«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը «Հայելի» ակումբում նախ ցավակցություն հայտնեց «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից եւ հրդեհից զոհված մեր հայրենակիցների հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորումներ ստացած անձանց եւ կարծիք հայտնեց, որ իշխանությունը այսօր եւ վաղը սգո օր հայտարարելու քայլին գնացել է հանրային ճնշման ներքո:
Այնուհետեւ, անդրադարձավ ՔՊ կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանի՝ ողբերգության դեպքի վայր այսօր այցելելուն եւ այնտեղ արած հայտարարությանը, թե ինքը տարածք այցելել է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք Երեւանի քաղաքապետի թեկնածու:
«Արձանագրենք, որ այս մի քանի օրերին միայն Ավինյան Տիգրանը չէ, որ փորձել է արյան վրա PR իրականացնել, միայն նա չէ իշխանական խմբակից, որ այցելում է Սուրմալու եւ փորձում փայլուն կոշիկներով սիրուն լուսանկար ունենալ: Բայց Ավինյան Տիգրանի այցը առանձնանում է իր հայտարարությամբ, թե ինքը այնտեղ այցելել է որպես սպասվելիք ընտրություններում ՔՊ կուսակցության թեկնածու: Առհասարակ, երբ քաղաքական գործիչը ինչ-որ այց է իրականացնում որպես ընտրությունների թեկնածու, ուր, ինչ նպատակով եւ երբ էլ լինի այդ այցը, եթե ինքը հայտարարում է, որ այդտեղ է որպես քաղաքական թիմի թեկնածու, դա ինքնին այլեւս քարոզարշավ է: Քաղաքական տերմինաբանության մեջ դրան այլ անվանում չկա:
Ընտրությունները դեռ հայտարարված չեն, բայց ինքն արդեն սկսել է քարոզարշավ՝ փորձելով առիթը բաց չթողնել: Այսինքն, սա հստակ ասում է, որ պղծությունն այն աստիճան է, որ նրանք PR-վում ու քարոզարշավ են իրականացնում արյան վրա: Ավինյան Տիգրանը այնտեղ կարող էր այցելել որպես սովորական քաղաքացի, ուղղակի որպես ՔՊ անդամ, ՔՊ վարչության անդամ: Յուրաքանչյուր կարգավիճակով կարող էր այցելել: Բայց երբ հայտարարում է, թե ինքն այցելել է որպես սպասվելիք ընտրություններում թեկնածու, այն էլ՝ իշխանության, դա այլեւս քարոզարշավ է: Այսինքն, ակնհայտ է, որ Ավինյան Տիգրանը այսօր սգո վրա, արյան վրա քարոզարշավ է իրականացնում:
Կարդացեք նաև
Ես իրականում չեմ զարմանում: Բայց ուզում եմ, որ բոլորը ու հատկապես երեւանցիները արձանագրեն. այն մարդը, որը վաղը արդեն պաշտոնական քարոզարշավի ժամանակ իրենց պուպուշ խոստումներ կտա, այդ մարդը իր քարոզարշավը սկսել է մեր հայրենակիցների արյան վրա PR-վելով»,-ասաց Հովհաննես Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ