Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի եվրոպական ինտեգրացիայի նոր փուլը. Անի Եղիազարյան

Օգոստոս 17,2022 17:20

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆ ՈՒԿՐԱԻՆԱ

2021թ․ մարտ-ապրիլ ամիսներից Ռուսաստանի Դաշնությունը սկսեց լայնածավալ ռազմական կուտակումներ իրականացնել Ուկրաինայի սահմանների երկայնքով (ներառյալ Ղրիմը)՝ սահմանի մոտ՝ մեծ անհանգստություն առաջացնելով Ուկրաինայում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում:

2022թ․ փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշեց Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի (վարչական շրջանների) տարածքները ճանաչել որպես անկախ միավորներ և այդ տարածքներ ուղարկել ռուսական զորքեր։ Դա հաջորդեց փետրվարի 15-ին ՌԴ Պետդումայի (ՌԴ խորհրդարանի ստորին պալատի)՝ համապատասխան թեմայով դրական քվեարկությանը:

2022թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Վ․ Պուտինը հանդես եկավ ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ Իր ելույթում Պուտինը մասնավորապես հայտնեց, որ հանգամանքները պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ. «Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել», – հայտարարեց Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում և հավելեց, որ Ռուսաստանն Ուկրաինան օկուպացնելու պլաններ չունի, սակայն Մոսկվան ձգտելու է այդ երկրի «ապառազմականացմանն ու ապանացիֆիկացմանը» [1]։

Ստալինի կերպարին ու գործունեությանը մեծ կարևորություն տվող Վ․ Պուտինի այս խոսքերը մեզ որոշակի առումով հիշեցնում են 1945թ․ փետրվարին (77 տարի առաջ) Յալթայի (Ղրիմի) կոնֆերանսում հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ԽՍՀՄ) ղեկավարների ընդունած որոշումներից մեկը, ըստ որի՝ Գերմանիան պետք է ենթարկվեր ապառազմականացման և ապանացիֆիկացման։ Ի դեպ, այս ամենը հետագայում տեղ գտավ հուլիսի 17-օգոստոսի 2-ին կայացած Պոտսդամի կոնֆերանսում՝ 5 «ապա»-ի (ռուսերենի դեպքում՝ 5 де-ի, իսկ անգլերենի դեպքում՝ 5 de-ի) սկզբունքների տեսքով՝ ապանացիֆիկացում, ապառազմականացում, ժողովրդավարացում, ապակենտրոնացում, ապամոնտաժում և ապակարտելացում։

Ընտրելով այս սկզբունքներից իր համար ընդունելի միայն երկուսը՝ Պուտինը, թերևս, հետապնդում էր առնվազն երկու առանցքային նպատակ․ 1) իր համաքաղաքացիներին (Ռուսաստանի ներսում) և ընդհանրապես համայն աշխարհին ցույց տալ, որ ժամանակակից Ուկրաինան «դարձել է» նացիստական երկիր, «նացիստական որջ» և «հիշեցնում է» Նացիստական Գերմանիան, 2) այդպիսով նացիզմի դեմ խոշոր պայքար մղած Արևմուտքին ավելի հասկանալի և ընկալելի դարձնել Ուկրաինա իր ռազմական ներխուժումը, դրա դրդապատճառները։

Ինչ վերաբերում է Պուտինի այն խոսքերին, թե «Ռուսաստանն Ուկրաինան օկուպացնելու պլաններ չունի», ապա ռուսական կողմն արդեն հասցրել է Ուկրաինա ներխուժելու ընթացքում քանիցս փոխել իր «հատուկ օպերացիաների» դրդապատճառներն ու թիրախները (մե՛րթ դրանք ավարտվում են Դոնբասի տարածքով, մե՛րթ դուրս են գալիս Դոնբասի սահմաններից)։ Հատկանշական է, որ «Ուկրաինայի ապառազմականացմանը ձգտող» Պուտինն իր գործողություններով ակամա հասավ նրան, որ Ուկրաինան այսօր (և հատկապես վաղը) ռազմականացված է առավել, քան երբևէ, որ նրա բանակը սկսում է սպառազինվել արևմտյան առավել որակյալ զենքերով, ընդ որում, այդ գործընթացը կրում է մասշտաբային բնույթ։

Բացի այդ «ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումը կասեցնել ձգտող» Պուտինն իր գործողություններով ակամա նպաստում է ՆԱՏՕ-ի նոր ընդլայնմանը, ընդ որում, Արևմուտքի համար թանկարժեք գործընկերներով՝ Շվեդիայով ու Ֆինլանդիայով, որով և Բալթիկ ծովում Ռուսաստանին «մնալու է» մի նեղ շերտ՝ ի դեմս Ֆիննական ծոցի մի մասի: Ընդ որում, ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությամբ ՌԴ-ՆԱՏՕ սահմանն ավելանում է 1350 կմ-ով (Ֆինլանդիան ԵՄ անդամների երկրների թվում նույնպես ունի ՌԴ-ի հետ ամենաերկար ցամաքային սահմանը), և ՆԱՏՕ-ն հայտնվելու է Վ․ Պուտինի հայրենի Սանկտ Պետերբուրգ քաղաքից մոտ 150 կմ հեռավորության վրա։ Եվ չնայած այս ամենին՝ Վ․ Պուտինը, ի զարմանս շատերի, թույլ արձագանքեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությանը։

Այս համատեքստում պետք է հիշատակել 2021թ․ դեկտեմբերի վերջերին ՊՆ-ի ընդլայնված նիստում Պուտինի այն հայտարարությունը, որ եթե ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները շարժվեն ավելի առաջ, եթե ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հրթիռային համալիրները հայտնվեն Ուկրաինայում, ապա դրանով մինչև Մոսկվա հրթիռների հասնելու ժամկետը կկրճատվի մինչև 7-10 րոպեի, իսկ գերձայնային զենքի ծավալման դեպքում՝ մինչև 5 րոպեի։ Պուտինը դա որակեց որպես ՌԴ «կարմիր գիծ» [2]։ 2021թ․ հունիսին էլ նա հայտարարել էր, որ եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա Դաշինքի հրթիռը Խարկովից Մոսկվա կարող է հասնել 10 րոպեից էլ պակաս ժամանակահատվածում [3]։

Նշենք, որ Խարկովից Մոսկվա հեռավորությունն ավտոմայրուղով կազմում է մոտ 750 կմ (օդային ճանապարհի դեպքում՝ բնականաբար ավելի կարճ), և այս համատեքստում զարմանալի է, որ Պուտինին չի մտահոգում/մասնակի է մտահոգում Ֆինլանդիայից ՆԱՏՕ-ի հրթիռի հնարավոր հարվածը նրա ծննդավայրին (որը, ի դեպ, հայտնի է իր նացիստներով)։ 2022թ․ հունիսի վերջին Պուտինն Աշխաբադում Մերձկասպյան երկրների 6-րդ գագաթնաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումն անմիջական սպառնալիք չի ստեղծում Ռուսաստանի համար․ «Ռուսաստանը խնդիրներ չունի Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ, այդ պատճառով էլ տվյալ երկրների հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնման սպառնալիքն այդ իմաստով չի ստեղծում անմիջական սպառնալիք։ Սակայն այդ տարածաշրջանում ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը, անկասկած, կհանգեցնի մեր պատասխան արձագանքին։ Ուկրաինայի պարագայում իրավիճակը կատարելապես այլ է։ Նման որևէ բան չկա Ֆինլանդիայում ու Շվեդիայում։ Դա կատարելապես այլ իրավիճակ է։ Եթե Շվեդիան ու Ֆինլանդիան ցանկանում են, ապա կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին» [4]։ Պուտինը նույն կարծիքը հնչեցրել էր նաև 2022թ մայիսին ՀԱՊԿ գագաթնաժողովում [5]։

Մեր կարծիքով՝ Պուտինի հենց այս խոսքերը, թերևս, մատնանշում ու բացահայտում են Ուկրաինա նրա ներխուժելու գլխավոր դրդապատճառը, որը, մեր կարծիքով, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մեջ չէ, որի հետևանքով, ըստ որոշ փորձագետների, Դաշինքի հրթիռը 1 րոպե շուտ կարող է հասնել Մոսկվա, իսկ այդ 1 րոպեն Պուտինի համար կարևոր է, որպեսզի հասցնի թաքնվել իր բունկերում։ Կարծում ենք, որ Ուկրաինա Պուտինի ռազմական ներխուժման թիվ 1 դրդապատճառն այն է, որ Ուկրաինայի քաղաքացիները սկսում (սկսել) էին ավելի լավ ապրել, քան Ռուսաստանի քաղաքացիները։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների փոխադարձ ելումուտը բավական մեծ է՝ դա ժամանակի ընթացքում կարող էր լուրջ սպառնալիք դառնալ Պուտինի անձնական իշխանության համար։

Թերևս հենց դրա համար է, որ Պուտինը խոչընդոտ չի տեսնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցում, որոնց քաղաքացիները վաղուց անհամեմատ ավելի լավ են ապրել և ապրում ՌԴ քաղաքացիների համեմատ (ՌԴ Կարելիա մարզի բնակիչների կենսամակարդակը որևէ կերպ չես համեմատի հարևանությամբ ապրող Ֆինլանդիայի բնակիչների կենսամակարդակի հետ)։ Մինչդեռ Պուտինը խնդիր է տեսնում ՆԱՏՕ-ին հետխորհրդային տիրույթի բավական կարևոր երկիր համարվող Ուկրաինայի անդամակցության դեպքում, և նա, ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեծ հաշվով օգտագործելով որպես պատրվակ, ձգտում է առաջին հերթին տնտեսական ջախջախիչ հարված հասցնել Ուկրաինային (մենք չենք պնդում, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն ընդհանրապես չի մտահոգում Պուտինին, սակայն միևնույն ժամանակ, մեր կարծիքով, դա չէ նրա ներկայիս ռազմական ներխուժման թիվ մեկ պատճառը)։

Թերևս հենց դրա համար է, որ Պուտինը հայտարարում է, թե ի տարբերություն Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ Ուկրաինայի պարագայում իրավիճակը կատարելապես այլ է։ Ինչո՞ւ է այլ։ Ընդհակառակը, Ֆինլանդիայի տարածքից Սանկտ Պետերբուրգին հրթիռի հասնելը կլինի անհամեմատ ավելի արագ, քան Ուկրաինայից Մոսկվայի ուղղությամբ հրթիռի հասնելը։ Ինչո՞ւ Պուտինն առաջին դեպքում խնդիր չի տեսնում, իսկ երկրորդ դեպքում խնդիր է տեսնում։ Ի դեպ, Մոսկվայից դեպի Վիբորգ (Սանկտ Պետերբուրգի մարզ), որը գտնվում է Ֆինլանդիայի սահմանից քիչ հեռու, հեռավորությունն ավտոմայրուղիով կազմում է 850 կմ, իսկ ուղիղ գծով՝ 757 կմ (գրեթե այնքան, որքան Խարկով-Մոսկվա հեռավորությունը)։

Կարելի է ասել՝ Ուկրաինայում ընթացող պատերազմով է պայմանավորված, որ Պուտինը թույլ է արձագանքում ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը, և երբ նա վերստին ամրապնդի սեփական դիրքերը, ապա ավելի կոշտ կարձագանքի դրան։ Սակայն այդ դեպքում ինչո՞ւ է նա շեշտում, որ իրավիճակը կատարելապես այլ է ՆԱՏՕ-ին մի կողմից՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի և մյուս կողմից՝ Ուկրաինայի անդամակցության պարագայում, եթե իր համար խնդրահարույցը, թիվ մեկ խնդիրը մնում է ՆԱՏՕ-ի նորանդամ տարածքից Մոսկվային հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը։

Վերջին տարիներին դեպի ԵՄ թեքվող, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած, ԱլԳ+-ի կարկառուն անդամ Ուկրաինան տնտեսական վերելք էր ապրում, ինչը, մեր կարծիքով, չէր կարող չմտահոգել Պուտինին՝ հաշվի առնելով, որ Ուկրաինայի այդ օրինակը կարող էր վարակիչ լինել հետխորհրդային տիրույթի համար, որը Պուտինը համարում է «սեփական տայգա», իսկ իրեն՝ միակ որսորդ։ Մասնավորապես 2022թ․ հունվարի 28-ին (ռուսական ներխուժումից 1 ամիս էլ պակաս ժամանակահատվածում) Ուկրաինայի Էկոնոմիկայի փոխնախարար Դենիս Կուդինը հայտարարեց, որ 2021թ․ արդյունքներով Ուկրաինայի ՀՆԱ-ն գերազանցել է 200 միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին 30 տարվա համար՝ 1991թ․ անկախացումից ի վեր։ Կուդինի խոսքերով՝ միջին աշխատավարձն էլ աճել է 21%-ով։ Ընդ որում, այս ցուցանիշները ձեռք են բերվել այն պայմաններում, երբ Ռուսաստանը 120․000-անոց զորք է կուտակել Ուկրաինայի սահմաններին, ինչն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով` ստեղծել է վախի մթնոլորտ և բացասաբար է անդրադարձել Ուկրաինայի տնտեսական ցուցանիշների վրա (կապիտալի արտահոսք, ներդրումների նվազում) [6]։

Ներկայացնենք ՀԲ-ի տվյալներով վերջին տարիներին Ուկրաինայի ՀՆԱ-ի ցուցանիշները (միլիարդ դոլար) [7]․

2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021
182․59 190․5 133․5 91․03 93․36 112․09 130․89 153․88 156․62 200․09

Այս տվյալները ցույց են տալիս, թե 2010-ականների սկզբներին վերելք ապրող Ուկրաինային ինչ տնտեսական հարված հասցրեցին 2014-2015թթ․ Ղրիմի ու Դոնբասի հայտնի դեպքերը (ռազմական գործողությունները, Ուկրաինայի կողմից զգալի և տնտեսական պլանում կարևոր տարածքներ կորցնելը)։ Չնայած դրան՝ նկատելի է, որ Ուկրաինան այդ դեպքերից հետո սկսում է վերականգնվել ու թափ հավաքել և անգամ կարելի է ասել, որ հաջողությամբ հաղթահարում է կորոնավիրուսի համավարակի հետևանքները և 2021թ․ արդյունքներով հասնում ռեկորդային ցուցանիշի (ներկայիս պատերազմում նկատելի է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ոչ ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու միտումը)։

Եվ, վերջապես, եթե խնդիրը հրթիռային հարվածի մեջ է, ապա 2018թ․ փետրվարին ՌԴ-ը մշտական հենքով Կալինինգրադի մարզում տեղակայել է «Իսքանդեր» համակարգեր, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներ։ «Պուտինյան տրամաբանությամբ» դա ժամանակային առումով բավական արագացնում է Վարշավային (Կալինինգրադից ավտոմայրուղիով հեռու է 374 կմ-ով, իսկ ուղիղ գծով՝ 277 կմ) և Բեռլինին (համապատասխանաբար՝ 525 և 628 կմ), ինչպես նաև եվրոպական այլ երկրների մայրաքաղաքներին ու խոշոր քաղաքներին հրթիռային հարված հասցնելը, և հետևաբար այդ երկրներն «իրավասու են» Կալինինգրադի մարզում սկսել ապառազմականացմանը միտված «հատուկ գործողություն»։

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ ԵՄ-ԻՆ

Ռուսական ռազմական ներխուժման օրն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնեց, որ ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա [8], իսկ Գերագույն Ռադան ռազմական դրություն մտցրեց Ուկրաինայում: Ռուսական ռազմական հարձակման խորապատկերին փետրվարի 28-ին Վ․ Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան արագացված ընթացակարգով դիմել է ԵՄ-ին անդամակցելու համար։ Իր մեկնաբանություններում Վ. Զելենսկին ընդգծում էր, որ եվրոպացիները հասկանում են, որ Ուկրաինան այժմ պայքարում է ոչ միայն իր երկրի, այլև ԵՄ բոլոր երկրների խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարության և հավասարության համար։ Սա, ըստ Ուկրաինայի նախագահի, Կիևին տալիս է ԵՄ անդամակցություն խնդրելու լիակատար իրավունք։

Մարտի 1-ին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարեց, որ ԵՄ-ն ընդունել է Ուկրաինայի դիմումը։ Իսկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծեց, որ նախ անհրաժեշտ է հասնել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանը. «Կասկած չկա, որ խիզախ ուկրաինացի ժողովուրդը, ով իր կյանքով պաշտպանում է մեր արժեքները, պատկանում է եվրոպական ընտանիքին։ Իրոք, Զելենսկին նամակ է ուղարկել ԵՄ-ին միանալու պաշտոնական խնդրանքով. նա սկսել է գործընթացը։ Դա կքննարկվի անդամ երկրների հետ, բայց այժմ մեր առաջին խնդիրը պետք է լինի այս սարսափելի պատերազմի ավարտը»,- ասել է ֆոն դեր Լայենը Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում [9]։

Մարտի 3-ին Վրաստանն ու Մոլդովան նույնպես Եվրոպական Միությանն անդամակցելու հայտ ներկայացրեցին․ «Ժամանակը եկել է. Մոլդովան պաշտոնապես ստորագրում է Եվրամիությանն անդամակցելու դիմումը», – այսպես ազդարարեց ԵՄ-ին միանալու մասին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն․ «Քաղաքացիները պատրաստ են քրտնաջան աշխատել ԵՄ-ում և եվրոպական պետությունների ընտանիքում կայուն ու բարգավաճ ապագայի համար» [10]։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարեց, որ իր երկիրը նույնպես պաշտոնապես դիմում է ԵՄ անդամ դառնալու համար։ «Այսօր պատմական օր է Վրաստանի համար։ Ես երկրի անունից ստորագրում եմ ԵՄ անդամակցության դիմումը»,- գրել էր Ղարիբաշվիլին [11]։

Մեր կարծիքով՝ Մոլդովայի ու Վրաստանի (ԱլԳ+-ի մյուս երկրների) այս պահվածքը կարող է հաստատել Վ․ Պուտինի այն ենթադրյալ մտավախությունը, որ տարբեր առումներով դեպի ԵՄ (նաև ՆԱՏՕ) Ուկրաինայի շրջադարձը՝ «Ուկրաինայի եվրոպականացումը», կարող է վարակիչ լինել նաև հետխորհրդային տիրույթի այլ երկրների համար և այդ ճանապարհին տպավորիչ արդյունքների գրանցման դեպքում՝ նաև հենց ՌԴ քաղաքացիների մեծամասնության համար։

Ակնհայտ է, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ավարտը վճռորոշ դեր կունենա ինչպես Ուկրաինայի եվրոպական հեռանկարի, այնպես էլ Եվրոպայի քաղաքական ապագայի համար, քանի որ այն նոր սահմաններ և որակ կուրվագծի Արևմուտք-ՌԴ հարաբերություններում։ Այսինքն գնալով աներկբա է դառնում, որ ռազմական գործողությունների ավարտից հետո փոխվելու է նաև Արևմուտքի կողմից Ռուսաստանի հետ առճակատման օրինաչափությունը հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում:

Հաջորդիվ փորձենք հանգամանալի անդրադառնալ ԵՄ-ի՝ ի պաշտպանություն Ուկրաինայի արված քայլերին և տրամադրած աջակցությանը՝ միաժամանակ վերլուծելով Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական անդամության հեռանկարները:

ԵՄ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆԸ

Եվրոպական Միությունը խստորեն դատապարտեց Վ. Պուտինի` Դոնեցկի և Լուգանսկի՝ Ուկրաինայի կառավարության կողմից չվերահսկվող տարածքները ճանաչելու որոշումը, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհիմն և չարդարացված ռազմական ագրեսիան։ ԵՄ-ը նաև դատապարտեց Բելառուսի մասնակցությունը Ռուսաստանի ռազմական գործողություններին։ ԵՄ-ը շեշտում էր, որ սահմանները փոխելու համար ուժի և պարտադրանքի կիրառումը տեղ չունի 21-րդ դարում, իսկ լարվածությունն ու հակամարտությունը պետք է լուծվեն բացառապես երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԵՄ առաջնորդները մի քանի անգամ պահանջեցին Ռուսաստանից անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել բոլոր ուժերն ու զինտեխնիկան Ուկրաինայից և հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։ Նրանք մասնավորապես ընդգծում էին Ուկրաինայի՝ սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքը և խրախուսում Ուկրաինայի ժողովրդին իրենց երկիրը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար։

2022թ. մարտին ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքում հրապարակվեց «Վերսալյան հռչակագիրը», որում իրավիճակի վերաբերյալ համակողմանի անդրադարձի, Ուկրաինային նախատեսվող աջակցության պատրաստակամության և բազմաթիվ կետերի հետ միասին հստակ ընդգծվում էր, որ Ուկրաինան պատկանում է «Եվրոպական ընտանիքին»: Հռչակագրում մասնավորապես նշվում էր, որ ԵՄ-ը պարտավորվում է շարունակել համերաշխություն և աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի պատերազմից փախած փախստականներին և նրանց հյուրընկալող երկրներին, ինչպես նաև այս հարցերում համագործակցել գործընկերների և դաշնակիցների հետ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և G7-ի շրջանակներում [12]:

Ընդգծենք, որ պատերազմի սկզբից ի վեր ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ընդհանուր մակրոֆինանսական աջակցությունը 2022թ. հուլիսի դրությամբ հասնում է 2,2 միլիարդ եվրոյի, և ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին այն կավելանա: Այս ֆինանսական օգնությունը գալիս է լրացնելու ԵՄ-ի աջակցությանն Ուկրաինային հումանիտար, զարգացման, մաքսային և պաշտպանական ոլորտներում:

Ինչպես վերջերս նշեց Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան, նյութական և ֆինանսական օգնության շարունակությունը տարբերակ չէ, այլ պարտականություն. «Ուստի ես շատ գոհ եմ, որ մենք արագորեն որոշում կայացրեցինք 1 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Դա Ուկրաինային կտրամադրի անհրաժեշտ միջոցներ՝ հրատապ կարիքները հոգալու և կարևոր ենթակառուցվածքների շահագործումն ապահովելու համար» [13]:

Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ընթացքում մի քանի անգամ Եվրոպական խորհուրդը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ և կրկնել, որ միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի։ ԵՄ առաջնորդներն ընդգծել են, որ Ռուսաստանը, Բելառուսը և բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են ռազմական հանցագործությունների և մյուս ամենածանր հանցագործությունների համար, պատասխանատվության կենթարկվեն իրենց գործողությունների համար՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Ռազմական ագրեսիային ի պատասխան՝ ԵՄ-ը զանգվածաբար ընդլայնեց պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ պատժամիջոցների ցանկում ներառելով զգալի թվով անձանց ու կազմակերպությունների և ձեռնարկելով աննախադեպ միջոցներ [14]։

2022թ. փետրվարի 23-ից հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների 7 փաթեթ։ Վերջիններս կոչված են թուլացնելու Ռուսաստանի տնտեսական բազան՝ զրկելով նրան կարևորագույն տեխնոլոգիաներից ու շուկաներից և զգալիորեն սահմանափակելով պատերազմ վարելու նրա կարողությունը [15]: Թերևս կարիք չկա մեկնաբանելու ԵՄ-ի այս արձագանքը, որը միանգամայն սպասելի էր և մեծ հաշվով չէր էլ կարող լինել այլ կերպ։

ԵՄ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ-Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՇՆՈՐՀՈՒՄ

2022թ․ հունիսի 17-ին ԵՄ 27 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները որոշեցին Ուկրաինային և Մոլդովային տալ եվրոպական հեռանկար և ճանաչել նրանց որպես ԵՄ թեկնածու երկրներ։ Այս մասին 2022թ․ հունիսի 23-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի առաջին աշխատանքային նիստի արդյունքներով հայտարարեց վերջինիս ղեկավար Շառլ Միշելը՝ «պատմական պահ» որակելով այդ որոշումը․ «Այսօր մենք որոշել ենք ճանաչել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հեռանկարը մենք որոշել ենք թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային ու Մոլդովային և պատրաստ ենք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ հենց առաջնահերթություններն (Եվրահանձնաժողովի առաջարկած պայմանները) իրականացվեն» [16]։

Իր հերթին Ուրսուլա ֆոն դեր Լայենը «վճռորոշ պահ և Եվրոպայի համար լավ օր» է որակել տվյալ որոշումը․ «Իհարկե, երեք երկրներն էլ պետք է կատարեն իրենց տնային աշխատանքը, նախքան նրանք կարողանան անցնել ԵՄ անդամակցության գործընթացի հաջորդ փուլին: Բայց ես վստահ եմ, որ նրանք հնարավորինս արագ կշարժվեն և հնարավորինս ջանասիրաբար կաշխատեն անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար» [17]։

Բրյուսելը, թերևս, ճիշտ որոշում կայացրեց՝ Թբիլիսիին հասկացնելով, որ պատրաստ չէ «աչք փակել» առկա խնդիրների վրա, որ պետք է գործով ապացուցել, ինտեգրման փուլում առկա դժվարությունները հաղթահարելու կամք ունենալ։ Բացի այդ Վրաստանին զուտ «եվրոպական հեռանկարի» տրամադրումը կարող են մեկնաբանել նաև այն հանգամանքով, որ այս պահին ճակատային երկրներ են Մոլդովան ու Ուկրաինան (Մոլդովան՝ Մերձդնեստրի մասով)։ Հաշվի առնելով դա՝ այստեղ գործ ունենք ԵՄ-ի տարբերակված մոտեցման շատ տիպիկ կիրառման հետ, այսինքն ԱլԳ առաջատար եռյակի (ԱլԳ+-ի) ներսում հենց եղավ տարբերակված մոտեցման դրսևորում ԵՄ-ի կողմից, և Վրաստանն այս պահին դարձավ այդ եռյակի հետնապահը։

Մեկնաբանելով Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու որոշումը՝ Վ․ Զելենսկին «հաղթական» անվանեց և Twitter-ում այսպես մեկնաբանեց «Սա հաղթանակ է, մենք սպասել ենք 30 տարի և 120 օր։ Սա եզակի և պատմական պահ է Ուկրաինայի և Եվրամիության հարաբերություններում: Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է», – ընդգծեց նա [18]:

Չնայած այս ամենին՝ բոլորի համար հասկանալի է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը չի կարող լինել շատ արագ։ Եվրոպական Հանձնաժողովը նախանշել է վեց քայլ, որոնք Ուկրաինան պետք է իրականացնի, նախքան առաջ շարժվելը: Դրանց թվում են՝

  • Դատաիրավական ոլորտին առնչվող բարեփոխումները (1-ին և 2-րդ կետերը),
  • Հակակոռուպցիոն գործընթացների բարելավումը,
  • Փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրության համապատասխանեցումը Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (FATF) չափանիշներին,
  • Օլիգարխների ազդեցության սահմանափակումը,
  • Լրատվամիջոցների մասին օրենքի ընդունումը, որը համապատասխանեցնում է Ուկրաինայի օրենսդրությունը ԵՄ տեսալսողական մեդիա ծառայությունների պահանջին,
  • Ազգային փոքրամասնությունների իրավական դաշտի բարեփոխման ավարտը[19]։

Ակնհայտ է, որ ԵՄ-ին անդամակցության հայտերն արտահայտում են Եվրոպական հարևանության երկրների խորը տագնապը, որն առաջացել է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ Մոլդովայի և Վրաստանի դիմումներն ակներև արտահայտում են ԵՄ-ին քաղաքականապես մերձենալու այդ երկրների ցանկությունը՝ որպես անվտանգության և ավելի ապահով միջավայրի երաշխիք։ Հայտնի է, որ ԵՄ-ին միանալու ճանապարհը, ընդհանուր առմամբ, երկար և դժվար է, որը ներառում է սոցիալական, իրավական և տնտեսական բարեփոխումների իրականացման համար տարիների աշխատանք և ջանքեր: Իսկ առավելևս Մոլդովայի և Վրաստանի, իսկ վերջին շրջանում նաև Ուկրաինայի համար լրացուցիչ խոչընդոտ է այն, որ երկու երկրներն էլ ունեն Ռուսաստանի կողմից «աջակցվող» անջատված շրջաններ իրենց տարածքներում:

Մի կողմից հասկանալի է, որ եվրոպական կողմի համար այդքան էլ հեշտ չէ էներգետիկ կախվածության ներկա պայմաններում ՌԴ-ի հետ վարել կոշտ քաղաքականություն, և Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալը կարելի է որակել որպես փոխզիջումային այսրոպեական որոշում՝ ռուսական ագրեսիայի խորապատկերին ԱլԳ+-ի երկրների ձգտումներին որոշակի հագուրդ տալու, ռուսամետ (պուտինամետ) չերևալու և մյուս կողմից էլ ՌԴ-ի արագ և կոշտ արձագանքը չհարուցելու համար։ Ամեն դեպքում փոխզիջումային այդ որոշումը հետագայում կարող է հանգեցնել նրան, որ Եվրոպայի կենտրոնում ավարտվեն բուֆերային գոտիները (ԱլԳ+-ի անդամ Ուկրաինան ու Մոլդովան յուրատեսակ բուֆերային գոտու դեր ունեին ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև)։

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը ստիպեց ԵՄ-ին որոշակիորեն փոխել իր վերաբերմունքը դեպի «ԱլԳ» առաջատար երկրներ։ Սա հենց այն էր, ինչ պահանջում էր «ԱլԳ» առաջատար եռյակը վերջին տարիներին՝ պնդելով, որ իրենք չպետք է մեկ հարթության վրա լինեն «ԱլԳ» մյուս եռյակի հետ (Հայաստան, Բելառուս, Ադրբեջան), և որ նոր կարգավիճակ ու տարբերակված մոտեցում է պետք իրենց նկատմամբ։ Ահա այս իմաստով բավական նպատակահարմար ժամանակաշրջան է այժմ Մոլդովայի և Վրաստանի համար Ուկրաինայի հետ համընթաց արագացնելու իրենց եվրոպական ինտեգրացիան։

ԵՄ-ի կողմից հետևողական քաղաքականության վարման առումով պետք է նկատել, որ հազիվ թե գործողություններն ընթանան շատ արագ, և փորձեր կլինեն ձգձգելու գործընթացը, բայց, կարծում ենք, վեկտորը հաստատապես փոխել չեն կարող։ Ակնհայտ է նաև, որ ներկայիս պատերազմական պայմաններում (և անգամ հետպատերազմական սկզբնական շրջանում) Ուկրաինան անկարող է կատարել ԵՄ-ի «տնային առաջադրանքը»։ Ամեն դեպքում Պուտինն այն աստիճան է «վաստակել» Ուկրաինայի քաղաքացիների թշնամանքն ու ատելությունը, որ բոլորի համար պարզ է, որ նրանք այսուհետ ու հաստատապես ձգտելու են դեպի Արևմուտք՝ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ (հետադարձ ճանապարհ չկա)։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելը բացառապես քաղաքական որոշում էր և հետևանք ռուս-ուկրաինական պատերազմի։ Սա լավագույնս ապացուցում է, որ հակամարտություններն ունակ են փոխել աշխարհը, քանի որ նախքան այդ ԵՄ առաջատար երկրների ղեկավարները, ինչպես նաև ԵՄ ինստիտուտների ղեկավարները բազմիցս հրապարակայնորեն հայտարարում էին, որ ԵՄ-ին անդամակցությունը և անդամակցությունն արագացնող քայլերի ձեռնարկումը երկարատև ու բարդ գործընթաց է։

Անգամ այս իրավիճակում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարը մեծապես կախված է լինելու նաև ԵՄ առաջատարներ Գերմանիայի ու Ֆրանսիայի դիրքորոշումներից, որովհետև մինչ այդ զգացվում էր որոշակի «խանդ» այդ երկրների կողմից Ուկրաինայի հանդեպ, քանի որ Ուկրաինան, ԵՄ անդամ դառնալով, միաժամանակ կդառնար խոշոր խաղացող և որոշակիորեն նաև մրցակից իրենց համար։ Գերմանիայում ու Ֆրանսիայում նման տրամադրությունները կարող են ուժգնացած լինել փետրվարի 24-ից հետո, քանի որ Ուկրաինան դառնում է խոշոր և (թերևս ամենակարևորը) պատերազմական հարուստ փորձով բանակ, որը սկսում է համալրվել ՆԱՏՕ-ական զենքերով, համապատասխանելու է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին և կատարելու է նաև Ռուսաստանին զսպելու ճակատային երկրի գործառույթներ։ Չպետք է մոռանալ, որ դեռևս 2022թ․ մայիսին (ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը կարող է տևել տարիներ՝ միգուցե նաև տասնամյակներ [19]։

Եթե Ուկրաինան ԵՄ անդամ դառնար այժմ, ապա կդառնար Միության հինգերորդ ամենաբնակեցված անդամ պետությունը և անհամեմատ ամենաաղքատը: Ուկրաինայի մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքն անցյալ տարի կազմել է 4872 դոլար, ինչը ներկայիս ամենաաղքատ անդամի՝ Բուլղարիայի կեսից պակաս է, որը կազմում է 11683 դոլար՝ համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականների: Եթե այս ամենին ավելացնենք ներկայիս պատերազմի ավերածությունները, հետևանքները (ներառյալ նաև միլիոնավոր փախստականները), ապա ԵՄ-ում նաև օբյեկտիվորեն կարող են համաձայն չլինել Ուկրաինայի արագ անդամակցությանը (մինչև որ նա շտկի իր տնտեսական դրությունը, դուրս գա պատերազմական հետևանքներից)։ Դա, բնականաբար, կախված է բազում գործոններից, որոնց մի մասը ներկայացվում է ստորև․

Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքներից, երբ Ուկրաինայից պահանջվում է չկորցնել պետականությունը և ազատագրել հնարավորինս շատ կորսված տարածքներ (կամ էլ ամբողջովին)։ Ամեն դեպքում այդ պատերազմը կարող է հանգեցնել նաև Վ․ Պուտինի պաշտոնանկությանը թիմակիցների կողմից։

Ուկրաինայի կողմից իր «տնային առաջադրանքը» (տարբեր ոլորտների բարեփոխումներ + տնտեսական դրության շտկում և հետպատերազմյան այլ հետևանքների վերացում) կատարելու հնարավորություններից, ունակություններից ու տեմպից։ Այս համատեքստում, բնականաբար, կարևոր են նաև Ուկրաինայի ներքաղաքական զարգացումները (հնարավոր իշխանափոխությունները և այլն)։

ԵՄ առաջատարներ Գերմանիայի և Ֆրանսիայի հնարավոր հակազդեցության աստիճանից (այդ երկրների ներքաղաքական զարգացումներից)։ Արևմտյան Եվրոպայում մտահոգ են, որ մեծ նոր անդամը կարող է ավելի բարդացնել որոշումների կայացումը և ուժերի հավասարակշռությունը շեղել դեպի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա,

ԱՄՆ-ի կողմից Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ տվյալ հարցի շուրջ բանակցություններից, ԱՄՆ-ի կողմից հնարավոր ճնշումներից։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի արձագանքին, ապա ՌԴ-ը փորձում է ցույց տալ, թե այնքան էլ մտահոգված չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարով, բայց իրականում այդպես չէ, քանի որ կա տարածված մոտեցում, որ ԵՄ-ի անդամ երկրները ցանկության դեպքում դառնում են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներ։ Մենք տեսել ենք ՌԴ-ի կատաղի արձագանքը հետվիլնյուսյան տարիներին՝ 2013-2014թթ․ (ի դեպ, Վիլնյուսի գագաթաժողովին նախորդող ժամանակահատվածում ՌԴ-ը «սիրաշահելու» միջոցով էր փորձում հետ պահել Ուկրաինային եվրոպական ինտեգրացիայից՝ առաջարկելով գազային խոշոր զեղչ ու միլիարդավոր դոլարների վարկեր)։ Մյուս կողմից էլ ՌԴ-ում հասկանում են, որ նախ դեռ երկար ճանապարհ կա մինչև Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, բացի այդ թեկնածու երկրի կարգավիճակը չի նշանակում, որ այսօր-վաղը կլուծվի նաև ԵՄ-ին անդամակցելու հարցը։ Այլ կերպ ասած՝ ՌԴ-ը փորձում է նաև կառուցողական երևալ և դա «վաճառել» Արևմուտքին։

Ընթացիկ պատերազմի պայմաններում, երբ Պուտինը վերջնականապես թաղեց «փափուկ մեթոդներով» Ուկրաինայի վերադարձը դեպի «մոսկովյան տիրույթ», մեր կարծիքով՝ անկասկած է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը, ինչն էլ, թերևս, տեղի կունենա ընթացիկ տասնամյակի վերջում՝ Ուկրաինայի անկախության 40-ամյակին ընդառաջ։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

[1] Putin Orders ‘Special Military Operation’ for Ukraine, Bloomberg, 24.02.2022.

[2] Путин назвал время подлета ракет НАТО к Москве при размещении на Украине, РБК, 21․12․2021․

[3] Путин посчитал время полета ракет НАТО от Харькова до Москвы, РБК, 09․06․2021․

[4] Путин: Вступление Финляндии и Швеции в НАТО не создает непосредственной угрозы России, Anadolu, 30.06.2022.

[5] Путин заявил, что вступление Финляндии и Швеции в НАТО не создает угрозы, РБК, 16․05․2022․

[6] Daria Shulzhenko, Deputy economy minister: Ukraine’s GDP hit $200 billion for first time in 30 years, The Kyiv Independent, 29․01․2022․

[7] Ukraine GDPHYPERLINK “https://tradingeconomics.com/ukraine/gdp”, source: World Bank, Trading Economics․

[8] Генштаб Украины: армия отражает нападение России, слухи о десанте в Одессе ложные, РБК, 24.02.2022․

[9] Глава ЕК подтвердила, что Зеленский направил запрос о вступлении Украины в ЕС, Ведомости, 03.03.2022.

[10] With war on its doorstep, Moldova applies for EU membership, Reuters, 03.03.2022.

[11] Signing Georgia’s EU membership application, Prime minister of Georgia, March 3.

[12] Informal meeting of the Heads of State or Government Versailles Declaration, 10 and 11 March 2022.

[13] Council adopts additional €1 billion assistance to Ukraine, 12.07.2022.

[14] Russia’s military aggression against Ukraine: EU imposes sanctions against President Putin and Foreign Minister Lavrov and adopts wide ranging individual and economic sanctions, 25․02․2022․

[15] Russia’s aggression against Ukraine: EU adopts sixth package of sanctions, 03․06․22, տե՛ս նաև

ԵՄ-ն հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը 22․07․22․

[16] Von der Leyen lays out ‘hard work’ needed from Ukraine to join EU, Politico, 01․07․2022․

[17] Украина и Молдова получили статус кандидата в ЕС, DW, 23.06.2022.

[18] “Мы ждали 120 дней. И 30 лет”. ЕС утвердил статус Украины как кандидата для вступления в Евросоюз, BBC News Русская служба, 23.06.2022.

[19] Opinion on the EU membership application by Ukraine, European Commission, 17.06.2022.

[20] Ukraine bid to join EU will take decades says Macron, BBC, 10․05․2022․

Անի ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, եվրոպագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031