Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարվում են աշխատանքներ». ադրբեջանցիների «տեղաշարժը» դեռ չի ապահովվել. Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել. «Հրապարակ»

Օգոստոս 18,2022 10:24

Կառավարության օգոստոսի 4-ի նիստում Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիներին հրավիրում էր Հայաստան եւ տեղում հանձնարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին եւ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ ապահովել ադրբեջանցիների երթեւեկությունը ՀՀ սահմանով դեպի Նախիջեւան։

«Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն եւ, իհարկե, անվտանգության ապահովում, որտեղ նաեւ ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք եւ պատրաստ ենք եւ կապահովենք: Որեւէ կասկած դրանում չունենք»,- հայտարարել էր նա:

Մենք հետաքրքրվել էինք ՊԵԿ-ից՝ արդյոք կատարվե՞լ է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, ի՞նչ քայլեր են ձեռնարկել կատարման ուղղությամբ, արդյոք կազմակերպվե՞լ է ադրբեջանցիների երթեւեկությունը՝ ՀՀ սահմանով դեպի Նախիջեւան, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, ի՞նչ սահմանային անցակետերով։ Ե՞րբ են դրանք տեղադրվել, ո՞ր հատվածներում։ Մեզ հետաքրքրում էր նաեւ՝ մաքսային հսկողության ինչպիսի՞ կառուցակարգեր են գործելու ադրբեջանցիների՝ ՀՀ մուտք ու ելքի ժամանակ։ Չէ՞ որ Ադրբեջանի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ, ուստիեւ համապատասխան օրենսդրական կարգավորումներ չունենք:

ՊԵԿ-ից, տուրք տալով անիմաստ բյուրոկրատիային, որպիսին անգամ նախկինների ժամանակ չկար, պահանջեցին, որ պարտադիր մեր հարցերը գրավոր եւ ստորագրած ուղարկենք, որպեսզի մուտք անեն համակարգ, ուղարկեն համապատասխան ստորաբաժանման ղեկավարին, որ նա պատասխանի մեր հարցերին։ Դա, բնականաբար, տեւում է օրեր:

Առաջին հայացքից մեզ թվաց, թե ՊԵԿ-ում ամենայն լրջությամբ են մոտենում թե՛ իրենց աշխատանքին, թե՛ մեր բարձրացրած հարցերին, դրա համար են այսպիսի ծանր ընթացակարգով առաջնորդվում եւ պահանջում հարցումն ուղարկել գրավոր, որպեսզի մի քանի օր մտածեն, վերլուծեն եւ մանրամասն, հանգամանալից պատասխան ուղարկեն մեր հղած շատ հստակ եւ, միաժամանակ, էական նշանակություն ունեցող հարցերին։
Ինչ երկարացնենք` ՊԵԿ-ից մեր հարցման պատասխանն ուղարկեցին մեր հարցումն ուղարկելուց ուղիղ մեկ շաբաթ անց, որի բովանդակությունը ոչ մի բանի մասին է։ Մեր շարադրած կես էջանոց հարցերին պատասխանել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը՝ տալով երկու տողանոց մի հերթապահ, ոչինչ չասող, մեր հարցերի բուն էությունից չբխող տաղտուկ պատասխան։

«Տեղեկացվում է, որ նշված գործընթացն իրականացվելու է ՀՀ եւ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Այդ ուղղությամբ ներկայումս տարվում են աշխատանքներ»,- ասված է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի անունից ուղարկված գրավոր պատասխանում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031