«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն այսօր այցելեց «Սուրմալուի» տարածք։ Նա լրագրողների հետ զրույցում հաստատեց՝ տարածք է այցելել որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք Երեւանի քաղաքապետի թեկնածու։
Նա հիշեցրեց, որ 2021-ին կառավարությունն ընդունել էր մի նախագիծ, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ՝ թույլ տալով միայն պետական եւ համայնքային տոների ժամանակ․ «Սա սթափեցնող է որոշ չափով, բայց մենք ինքներս պետք է կարողանանք ինքնուրույն հրաժարվել հրավառությունից, քանի որ այն խախտում է բնակիչների անդորրը, եւ այն վտանգավոր է։ Պետք է գիտակցենք, որ մեր մասնավոր միջոցառումներին պարտադիր չէ տասը կիլոմետր հեռավորության բնակիչներն էլ մասնակցեն, կան ծերեր, երեխաներ, եւ այդ պայթյունները, որոնք թեկուզ մինչեւ ժամը 23:00-ն են, մարդկանց անդորրը խախտում են։ Ժամանակն է, որ մի քիչ կոշտ քայլեր ձեռնարկենք, ռադիկալ ձեւով արգելենք»։
Ավինյանն ասաց, որ 2021-ին ԱԺ-ում քննարկումներ են եղել նախագծի շուրջ, կա մի մեծ գործարար ոլորտ, որը փոխկապակցված է այս տեսակ աշխատանքի հետ, ուստի պետք է նրանց եւս լսել․ «Այն ժամանակ քննարկումները ձգձգվեցին։ Մենք խոսել ենք պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, որը նախագծի համահեղինակն է եւ հարցը արտահերթ կերպով կքննարկվի սեպտեմբերին գումարվող նստաշրջանում»։
Նա նաեւ բացառեց, որ «Սուրմալուի» տարածքում տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն է․«Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ահաբեկչական ակտի հետ կապ չունի։ Մոտ 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մի տեղում․․․ մեկ փոքր կայծը նման հետեւանքի կարող է հանգեցնել»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ