Երբ ապրանքները առգրավվենք, նորից հետ չեն գնալու»։
Կարդացեք նաև
Արդյոք Սահմանադրությանը չի՞ հակասում, որ առանց դատարանի որոշման քաղաքացու ապրանքը բռնագանձելու են, քաղաքապետն ի պատասխան այս հարցի ասաց, որ ապրանքը բռնագանձելուց հետո քաղաքապետարանը դիմելու է դատարան, բացառությամբ՝ սնունդի, որը ոչնչացնելու են։ Իսկ եթե սնունդը ոչնչացնելուց հետո պարզվի, որ վաճառողը խախտում չէր արել, ապա քաղաքապետարանը ֆինանսական փոխհատուցում կտրամադրի։
Առանց դատարանի որոշման՝ տվյալ քաղաքացու ապրանքը առգրավելով, քաղաքապետարանը նյութական վնաս է պատճառվում քաղաքացուն։ Այս դիտարկմանն ի պատասխան Հրաչյա Սարգսյանն ասաց․ «Եթե այդ տրամաբանությամբ գնանք՝ փողոցում սնունդ վաճառող այդ քաղաքացիները այլ քաղաքացիների անվտանգության վրա են ազդում։ Տուգանում ենք, էլի նույն խնդիրը լինում է։ Տուգանքի չափն ավելացնելով՝ խնդիրը չի լուծվում, քանի որ այդ քաղաքացիները իրենց անունով գույք չեն ունենում, տուգանքը չեն վճարում»։
Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նախագծի վերաբերյալ ասաց՝ որքան էլ տույժեր ու վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը չի կարգավորվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ամենամեծ խնդիրը մեր երկրում ինստիտուտներ եւ ստանդարտներ սահմանելն է. «Մենք խնդիրներ ունենում ենք այն ժամանակ, երբ աղետ կամ աղետի նման մի բան է լինում, հետո նայում, ասում ենք՝ բա ինչի՞ ենք մի քանի տարի կոմպրոմիսների մեջ»։
Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց՝ քաղցր բամբակ են փողոցում վաճառում, որը պատրաստում են փոքր գազի բալոններով, չգիտենք՝ ինչպիսի տեխնիկական ապահովվածություն կա։
Կառավարությունը, ինչպես ասաց Փաշինյանը, պետք է վճռականություն ցուցաբերի եւ երկրում ստանդարտներ սահմանի. «Մենք պետք է արձանագրենք՝ եթե մենք սկզբունքային այս գիծը շարունակենք, հազարավոր օբյեկտներ Հայաստանում ուղղակի պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը։ Այստեղ գալու է հարցը՝ բա էդքան մարդ ընտանիք է պահում եւ այլն, հետո ասում են՝ ահա այս բիզնեսը փակում են, որ վարչապետի հորեղբոր տղայի դասարանցին բիզնես դնի։ Ամեն անգամ ենք բախվում ենք այսպիսի իրավիճակի»։
Նրա խոսքով՝ հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը եւ օգտագործումը պետք է իրականացվի միայն լիցենզավորված կազմակերպությունների կողմից, ազատ վաճառքը պետք է արգելվի․ «Մենք չենք ասում՝ երկրում հրավառություն պիտի չլինի, այդ թվում՝ մասնավոր առիթներով։ Նույնն էլ փողոցային այս առեւտուրն է, արդեն 30 տարի մայրաքաղաքում քննարկվում է։ Պետք է սկզբունքային որոշումներ կայացվեն եւ գնալ առաջ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ