ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթաների ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը և ՀՀ կառավարության ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը համատեղ իրականացրել են սննդամթերքում քիմիական վտանգների (ծանր մետաղներ, հակամանրէային նյութեր և աճի խթանիչներ) ռիսկի գնահատման աշխատանքներ: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված կաթի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ, իսկ ձկնամսի մեջ՝ հորմոնների մնացորդային քանակություններ:
Չնայած, սննդակարգային ներգործությամբ պայմանավորված, առողջական ռիսկերը գտնվել են թույլատրելի տիրույթում, այնուամենայնիվ, վերջինս արտահանման լուրջ խոչընդոտ է։ Իսկ կաթում և կաթնամթերքում թունավոր տարրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առկա են առողջական մտահոգություններ՝ կապարի և կադմիումի ներգործությամբ պայմանավորված:
Ուսումնասիրություններն իրականացվել են պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքներում ներգրավված են եղել Սննդի շղթաների ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի երիտասարդ գիտնականները կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանի գլխավորությամբ:
Արհեստական լճակային տնտեսությունը գյուղատնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, հետևաբար, ձկնաբուծության բնագավառում աճի խթանիչների կիրառումը կարգավորվում է սննդամթերքի անվտանգության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով (ТР ТС 021/2011)։ Վերջինիս համաձայն՝ կենդանական ծագման մթերքում չպետք է պարունակվեն բնական կամ սինթետիկ հորմոնային նյութեր: «Սույն հետազոտության նպատակն էր գնահատել հանրապետության արհեստական լճակային տնտեսություններում աճեցված ձկան մսում հորմոնների մնացորդային պարունակությունները և դրանց սննդակարգային ներգործությամբ պայմանավորված ռիսկերը: Աճի խթանիչների մնացորդային քանակությունը որոշվել է իմունաֆերմենտային անալիզի մեթոդով և հաստատվել հեղուկային քրոմատոգրաֆիայի մաս սպեկտրաչափական եղանակով:
Կարդացեք նաև
Որոշ ձկնանմուշներում հորմոնների պարունակությունը գերազանցել է թույլատրելի չափաքանակը: Սակայն, սննդակարգային ներգործությամբ պայմանավորված, հնարավոր առողջական ռիսկեր չեն հայտնաբերվել։ Սա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է աչալուրջ լինեն, քանի որ սա արտահանման լուրջ խոչընդոտ է: Իսկ կաթում հակաբիոտիկների ռիսկի գնահատման աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում կիրառվում են արգելված հակաբիոտիկներ։ Հակաբիոտիկների նշված քանակների դեպքում, կաթի սպառմամբ պայմանավորված, հանրային առողջական խնդիրներ չեն բացահայտվել: Այնուամենայնիվ, սա արտահանման լուրջ խոչընդոտ է, և նշված արդյունքները պետք է հաշվի առնել պետական վերահսկողության համար»,- ասաց Դավիթ Պիպոյանը։
Նա նշեց, որ հետազոտել են կաթում և կաթնամթերքում հավանական թունավոր տարրերի պարունակությունը, ինչպես նաև կատարել, մթերքի սպառմամբ պայմանավորված, առողջական ռիսկի գնահատում։ «Սննդի սպառման առանձնահատկություններն ուսումնասիրվել են սննդակարգի 24-ժամյա հետկանչի մեթոդով: Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ առկա են առողջական մտահոգություններ՝ կապարի և կադմիումի ներգործությամբ պայմանավորված»,- ասաց Դավիթ Պիպոյանը։
Ըստ նրա՝ հետազոտությունների արդյունքները խիստ կարևոր կիրառական նշանակություն ունեն պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։
Դավիթ Պիպոյանը նշեց, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքները մեծ արձագանք են ստացել, մասնավորապես, միջազգային հեղինակավոր կառույցների կողմից, «Համատեղ աշխատանք է տպագրվել Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի հետ»,- ասաց նա։
Կաթնամթերքի մեջ թունավոր տարրերի ռիսկի գնահատման վերաբերյալ հոդված է տպագրվել սննդամթերքի անվտանգության ոլորտի միջազգային հեղինակավոր ամսագրերից մեկում՝ «Սննդամթերքի և քիմիական թունաբանություն» ամսագրում (Pipoyan D., Hovhannisyan A., Beglaryan M., Mantovani A. Risk assessment of potentially toxic trace elements via consumption of dairy products sold in the city of Yerevan, Armenia. Food and Chemical Toxicology, 2022, 163, 112922. https://doi.org/10.1016/j.fct.2022.112922):
«Արհեստական լճակային տնտեսություններում բուծվող ձկան մսում հորմոնների մնացորդային պարունակության որոշումը և դրանց սննդակարգային ներգործությամբ առողջական ռիսկի գնահատումը» վերնագրով աշխատանքը տպագրվել է «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» միջազգային գիտական պարբերականում (Պիպոյան Դ.Ա., Բեգլարյան Մ.Ռ., Աբովյան Ա. Յու., Ալթունյան Ս.Հ., Արհեստական լճակային տնտեսություններում բուծվող ձկան մսում հորմոնների մնացորդային պարունակության որոշումը և դրանց սննդակարգային ներգործությամբ առողջական ռիսկի գնահատումը, «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», N 3 (75), 2020, էջ 305-310):
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին