Լրահոս
Օրվա լրահոսը

Հրագործական ապրանքներ ներմուծող «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ի՝ «Սուրմալու» կենտրոնում վարձակալած տաղավարը 2021 թվականին էլ էր հրդեհից վնասվել

Օգոստոս 17,2022 14:29

Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների՝ Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնի վարչական շենքից 2019թ․ մայիսից 116 քմ վարձակալած «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն 2019թ․ սեպտեմբերին Ֆինանսների նախարարությունում հաշվառվել է որպես հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր իրականացնող կազմակերպություն: Համաձայն ՊԵԿ-ի՝ ԱՁ-ն գործող է, զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով:

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ի դեմ 2021 թվականին խաղալիքների ներկրմամբ զբաղվող «Մաթթել ինք» ընկերությունը քաղաքացիական հայց էր ներկայացրել՝ պահանջելով «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ին պարտավորեցնել դադարեցնել ապրանքային իրենց նշանի ապօրինի օգտագործումը:

«Մաթթել ինք» ընկերությունը ՀՀ-ում հանդիսանում է «UNO» ապրանքային նշանի իրավատերը, «UNO» ապրանքային նշանի պատկերն օգտագործվում է նաև թղթախաղերի վրա:

«Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ–ն փորձել է ներմուծել Հայաստանի Հանրապետություն «UNO» ապրանքային նշանի պատկերը կրող թղթախաղերը։ «Մաթթել ինք» ընկերությունը «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ–ին թույլտվություն չի տվել օգտագործելու իր ապրանքային նշանը։

Դատալեքսից տեղեկանում ենք, որ դատարանը բավարարել է «Մաթթել ինք» ընկերության հայցն ընդդեմ «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ի` ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը դադարեցնելու պահանջի մասին: Արգելվել է «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ–ին ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը, «UNO» ապրանքային նշանը կրող ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

«Մաթթել ինք» ընկերության ներկայացուցիչ Արմինե Ավետիսյանը մեր զրույցում հայտնեց, որ դատական նիստերի ժամանակ պատասխանող Գոհար Առաքելյանը դատարանին հայտնել էր, որ իր ԱՁ-ն ակտիվ չի գործում, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում գտնվող իրենց տաղավարն էլ հրդեհի պատճառով վնասվել է:

Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում դժվարացան հայտնել՝ արդյոք «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ ներկայացուցիչները հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ: Միայն ասացին, որ հիսունից ավելի մարդ է հարցաքննվել, նրանց մեջ են թե՛ տուժողներ, թե՛ տնտեսվարողներ: Այսօրվա դրությամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031