ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Ավինյանի այն հայտարարությունը, թե ինքն աղետի վայրում է որպես քաղաքապետի թեկնածու, կարծում եմ, պետք է դիտարկել որպես սկանդալային հայտարարություն ու առնվազն պետք է իշխող ուժը հանդես գա բացատրություններով:
Եթե Ավինյանը թեկնածու ասելով նկատի ունի հերթական ընտրությունները, ապա տարօրինակ չէ՞ ընտրություններից մեկ տարի առաջ հայտարարել այդ մասին, կամ արդյո՞ք այդ հայտարարությունից հետո գործող քաղաքապետը չպետք է կորցներ աշխատելու մոտիվացիան: Այս դեպքում արդեն ակնհայտ է դառնում, որ այն խոսակցությունները, թե քաղաքը իրականում կառավարում է Ավինյանը, հիմնազուրկ չեն ու գործող քաղաքապետը, փաստացի շախմատային «պեշկա» է, իսկ քաղաքային իշխանությունը, մեղմ ասած, ոչ օրինակարգ:
Իսկ եթե Ավինյանը նկատի ուներ արտահերթ ընտրություններ, ապա սա մի այլ այլանդակ իրողության մասին է խոսում: Փաստորեն, իշխանությունը ունի քաղաքական որոշում՝ անցկացնել Երևանի արտահերթ ընտրություններ, բայց դա անել բոլորի համար անակնկալ, այնպես, որ որևէ մեկը պատրաստ չլինի դրան ու թքած ունենալով ընտրությունների մրցակցային, թափանցիկ անցկացնելու սկզբունքի վրա, սեփական թեկնածուին տալով մեծ առավելություն, լուծել Երևանում իշխանության խնդիրը:
«Վոտ տակիե պիռոգի»,- ինչպես կասեր էն կինոյի տղեն` ազատ ու արդար ընտրությունների մասին մեծ-մեծ խոսելուց հետո: