Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արգիշտի Քյարամյանը Սուրմալուի պայթյունի մասին․ «Չկա որեւէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին»

Օգոստոս 18,2022 12:34

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողական աշխատանքները վերսկսվել են։

«Փլատակների տակ հնարավոր է մեկ մարմին մնացած լինի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, այսինքն՝ այնտեղ հարվածային ալիքը, հրդեհը եւ այս օրերի ընթացքում գոլորշին, բավականին բարդ է լինելու նրա հայտնաբերումը»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց՝ արդյոք դիտարկվել է ահաբեկչական գործողության վարկածը կամ որեւէ դիտավորությամբ վարկածը եւ արդյոք այս վարկածը հիմնավորող կամ բացառող հանգամանքներ կան։

«Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ ձեր կողմից նշած վարկածները։ Այս պահին քրեական գործով չկա որեւէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին»,-ի պատասխան Փաշինյանի հարցի ասաց ՔԿ նախագահը։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պայթյունի տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որեւէ գործողության տրամաբանությունը բացառվում է։ Ապա Քյարամյանը հավելեց՝ գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են մեղքի անզգուշությամբ տեղի ունեցող հանցագործությունների մասին։

Փաշինյանն ասաց, որ դեռեւս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական է տվել համապատասխան գերատեսչություններին, որպեսզի տեղեկատվություն հավաքեն բոլոր հնարավոր այն օբյեկտների եւ ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ։ Բացի այս, նա նաեւ նշեց՝ դեպքից հետո առաջին գործողություններից մեկն այն է, որ փորձել է հաշվետվություն ստանալ տրված հանձնարարական վերաբերյալ, այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է։ Ապա ՊՎԾ-ին հանձնարարեց ուսումնասիրել, թե իր տված հանձնարարականն ինչպես է կատարվել։

Փաշինյանը հիշեցրեց, որ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը գարնանը ստուգում է իրականացրել «Սուրմալու» կենտրոնում, խախտումներ է արձանագրել․ «Բայց ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը, որը եթե չեմ սխալվում, ժամկետով սահմանափակված չի եղել»։

Փաշինյանը ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին հանձնարարեց՝ ուսումնասիրել, թե իր տված հանձնարարականն ինչպես է կատարվել. «Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կատարել է ստուգումներ 2021 թվականի գարնանը։ Այդ հանձնարարականի շրջանակում արձանագրել է խախտումներ։ Ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031