Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոսիրողների մասնագիտական հիվանդությունները

Օգոստոս 18,2022 10:36

«TV ալիք» շաբաթաթերթԱվտոմեքենայով երթեւեկելը մարդու օրգանիզմի համար հակաբնական շարժման ձեւ է: Մարդուն ի բնե տրված է վարել ակտիվ ֆիզիկական կյանք, քայլել, վազել, կատարել ֆիզիկական աշխատանք եւ ոչ թե ժամերով նստել միեւնույն դիրքում` ղեկը գրկած: Բարձր վտանգավորության աստիճանի փոխադրամիջոցի կառավարումը, որպիսին ավտոմեքենան է, բացասական մեծ ազդեցություն ունի մարդու առողջության վրա:

Կանխարգելենք օստեոխոնդրոզը

Ավտոսիրողների համար վտանգավոր հիվանդություններից է օստեոխոնդրոզը, քանի որ հարկադրական նստած դիրքը մեծացնում է ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունը: Այդ իսկ պատճառով հարկավոր է պարբերաբար, օրը մի քանի անգամ փոխել վարորդական նստարանի թեքությունը տառացիորեն 10 աստիճանով, ոչ ավել: Այս փոքրիկ հնարքը որոշ փոփոխություն կառաջացնի ողնաշարի դիրքում եւ թույլ կտա խուսափել օստեոխոնդրոզից:

Եթե անգամ ձեզ թվում է, թե ձեր դիրքը շատ հարմարավետ է, մի հավատացեք կոմֆորտի զգացմանը. յուրաքանչյուր 2 ժամը մեկ դադարեցրեք մեքենա վարելը, հանգստացեք եւ ֆիզիկական վարժություններ կատարեք: Յուրաքանչյուր վարժությունը կատարել 10 անգամ: Այսպես.

v Գլուխը թեքեք աջ, վերադարձեք ելման դրություն, այնուհետեւ ձախ թեքեք եւ կրկին վերադարձեք ելման դրություն:

v Գլուխը կախեք դեպի կրծքավանդակը եւ տարուբերեք աջ ու ձախ:

v Դաստակները դրեք ուսերին: Ներշնչեք՝ արմունկները բարձրացնելով վեր, արտաշնչման ժամանակ իջեցրեք վար:

v Դաստակները դրեք ուսերին: Ձախ արմունկը բարձրացրեք վեր, աջը` ետ տարեք եւ հակառակը:

Զսպենք արյան ճնշումը

Ճանապարհին իրավիճակների կտրուկ փոփոխությունները, երկարատեւ ընթացքը, լարվածությունը հաճախ կարող են սադրել արյան ճնշման տատանումներ: Իսկ դա, հասկանալի է, որ լավ բան չէ: Եթե հանկարծ քունքերում կզգաք կտկտոց կամ բաբախյուն, գլխապտույտ, սրտի շրջանում ծակոցներ, իսկ ձեռքի տակ թարսի պես չունեք ոչ մի դեղորայք, խորհուրդ է տրվում կատարել ականջի խեցու մերսում:

v Միջնամատը, մատանու մատը եւ ճկույթը պահեք ականջի խեցու առջեւի մասում, ցուցամատը եւ բութը` ետեւի մասում: Այդ կերպ սեղմելով ականջախեցին՝ ձգեք եւ պտտեք վեր ու վար: Կատարեք 20 անգամ:

v Ձեռքերը շփեք: Ձեռքի տաք ափերը դրեք ականջախեցու վրա: Շփեք ականջները սկզբում վարից-վեր ափերի շրջանաձեւ շարժումներով, այնուհետեւ` վերից-վար: Շարունակեք շփումները մինչեւ ականջախեցիներում տաքության զգացումը: Կատարել 20 անգամ:

Պայքարենք թութքի դեմ

Ավաղ, վարորդական նստարանները ոչ միշտ են հարմարավետ: Բացի այդ, մեքենա վարելու ընթացքում առաջացած տատանումները եւ հարկադրական նստած դիրքը փոքր կոնքի օրգաններում առաջացնում են արյան կանգ: Արդյունքում զարգանում է թութք, որը բավականին հաճախ է հանդիպում ավտոսիրողների մոտ: Եթե երկար ճանապարհ եք գնում, ապա 2 ժամը մեկ դուրս եկեք մեքենայից, ակտիվ շարժվեք, թռչկոտեք, մեկ-երկու կքանստում կատարեք: Իսկ եթե ժամանակ ունեք, ապա լավ կլինի կատարեք այսպիսի մի վարժություն. բարձրացեք ոտնաթաթի վրա եւ կտրուկ իջեք կրունկի վրա: Կատարել 60 անգամ:

v Խաչմերուկներում, երբ կարմիր լույս է վառվում, օգտվեք կանգից եւ սկսեք սեղմել-թուլացնել հետանցքի շրջանի մկանները, որ արյան շրջանառությունը լավանա:

Պահպանենք շագանակագեղձը

Շագանակագեղձի բորբոքումը (պրոստատիտը) նույնպես ավտոսիրողների մասնագիտական հիվանդություններից է: Վիճակագրությունը հաստատում է, որ 40-60 տարեկան յուրաքանչյուր երրորդ տղամարդն ունի շագանակագեղձի բորբոքում: Սակայն վարորդների մոտ այդ թիվը կարող է հասնել 60 %-ի: Պրոստատիտը, ինչպես նաեւ թութքը, սրացումներ են տալիս, երբ մեքենայում անցկացնում ես 2-3 ժամից ավել, առանց ընդմիջման: Պրոստատիտի կանխարգելման համար ամեն օր հարկավոր է կատարել ոչ բարդ վարժությունների մի խումբ:

v Կատարել խորը ներշնչում` փորը փքել: Շունչը պահեք 10-12 վայրկյան, որից հետո արտաշնչեք փորով, աշխատեք այնպես անել, որ որովայնը կարծես թե կապված լինի ողնաշարին: Կատարել 3-7 անգամ: Օրվա ընթացքում՝ 3-ական անգամ:

v Մարմնով ընկնել աջ ոտքի վրա, ձախ ոտքը ազատ շարժել առաջ ու ետ (40-100 շարժում): Վարժությունը կրկնեք մյուս ոտքից:

v Կատարեք իրանի ոչ խորը թեքումեր աջ եւ ձախ (յուրաքանչյուր կողմ 30 թեքում): Վարժությունները կատարեք միջին տեմպով, այդ ժամանակ կարող եք ոտքը ծալել ծնկան հոդում, որ կողմ որ թեքվում եք:

Կանխարգելենք գաստրիտը

Վարորդների մոտ 70 %-ը, ովքեր ամեն օր ղեկին անցկացնում են 2-3 ժամ, մի քանի տարի անց սկսում են գանգատվել ստամոքսի ցավերից, այրոցից եւ որովայնի փքվածությունից: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ որովայնի խոռոչը մշտապես սեղմված վիճակում է, եւ նյարդային լարվածութունն էլ (ո՞ր վարորդը ղեկին չի նյարդայնանում) գումարած, նպաստում են ստամոքսահյութի գերարտադրությանը: Ահա այստեղից էլ գաստրիտները եւ կոլիտները (ստամոքսաբորբ եւ աղիքների բորբոքումներ):

v Գտնվելով ճանապարհին՝ յուրաքանչյուր ժամը մեկ կերեք որեւէ թեթեւ ուտելիք` մի փոքր կտոր շոկոլադ, խնձոր, յոգուրտ կամ 1 բաժակ մածուն, մի քիչ բնական հյութ: Իսկ ահա գազավորված ըմպելիքներից խուսափեք: Եվ հետո, քիչ ծխեք: Նիկոտինը նույնպես նպաստում է ստամոքսահյութի առատ արտադրությանը:

Խնայեք արմունկները

Ցավոք սրտի, շատ ավտոսիրողներ մեքենաները վարում են պատուհանի ապակիները իջեցրած վիճակում, արմունկները դնելով պատուհանին: Այդպես չարժե վարել մեքենա: Հանդիպակաց քամու ուժեղ հոսքը հաճախ առաջացնում է արմնկային հոդի ջլերի բորբոքում: Այնպես որ, խուսափեք այդ վատ սովորությունից, քանի որ արմնկային հոդի բորբոքումները դժվար են բուժվում, նամանավանդ եթե բուժումը ուշացած է լինում:

Ընդհանուր խորհուրդներ

1.Ֆիզիկական պասիվությունից խուսափելու եւ ոտքերի մկանները մարզելու համար զբաղվեք լողով, վազքով, աշխատեք օրվա մեջ գոնե 1 ժամ քայլել: Գոնե շաբաթը մեկ անգամ հաճախեք լողավազան:

2.Սնվեք ճիշտ: Հրաժարվեք ֆասթ-ֆուդից, գազավորված ըմպելիքներից: Ավելի օգտակար է ճանապարհին օգտագործել լոլիկ, վարունգ, խնձոր, ամբողջական հացի 1-2 կտոր, հանքային ջուր: Պակասեցրեք կարտոֆիլի եւ յուղոտ մսեղենի օգտագործումը, փոխարենը նախապատվությունը տվեք ընդեղենին, բանջարեղենին: Հետեւեք, որ աղիներն ամեն օր գործեն:

3.Եթե ինքնազգացողության վատացում եք ունենում, մի հապաղեք, անմիջապես դիմեք բժշկի: Ինչպես որ ձեր մեքենայի անսարքությունն եք անմիջապես ուղղում, այդպես էլ վերաբերվեք ձեր օրգանիզմին: Ձեր մարմինն ավելի սիրեք, քան ձեր ավտոմեքենան:

4.Պարտադիր հանգստացեք, օգտվեք առողջարանային հանգստից, մերսումներից:

Պատրաստեց Շուշանիկ ՔՈՍՅԱՆԸ

Հոդվածը լույս է տեսել օգոստոսի 4-ին՝ «TV ալիք» շաբաթաթերթի թիվ 32 համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031