Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հագուստի վաճառքով զբաղվող Գայանե Խաչատրյանը հրաշքով փրկվածներից է: Պայթյունից րոպեներ առաջ նա խանութից դուրս է եկել, գտնվել է այն վայրում, որտեղ եղել է պայթյունը։ Հրաշքով ծխից, բոցից մի կերպ դուրս է եկել: Կրծքավանդակի ու ոտքերի այրվածքով ու վնասվածքով նրան մի անծանոթ տեղափոխել է հիվանդանոց: Գայանե Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա այժմ տանն է:
Պայթյունի հետեւանքով նրա խանութի տեղում այժմ փոս է գոյացել, խանութը չկա: Սակայն, սա միակ հրաշքը չէ Գայանեի կյանքում, այդ օրը նա սովորականի պես իր ավտոմեքենան չէր կայանել այն վայրում, որտեղ միշտ էր կայանում: Իր ավտոմեքենայի կայանման վայրում պայթյունից հետո ավերակ է, ոչինչ չի մնացել, իսկ ավտոմեքենան անվնաս է մնացել այլ վայրում կայանելու շնորհիվ:
«Գայա՛ն, շատ ես տալիս, այդքան էլ պետք չի: Գայա՛ն, ախր այդքան բարի պետք չի լինել, շատերն են օգտվում քո պարզությունից: Գայա՛ն, ինչո՞ւ ես էլի նվեր ուղարկել, մեր ծանոթության առաջին օրվանից գրեթե միշտ ասում էի նրան: Օգոստոսի 14-ին Սյունիքից վերադառնում էինք Երևան, երբ համացանցում կարդացի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի մասին: Առաջին միտքս, որ անցավ՝ Գայանը, Գայանին բան եղած չլինի: Գայանը հիվանդանոցում էր, ոտքերն ու կրծքավանդակն էր վնասվել ու այրվել, իր խանութը չկար: Ամենաբարի ու միշտ բոլորին կամեցող Գայանին Տերը ամուր ձեռքերով գրկել էր ու փրկել, երկրորդ կյանք պարգևել: Եթե պայթյունի ժամանակ իր խանութում լիներ, այսօր, Աստված գիտի՝որտեղ կլիներ …Սարսափելի էր այն, ինչ տեղի ունեցավ: Ու մեզնից ոչ մեկ չգիտի. գուցե մենք էլ լինեինք այդ պահին այնտեղ: Ինչո՞ւ պատմեցի Գայանի մասին: Որ իմանանք,որ այս աշխարհում Գայաններ էլ կան. ովքեր տալիս են առանց որևէ ակնկալիքի, ովքեր չեն չարանում, չեն չարախոսում ու նախանձում »,- Aravot.am-ին պատմեց Գայանե Խաչատրյանի ընկերուհին՝ Ժենի Քոչարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ