ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Սուրմալու»-ի մասին: Մտածում եմ՝ խոսե՞մ, թե՞ չխոսեմ: Թվում է՝ դեպքը անխուսափելի էր: Պատճառները շատ են, բայց հիմնական պատճառները կարելի է ձևակերպել մոտավորապես, ինչպես ասում են՝ վերևները չեն կարող, ներքևները չեն ուզում:
Մեր ժողովուրդն օրինապաշտ չէ: Մարդիկ աշխատում են ամեն կերպ օրենքը շրջանցել: Օրենքի պաշտպաններն էլ հակված են աչք փակել, որոշ թերություններ չնկատել, մտածելով՝ դե, մարդիկ ընտանիք են պահում, երեխաներ ունեն…
Խոշոր սեփականատերերը տարածքը վարձով են տալիս բազմաթիվ մանր գործարարների, վարձը վերցնում ու մի կողմ քաշվում, հնարավոր տուգանքը թողնելով վարձակալի վրա: Տուգանքն էլ ծիծաղելի, խղճուկ 20-50 հազարը հասկանալի է՝ ինչ է:
Կարդացեք նաև
Պետությանն էլ խստությունը, կարծես, ձեռնտու չէ՝ կարող է պակասել բյուջեի եկամուտը:
Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ստուգող կազմակերպության ղեկավարը ասաց՝ չեն հասցնում ստուգել, մոտ 8000 ռիսկային շենք-շինություն կա, իսկ հնարավորություն ունեն ստուգելու մոտ 500-ը: Հարց է ծագում՝ ի՞նչ անել: Այդ 8000-ից մեկը, երկուսը ստուգել, խախտումների դեպքում փակել, դադարեցնել աշխատանքը:
Պատիժը պետք է լինի խիստ ու անխուսափելի: Մեկին, երկուսին խիստ պատժես, մյուսները կհասկանան, որ պատիժը անխուսափելի է ու պետք է հարգել օրենքը:
Պետք է խստացնել հակահրդեհային նորմատիվ պահանջների կատարումը նախագծային փուլում, խստացնել գոյություն ունեցող, առևտրային կամ այլ նշանակության շենքերում հակահրդեհային նորմերի ու պահանջների պահպանումը, տուգանքները կիրառել շենքի սեփականատիրոջ վրա, այլ ոչ թե վարձակալողի, տուգանքի չափը դարձնել զգալի սեփականատիրոջ համար: Շենքի շահագործման դադարեցումը միակ զգալի ու ցավոտ տուգանքն է սեփականատիրոջ համար:
Հակահրդեհային նորմերի անբավարար վիճակի դեպքում դադարեցնել շենքի հետագա շահագործումը, քանի որ հրդեհը կարող է բռնկվել ստուգման հենց հաջորդ օրը:
Շենքում պահվող կամ վաճառվող նյութերի անվտանգ լինելու պատասխանատուն պետք է լինի շենքի սեփականատերը, այլ ոչ թե վարձակալողը:
Զարմանալի ժողովուրդ ենք՝ քանի՞ անգամ պետք է քիթներս տրորվի, որ վերջապես հասկանանք՝ օրենքը խախտել չի կարելի, չի՛ կա-րե-լի: