Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մահացու վտանգը ճոճվում է գլխավերեւում․ «Սուրմալու»-ի ողբերգությունը՝ կամավորի աչքերով

Օգոստոս 17,2022 17:56

Արման Հայրապետյանն այն կամավորներից է, որը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո շտապեց դեպքի վայր։ Նրա հետ զրույցում փորձել ենք ցույց տալ այն իրականությունը, որը դեպքի վայրում ապրում են կամավորներն ու փրկարարները, եւ որը հասանելի չէ այս ողբերգությանն առցանց հետեւող հազարավոր մարդկանց։

«Մենք կամավոր չենք, մենք պարտավոր ենք»

Արման Հայրապետյան

Արման Հայրապետյան․ «Գնա՞լ, թե ոչ․ թե ինչպես ներգրավվել որպես կամավոր, երկար չեմ մտածել, որովհետեւ անմիջապես որոշել եմ գնալ։ Կամավորությունը կարեւոր բան եմ համարում եւ հանդիսանում եմ «Ջենեսիս Արմենիայի» կամավոր։ Կամավորությունն այնպիսի բանն է, որը պետք չէ անել մի քանի ամիս՝ ուսանողի կարգավիճակում, դա անընդհատ գործընթաց է։ Եթե որեւէ ժամանակ կա որեւէ բանի կարիք, պետք է տեղում լինես։ Պատերազմի ժամանակ, երբ ընկերներիցս մեկին անվանեցի «կամավոր», նա ինձ ուղղեց ու ասաց՝ «մենք կամավոր չենք, մենք պարտավոր ենք»․․․ուստի բոլորիս պարտքն է օգնել ինչով հնարավոր է՝ մի քար տեղաշարժել, նյութեր հասցնել, իրազեկել, թե ինչպես է պետք վարվել նման իրավիճակներում։

Որոշեցի գնալ գիշերային հերթափոխի ժամանակ, որովհետեւ հոգնած օրվանից հետո գիշերն ուժերը պակասում են։ Մինչեւ գնալը գրառում կատարեցի՝ հասկանալու համար, թե ի՞նչ հագնել, ի՞նչ տանել, ինչի՞ կարիք կա։ Զուգահեռ տեսանյութեր դիտեցի, թե նման իրավիճակներում ինչ է պետք անել, որովհետեւ պարզապես գնալով շատ բան չես կարող անել, կարող ես հակառակը՝ խանգարել։ Ընկերներս, ովքեր ավելի տեղեկացված էին, օգնեցին հասկանալ, թե ինչպես հագնվել, ինչ իրեր վերցնել։ Միասին մտանք շինանյութի խանութ, գնեցինք պակասող պարագաներ՝ սաղավարտներ, լապտերներ, պաշտպանիչ ակնոցներ։ Տեղում պարզվեց, որ այդպիսի ակնոցներ միայն մենք ու եւս մի քանի հոգի ունեինք․ աշխատելիս լարեր ու ամրաններ են դուրս գալիս, կարող էիր վնասվել։ Ամենաթույլ վնասվածքն անգամ կարող է բարդ հետեւանքներ ունենալ։ Իրականում ցանկալի էր, որ ամեն ինչ տեղում լիներ։ Շատերը չունեին նման պարագաներ։ Աբսուրդային կհնչի, բայց մարդիկ կային, որոնք աշխատում էինք բժշկական դիմակներով ու ձեռնոցներով, որովհետեւ դրանք էր հնարավոր եղել գտնել։ Քարերի հետ աշխատելիս այդպիսի ձեռնոցները կարող էին հալվել ու կպնել ձեռքերին։ Իսկ բժշկական դիմակների պաշտպանությունն այդ փոշուց ու ծխից այնքան աննշան էր, որ մի քանի շերտ իրար վրա էին դրված»։

Արագահաս «Կարմիր խաչը»

Արման Հայրապետյան․ «Առանձնահատուկ շնորհակալ ենք «Կարմիր խաչին», որը տիտանական աշխատանք է արել։ Եթե փորձենք դասակարգել աշխատանքը, ապա առաջին տեղում «Կարմիր խաչն» է, հետո՝ ՈՄԱ-ն («Ողջ մնալու արվեստ» հ/կ), հետո կամավորները։

«Կարմիր խաչի» աշխատանքն աննկարագրելի է։ Բերել ու տուփերով բաժանում էին դիմակներ, անընդհատ շրջում, ամեն վայրկյան հետաքրքրվում, թե ինչ է պետք։ Որ պահին ջուր պետք լիներ, Գայանեն ծանր արկղերով հասցնում էր։ Ձեռնոց էր պետք լինում, մի քանի տեղից մի քանի հատ ճարում էի, իսկ այդ ընթացքում նա պարկերով էր բերում։ «Կարմիր խաչի» աշխատակիցներն անընդհատ շրջում էին եւ գործ անող մարդկանց խնդրում, որ դիմակներ դնեն, որովհետեւ աշխատելիս քո մասին այդ պահին չես մտածում։ Անհատները եւս դիմակներ էին բերում։ Ինչպես ընկերս՝ Հարություն Մնացականյանը նկատեց, պահեստներում դիմակներ են եղել, եւ պայթյունից հետո այս ու այն կողմ նետվել, դրանք էլ հանվեցին ու օգտագործվեցին։ Եթե մեկին պետք էր վիրակապել, «Կարմիր խաչի» աշխատողները վիրակապում էին։ Եթե տեսնում էին, որ մեկի թեւից արյուն է գնում, իրենք էին կանչում-տանում իրենց վրան, որովհետեւ շատ անգամ կամավորներն աշխատելիս չէին էլ նկատում սեփական վնասվածքները։ Ձեռնոց, ջուր, վիրակապ պետք լիներ՝ անմիջապես գնում էինք «Կարմիր խաչի» վրան, որտեղ հնարավորություն կար գոնե կես ժամով պառկելու եւ օգնություն ստանալու»։

Երբ մահացու վտանգը ճոճվում է գլխավերեւում

Արման Հայրապետյան․ «Մարդիկ աշխատում էին այն ամենով, ինչը որ կար ձեռքի տակ։ Մենք մոտեցել էինք արդեն իսկ պատրաստի հանդերձանքով ու պարագաներով ու խնդրել ուղեկցել, թե որտեղ է պետք աշխատել։ Ուղղորդեցին, մի տեղում քարերն այս ու այն կողմ տվեցինք։ Որոշ ժամանակ անց հասկացանք, որ ավելի շատ սպասում ենք, քան գործողություն անում, իսկ տվյալ մասում մարդկանց ողջ գտնելու հավանականությունը, ցավոք, փոքր էր։ Տեղափոխվեցինք այլ վայր՝ ոչ մեկի հրահանգի չսպասելով։ Այդտեղ աշխատանք կար անելու, բայց նույն անկազմակերպ վիճակն էր։

Մի օրինակ ասեմ․ ողջ շենքը քանդվել էր, մնացել էին պատի մի հատվածն ու երկու սյուն։ Պատկերացրեք, որ մի քանի տոննա կշռող բետոնե երկու սյուներն ամեն վայրկյան կարող էին ընկնել, մանավանդ, որ մեկը շարժվում է։ Այդ սյան տակ աշխատում էին տասնյակ, եթե ոչ հարյուր կամավորներ, որոնց մեծ մասն ուղղակի կանգնած էր, որովհետեւ աշխատելու տեղ չկար։ Ուղղակի պետք էր այն մարդկանց, որոնք այդ պահին կանգնած էինք, այլ հանձնարարություն ու աշխատանք տալ, կազմակերպել իրենց արդյունավետությունը կամ հեռացնել տարածքից, որովհետեւ եթե հանկարծ այդ սյունն ընկներ, հարյուրավոր մարդիկ էին դրա տակ․․․դրա ընկնելու դեպքում տասնյակ անգամ ավելի զոհեր կունենայինք։ Կարող էր նաեւ փլուզում լինել։

Մենք հույս ունեինք այդտեղ ողջ մարդկանց գտնելու, բայց այդ աշխատանքի ժամանակ տասնյակ անգամ ավելի զոհեր կարող էին լինել։ Որեւէ մեկը չէր կազմակերպում, որպեսզի այդ մարդկանց տարածքից հեռացնեին։ Հասկանալի է, որ նրանք եկել են օգնելու եւ ոչ բոլորն են նայում ու տեսնում, որ սյունը ճոճվում է։ Շատերը չեն մտածում իրենց մասին, որովհետեւ եկել էին օգնելու։ Կարելի էր տեղում պահել, օրինակ, քառասուն հոգու, որոնք կներգրավվեին աշխատանքում, իսկ մյուսներին հեռացնել, աշխատողներին զգուշացնել, որ պարբերաբար նայեն սյանը, իսկ ընկնելու դեպքում մի մասին հրահանգել, որ իրենք փախնում են այս կողմ, մյուսները՝ այն կողմ։ Այդ դեպքում միայն ընկնելիս փրկվելու շանս կլիներ։ Հակառակ դեպքում մարդիկ իրար վրա էին վազելու ու մնային սյան տակ։

Այս վիճակն ամենուր էր։ Օրինակ, չկային հստակ ուղղություն ցույց տվողներ, թե ինչ է պետք անել քանդելու ընթացքում։ Երբ պետք էր պանելը հեռացնել այն հատվածից, որտեղ, ենթադրաբար, լսվել էին հղի կնոջ ու երեխայի ձայները, պարզ է, չէ՞, թե ինչ եռանդով էին այդտեղ մարդիկ աշխատում։ Ձեռքերով քանդում-փորում էին։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչով էինք հողը տեղափոխում, այդտեղի խանութներում վաճառվող թասերն ու կաթսաներն էինք վերցրել, լցրել հողն ու քարերը, շարքերով փոխանցել իրար։ Աշխատանքները դադարեցին այնքան ժամանակ, որ պանելը հեռացվի, եւ չկար մեկը, ով կկազմակերպեր գործընթացը, որոշեր, որ պանելը պետք է հեռացնի՝ աշխատանքը որոշակի ժամանակով դադարեցնելու միջոցով, կամ հիմա չհեռացնի, եւ շարունակվի աշխատանքը։ Քաղաքացիներն էին որոշում՝ աշխատանքը դադարեցնել ու պանել հեռացնե՞լ, թե պանելը թողնել ու աշխատել մի կողմի վրա։ Մեզ պետք էին մասնագետներ ու նրանց ուղղորդումը։ Շատ ժամանակ կամավորներն ինքնակազմակերպվում էին, ինչ-որ գործողություններ անում, բայց դրանց արդյունավետությունը հիմա որեւէ մեկը չի կարող գնահատել»։

Փրկարարները

Արման Հայրապետյան․ «Անհատապես շնորհակալ ենք փրկարարներին․ շատերն առավոտից առանց հանգստի աշխատում էին։ Որոշ դեպքերում հազիվ էին ոտքի վրա կանգնում, բայց աշխատում էին։ Ու շատ դեպքերում իրենք էին ուժասպառ անում այն աշխատանքը, որը մյուսներին չէր վստահվում։ Առանձին աշխատակիցներն անձնուրաց (գիտենք, թե որքան ցածր են նրանք վարձատրվում) աշխատում էին, բայց որպես կառույց՝ այն իրեն վատ դրսեւորեց։ Մեկ շենքի փլուզումը նման կառույցի համար մեծ խնդիր չպետք է իրենից ներկայացներ՝ տեղում ամեն ինչ կարգավորելու տեսանկյունից։ Սա երկրաշարժ չէր, այլ մեկ շենքի փլուզում։ Հարյուրավոր աշխատակիցներ կան, եւ ողջ տեխնիկան մի տեղ պետք է գար, այսինքն՝ լոգիստիկ խնդիրներ չկային, մինչդեռ ունեցել ենք երկրաշարժ, երբ միանգամից մի քանի քաղաքներում են ավերածություններ եղել։ Մեկ շենքի պարագայում անգամ սեփական ուժերով կազմակերպումը չկարողանալը, կամավորների աշխատանքի ու ռեսուրսների համակարգում չկարողանալը, չգիտեմ, թե ինչ բառերով բնութագրեմ։ Շեշտեմ, որ ԱԻՆ աշխատակիցների առումով որեւէ հարց չի կարող առաջանալ, նրանք անձնուրաց աշխատել են»։

Ողջ մնալու արվեստը

Արման Հայրապետյան «ՈՄԱ-ն աշխատում էր շատ կազմակերպված, խմբերով։ Սկզբում մի ջոկատն էր աշխատում, հետո մյուսը փոխարինում էր։ Ամբողջությամբ ու միանգամից տեղերով փոխվում էին։ Եթե բուժօգնության կարիք լիներ, եւ «Կարմիր խաչը» չհասցներ, վստահ եմ, որ ՈՄԱ-ն կօգներ, որովհետեւ տիրապետում են անհրաժեշտ հմտություններին։ Երբ պետք էր նկուղից հանել քարերը, ներս մտնելու հնարավորություն բացել, այդտեղ տեխնիկան չէր կարող աշխատել։ Մարդիկ ձեռքերով էին քանդում։ Քանդածը դուրս հանելու համար շարքեր էինք ձեւավորում ու ձեռքի տակ եղածով հողն ու քարերը դուրս հանում։ Շարքն աշխատում է արդյունավետ, եթե մարդիկ կանգնած են զիգզագաձեւ, որովհետեւ աջից ձախ փոխանցելն անհարմար է, պետք է 45 աստիճանի անկյան տակ փոխանցել։ Այդպես արագ է ստացվում, իսկ քարը պարզապես աջ փոխանցելիս կարող ես գցել ոտքիդ, մինչդեռ 45 աստիճանի անկյան տակ փոխանցելը եւ արագ է, եւ արդյունավետ։ Օգնել ցանկացողները շատ էին, մարդիկ կանգնում էին արանքներում ու խախտում զիգզագաձեւ շարքը, եւ այդպես աշխատանքը խաթարվում էր, վտանգվում էր թե մեկը, թե մյուսը, բայց մարդիկ ուզում էին օգնել ու այդ պահին հնարավոր չէր բոլորին բացատրել, որ պետք է կանգնել զիգզագաձեւ։ ՈՄԱ-ն աշխատում էր իր թիմով եւ պահպանում բոլոր կանոնները։ Իրենց մի խումբը գալիս էր, մյուսը՝ գնում։ Հերթափոխն ու կազմակերպումը շատ արագ էր լինում։ Ամեն մեկը հստակ գիտեր, թե ումից է վերցնելու սաղավարտն ու լապտերը, ումից է հրահանգ լսելու։ Մինչդեռ կամավորների դեպքում պարզ չէր, թե ով ում պետք է փոխարինի, որտեղ պետք է կանգնի»։

Իրականում ո՞րն է մեր՝ հայերիս, իրական հավաքական բնութագիրը։

Հեղինակ-«Սովորաբար, երբ խոսում ենք մեր հավաքական կերպարից, առաջնահերթ բացասական կողմերն ենք մատնանշում՝ աղբ ենք թափում, ողբերգության պահին հրավառություն անում, չենք դրսեւորում քաղաքացիական գիտակցություն եւ այլն։ Լինելով այդ ողբերգության վայրում՝ դուք ինչպիսի՞ բնութագիր կառանձնացնեք»։

Արման Հայրապետյան․-«Ցավոք, այդ կերպարն աղավաղված է եւ վատ լույսի ներքո է ներկայացվում։ Մենք հրաշալի մարդիկ ունենք եւ լավ ազգաբնակչություն։ Օրինակ, երբ որեւէ կազմակերպություն ծառայություն է մատուցում կամ ապրանք վաճառում, բավական է մի բան վատ լինի, որպեսզի բացասական արձագանքը շատ արագ տարածվի։ Այսինքն, հիսուն հոգի կարող է գոհ լինել ինչ-որ ընկերության արտադրանքից, բայց մեկը դժգոհի, եւ դժգոհությունը շատ արագ տարածվի։ Այդ դեպքում բոլորը խոսում են այն մասին, թե ինչ վատն է այդ կազմակերպության արտադրանքը, եւ կապ չունի՝ այդ մեկ հոգին ստե՞լ է, թե՞ ոչ, չափազանցրե՞լ է, թե՞ ոչ։ Վատ արձագանքը միշտ շատ արագ է տարածվում։ Նույնն էլ մարդկանց դեպքում։ Ենթադրենք, ժողովրդի մեծ մասը դրսեւորում է քաղաքացիական դրական հատկություններ, բայց բավական է, որ 10%-ն անի հակառակը, որպեսզի տարածվի վատը։ Մեր խնդիրն է՝ ցույց տալ, շեշտել ու տեղեկացնել մեծամասնության մասին եւ այդ 10%-ին ճիշտ ուղղորդել։ Կողքիններից է կախված, թե մարդն ինչ ուղղությամբ կգնա։

Օրինակ, այդ աղջիկը, որ եկել ու նվագում էր․․․չարդարացնելով իր արարքը՝ հարց տամ․ տարածքում քանի՞ հոգի կար, որ ուղղակի կարող էր իրեն թույլ չտալ նստել ու նվագել։ Այսինքն, տարածքում շատ մարդ կար, եւ նրանք կարող էին դա կանխել։ Բանը չպետք է հասներ նրան, որ դա տեղի ունենար, նկարահանվեր ու հայտնվեր սոցցանցերում եւ տարածվեր։

Ես չեմ կարող խոսել պայթյունի պատճառների մասին, բայց եթե հրավառության պատճառով է եղել, կարո՞ղ եմ մեղադրել, որ մարդիկ դա գնում են, պահում ոչ ապահով պայմաններում։ Այս ամենը կանխելու եւ այդքան մարդու բացասական լույսի ներքո ներկայացնելու փոխարեն բավական կլիներ վերահսկողությունը, կանխարգելումն ու արգելումը։

Մեր ազգային բնութագիրը ճիշտ ներկայացնելու համար պետք է մյուս կողմին էլ նայել ու հասկանալ, որ անգամ այն մարդիկ, որոնց մեղադրում ենք դեպքի վայրում «սելֆի» անելու համար, դրանում մեր մեղքն էլ պետք է տեսնենք։ Չէ՞ որ թույլ ենք տվել, որ մեր կողքին «սելֆի» անեն։ Ես, օրինակ, չէի թողնի․․․

Ընտրությունը մերն է։ Կամ թողնում ենք, որ վատն ավելի տարածվի ու իր գործն անի, կամ կանխարգելում ենք ու արգելում եւ թույլ չենք տալիս, որ դա դառնա ազգի բնութագիր։ Երբ խնդիր է լինում, տեսնում ենք հետեւանքները, բայց ոչինչ չենք անում։

Հիմա մեզ պետք է բոլոր սխալներից հետեւություններ անել ու շտկել։ Մարդիկ չպետք է անկազմակերպ վիճակում օգնության հասնեն, բանը չպետք է հասնի պայթյունի, ընտանիքով չպետք է գան տարածքում զբոսնելու։ Հետեւանքների հետ հենց այս պահից է պետք աշխատել, որ առաջիկայում չունենանք նման խնդիր։ Իսկ, Աստված չանի, ունենալու դեպքում էլ պատրաստ լինենք դրա հետ աշխատել։

Իսկապես շատ եմ ցավում եւ մեր աշխատանքը զրոյական եմ գնահատում, որովհետեւ այն կարեւոր արդյունքը, որի համար բոլորս այնտեղ էինք՝ կյանքեր փրկել, չկարողացանք անել, համենայն դեպս, վերջին փուլում։ Բառեր չեմ գտնի նկարագրելու, որ երբ հույս ունես մի ձայն լսելու, կյանքի մի նշույլ նկատելու, սակայն աչքիդ առաջ փրկարարներն ու ոստիկանները դիեր են հանում․․․

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031