Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյուշ Գրիգորյան․ «Որոնողական աշխատանքներն իրականացնում ենք եռահարկի մոտ, բարդ է, փլուզման վտանգ կա»

Օգոստոս 17,2022 12:18

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի հետեւանքով անհետ կորած քաղաքացիները երկուսն են, իսկ զոհվածներից մեկի անձը նույնականացված չէ, եւ եթե անհետ կորածներից մեկը չնույնականացված անձն է, ապա անհետ կորած մեկ քաղաքացի կա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

Եվ տվյալ անհետ կորած քաղաքացին, ինչպես փոխնախարարն ասաց, գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ․ «Հետեւաբար, մենք որոնողափրկարարական աշխատանքները հիմա իրականացնելու ենք եռահարկ շինությանը շատ մոտ տարածքներում, որը լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ շենքի փլուզման վտանգ կա, շենքի հարեւանությամբ կան փլատակներ, որի շրջակայքում եւ դրանց տակ փորձելու ենք որոնողական աշխատանքներ իրականացնել»։

Փոխնախարարն ասաց, որ մասնագետներ են հրավիրվել սեյսմիկ ծառայությունից եւ մասնավոր ընկերությունից, խորհրդատվություն են անցկացնում, թե ինչպես կատարեն որոնողական աշխատանքները, որպեսզի հավելյալ վնասներ չպատճառեն, նաեւ մասնագետները չտուժեն։

Իրականացվում են շինության հովացման աշխատանքներ, որպեսզի կինոլոգները եւ փրկարար շները կարողանան աշխատել, որից հետո կորոշեն ինչպես վարվել։

Փոխնախարարն ասաց, որ իրականացվել է փլատակների մաքրման աշխատանքների 70%-ը, եւ քիչ է հավանականությունը, որ աշխատանքներն այսօր կավարտվեն․ «Ամեն ինչ կախված է այն բանից, թե երբ կհայտնաբերենք քաղաքացիներին»։

Որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են տարածքներ, հատկապես նկուղային հարկերում, որոնք ԱԻՆ-ի ձեռքի տակ եղած հատակագծերում չէին երեւում, ուստի նախարարությունը, ըստ Գրիգորյանի, սեփականատիրոջից լրացուցիչ նախագիծ է պահանջել, որպեսզի նույնականացնեն ԱԻՆ-ի ունեցած նախագծի հետ․ «Փլուզման հետեւանքով ամբողջ կառուցվածքը խաթարվել է։ Դժվար է ասել՝ եղել է տարածք, որը նախագծում չկար, թե փլուզման ժամանակ է փոփոխություններ եղել»։

Սուրմալուի պայթյունի հետեւանքով 16 քաղաքացի է զոհվել։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031