Թուրքիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ, 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը նոկաուտով հաղթել է թուրք մրցակցին՝ Բատու Բասին, ու իր համար ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցչի փոխանցմամբ՝ առաջին եւ երկրորդ ռաունդներում մեր մարզիկը առավելություն է ունեցել: Պարտվելուց փրկվելու նպատակով թուրք բռնցքամարտիկը երրորդ ռաունդում հախուռն նետվել է առաջ: Այդ ընթացքում ռինգի մրցավարը նաեւ հասցրել է մեր բռնցքամարտիկին նկատողություն տալ: Սակայն վայրկյաններ անց Հայկի կողային հարվածը տապալել է մրցակցին, որից հետո արձանագրվել է նոկաուտ, եւ մարտը դադարեցվել է:
Մրցավարի այս որոշումը, ըստ ստացված տեղեկության, դուր չի եկել Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներին եւ հանդիսականներին, եւ նրանք մրցավարական անձնակազմի նկատմամբ վրեժխնդիր լինելու դրսեւորումներ են ցուցաբերել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ