«Այս թեման արհեստական շրջանառվող թեմա է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներին, ըստ որոնց՝ բուհերում տասը հազարից ավելի թափուր տեղեր են մնացել։
Նախարարի խոսքով․ «ՀՀ այս տարվա շրջանավարտների թիվը կազմել է շուրջ 21 հազար, այս տարի բուհերում հայտարարագրված տեղերի քանակը կազմել է 23 հազարից մի քիչ ավելի, որից շուրջ 7 հազարը հայտարարագրել են մասնավոր բուհերը։ Մասնավորում հայտարարագրված այդ 7 հազար տեղի համար ընդունվել է 131 դիմորդ։ Մասնավոր բուհերին տրամադրվել է 9 անվճար տեղ, որից ընդունվել է 1-ը, 8-ը թափուր է մնացել։ Այդ թիվը թափուր չի, այս տարի ընդունվել է 9729 ուսանող՝ մասնավոր եւ պետական բուհերում։ Սա նույն կարգի թիվ է, ինչ նախորդ տարի՝ 2020 թվականին»։
Դումանյանի մեկնաբանությամբ՝ բոլոր բուհերը առավելագույն տեղեր են հայտարարագրում․ «Օրինակ՝ մասնավոր բուհերը հայտարարագրել են 7 հազար տեղ, կարող են ընդունել այդքան ուսանող՝ եթե գան, բայց ընդամենը 130-ն են ընդունել։ Հիմա ի՞նչ ստացվեց, որ մենք թափո՞ւր տեղ ունենք։ Մենք հիմա մտածում ենք, որ այս թիվը՝ հայտարարագրման, մյուս տարի լինի իրատեսական, այնպես չլինի, որ ով ինչ ուզում՝ գրում է։ Օրինակ՝ մի մասնավոր բուհ 2 հազար է հայտարարագրել, բայց չգիտեմ՝ 10-ն ընդունե՞լ է, թե՞ ոչ։ Ու այսպես տպավորություն է ստեղծվում, որ վայ, էսքան տեղ թափուր մնաց, բայց չեն էլ կարող համալրել։ 23 հազար տեղ է հայտարագրվել, իսկ այս տարվա շրջանավարտները 21 հազար են եղել։ Տեսականորեն չէին էլ կարող համալրել։ Այլ խնդիր է, որ որոշ բուհերում որոշ մասնագիտություններ ընդհանրապես ընդունելություն չեն արել։ Այստեղ բուհերը մտածելու տեղ ունեն՝ մի հատ վերանայեն իրենց մասնագիտությունների ցանկը, կրթական ծրագրերի ցանկը, որովհետեւ դա լավ ցուցանիշ չէ, եթե ձեզ մոտ իքս մասնագիտությամբ զրո մարդ է ընդունվում։ Այս դեպքում ինչո՞ւ եք հաջորդ տարի նույնը հայտարարագրում, դա բուհի վարկանիշի վրա է ազդում նույնիսկ»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ