Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված, որտեղ մասնավորապես նշել է. «Վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյական ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ առնչություն ունենալու վերաբերյալ: Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը (լուսանկարում) ՌԴ-ի բողոքի նոտայի վերաբերյալ իր զարմանքն արտահայտեց. «Ինձ համար անհասկանալի էր, նախ, դիվանագիտության մեջ չլսված ու չտեսնված բան է, որ մի այլ երկրի ներքին գործերին միջամտելուց առաջ, երբ մարդիկ իրենց կարծիքն են հայտնում, ինքը հորդորում է Հայաստանի իշխանություններին, որպեսզի ազատ կարծիքը ճնշման ենթարկի: Դրա մասին ՀՀ քաղաքացիները իրենց երկրում հաջողությամբ կարող են խոսել, դա միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքներից մեկն է: Ես ՌԴ-ի քայլը որակում եմ «գող՝ սիրտը դող»: Իսկ ինչի՞ պիտի չկասկածի հայ ժողովուրդը, երբ մենք տեսել ենք այն դավադրությունները, որոնք կազմակերպվում են Ռուսաստանի կողմից՝ խաղաղապահների հետ կապված վերջին դեպքերը, Փառուխի դեպքերը, Սյունիքում լարվածություն ստեղծելը, Ադրբեջանին զենք մատակարարելը, իր դաշնակցային հարաբերությունները ոտնահարելը: Դա մեզ իրավունք է տալիս կասկածելու, որ Հայաստանում տեղի է ունեցել դավադրություն՝ ներքին եւ արտաքին ուժերի կողմից»:
Կոնկրետ որ «Սուրմալուի» դեպքերի հետ կապված ՌԴ-ին մարդիկ մեղադրեն, Եղիազարյանն ասաց, որ նման մեկնաբանությունների գրեթե չի հանդիպել. «Անձամբ ես գրել եմ, որ կասկածում եմ եւ դրա հիմքերն ունեմ կասկածելու, ասեմ՝ ինչու. ես այն հազվագյուտ մարդկանցից մեկն եմ, որ շատ լավ տիրապետում եմ Հոկտեմբերի 27-ի գործի մանրամասներին: 2005-ին ՌԴ հատուկ ծառայությունների նախկին գեներալ Լիտվինենկոն հայտարարել էր, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները: Ինչի՞ պիտի չկասկածեմ, որ»:
Հարցին՝ ՌԴ-ի շահագրգռվածությունը ո՞րն է, ի՞նչ նպատակ ունի՝ «Սուրմալուն» պայթեցնելով՝ նա պատասխանեց. «Հայաստանում իրադրությունը ապակայունացնելու»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ դեսպանատան հայտարարության մեջ նշված է, որ «սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում»՝ Լյովա Եղիազարյանն արձագանքեց. «Թող կոնկրետ ասեն՝ ո՞ր քաղաքական ուժին նկատի ունեն: Այդպիսի ռադիկալ քաղաքական ուժ «Հանրապետություն» կուսակցությունն է, բայց երբեւէ նման հայտարարությամբ հանդես չի եկել: Նույնիսկ Տիգրան Խզմալյանն ու «Սասնա ծռերն» այդպիսի հայտարարությամբ հանդես չեն եկել: Վրդովված են, իրենք գիտեն՝ ինչ են անում՝ այն էլ՝ սգո օրով, սա անբարոյականություն է: Հայաստանի իշխանությունները այդպիսի գործառույթ չունեն ազդելու՝ ՀՀ որեւէ քաղաքացու կարծիքի վրա: Իշխանությունների հասցեին ինչ հայհոյանքներ ասես կան, բայց որեւէ միջամտություն չի կարող լինել՝ սահմանադրորեն: Այս սգո օրով փոխանակ մեր կողքին կանգնեն՝ որպես դաշնակից, մեզ հետ միասին ատամներս սեղմեն, մեր վիշտը կիսեն՝ բողոքի նոտայով են հանդես գալիս: Սա քաղաքական անբարոյականություն է: Իրենց այս քայլով իրենք են ստիպում, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ լինեն: Այդ ի՞նչ մեծ հակառուսական տրամադրություն է Հայաստանում եղել «Սուրմալուի» դեպքերի հետ կապված, որ ՌԴ դեսպանատունը նոտա է ուղարկում: Նոտա ուղարկում են իշխանությունների կեցվածքի հանդեպ, իսկ իշխանությունները որեւէ կեցվածք չեն ունեցել՝ ԱԻՆ նախարար Փամբուխչյանը, Տիգրան Ավինյանը, բոլորն ասել են՝ բացառում ենք, որ սա ահաբեկչական ակտ է: Եթե որեւէ մեկն ասեր՝ չենք բացառում ու դա կապված է ՌԴ հատուկ ծառայությունների հետ՝ կարող էին բողոքի նոտա ուղարկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ