ԱԺ նախկին անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Դժվար, անասելի ծանր է հետևել, թե ինչպիսի թեթևությամբ ենք սկսել ազգովի քննարկել հիբրիդային պատերազմի արդի դրսևորումները՝ նույնիսկ չպատկերացնելով, թե ինչ է այդ պատերազմը, ինչ դրսևորումներ է ունենում և ինչ ծավալի ավերածություններ կարող է գործել:
Մենք մեզ դնում ենք մի այնպիսի վտանգավոր իրականության առջև, որ մեր փնթի, մեծամիտ, ինքնագոհ, անգործությունը, անկյալությունը վերագրելով հիբրիդային պատերազմին, կրկին, գուցե ակամա, բայց չափազանց վտանգավոր մյուս ծայրահեղությունն ենք հյուսում՝ հղում անելով հիբրիդային պատերազմին՝ կոնկրետ անձանց, գործարարների ազատելով տեղի ունեցած արհավիրքի համար անմիջական պատասխանատվությունից:
Հիբրիդային պատերազմի կոնստանտ շրջափուլում Հայաստանը գտնվում է 2013-ի սեպտեմբերի 3-ից: Սա շրջադարձային կետ է Հայաստանի նորագույն պատմության համար:
Բայց այն ինչ տեղի է ունենում մեր օրերում, նույնիսկ եթե ինչ-որ պահի դրան միացել են հիբրիդային պատերազմի որոշ տարրեր կամ դետալներ, այնուամենայնիվ անզեն աչքով նույնիսկ կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցածը անորակ, տեղ-տեղ հանցավոր, անգրագետ, բազմաթիվ օրենսդրական բացերով կառավարման անպատշաճ վերահսկողության, անվտանգության կանոնների տոտալ խախտումների և կոռուպցիոն դրսևորումների հետևանք է:
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ անառարկելի է, որ ողբերգությունից ժամեր հետո կեղծ ահազանգերով քաոսային իրավիճակի պատրանք, տպավորություն ստեղծելով Հայաստանի ներքին և/կամ արտաքին հակառակորդները փորձում են իրենց ծրագրերի համաձայն տնօրինել իրավիճակը երկրում:
Այն, ինչ սինխրոն կերպով, համաձայնեցված կամ ոչ, անում են, անելու, ծրագրելու են մեր ընդհանուր ներքին և արտաքին հակառակորդները, վստահ եմ՝ որևէ մեկի համար նորություն չէ: Ոչ մեկիս համար վաղուց նորություն չէ այդ շրջանակի և նրանց սպասարկող մեդիայի թշնամանքը երկրին, Հայաստանի պետականությանը:
Եւ այդու հիմա նրանց քննարկելու ժամանակը չէ:
Հիմա ձեզ քննարկելու ժամանակն է:
Տղերք, չորս տարի շարունակ հասարակությունը ձեզ վստահված մանդատի դիմաց ոչինչ չի ակնկալել, բացի երկրի կեղեքիչներին, գործակալներին, թշնամիներին բացահայտելուց ու պատժելուց…
Համապատասխան օրենսդրական կարգավորումներ ու կառուցակարգեր հաստատելը, օրենքներ մշակելը, խմբագրելը ձեր անմիջական՝ բարեփոխական մանդատի շրջանակում է:
Ո՞ւմ եք սպասում, ո՞վ պետք է նախաձեռնի, այս հարցերը դնի սեղանին՝ ձեզնից բացի:
ԱԺ-ում ձեր ընդդիմադիր գործընկերները միայն այս վիճակի չարախնդացողներն ու շահառուներն են: Հուսամ նրանցից որևէ ակնկալիք չունեք:
Ստեղծված իրավիճակում մսխվում է ամենակարևորը՝ մարդիկ կորցնում են իրենց հավատը առ բարեփոխումները:
Զուգահեռաբար ամրապնդվում է համոզումը, որ իշխանությունն անհուսորեն թույլ է, և ի վիճակի չէ այլևս ինքնուրույնաբար որևէ հանցագործի, թալանչու, դավաճանի պատասխանատվության կանչել:
Վստահ եմ, այս պահին ձեզանից շատերը լրջորեն խորհում, հետևություն են անում, բայց դա չափազանց ուշացած, և որ ամենակարևորն է, համակարգային չէ:
Համակարգային հետևություն նշանակում է ռազմավարական պատկերացում անելիքի մասին, քայլերի և գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ:
Նվնվալու, ողբալու իրավունք չունեք: Հայաստանը, ի շարս այլ երկրների, մտել է մի ճակատագրական շրջափուլ, որի առաջացրած սպառնալիքները հնարավոր է հաղթահարել ստեղծարար մտքով, տեխնոլոգիաներով և ամենակարևորը դիմակայուն պետական ինստիտուտներով: Չկա այլ ճանապարհ, եթե ուզում եք ինչ-որ բան փոխել:
Պետական ամուր և կենսունակ ինստիտուտներ ստեղծելը պետք է լինի ձեր, մեր, բոլորիս պարտականությունը, որի շնորհիվ միայն հնարավոր կլինի ապահովել Հայաստանի հարատևությունը, Հայաստանի կենսունակությունը, Հայաստանի հավերժությունը:
Վերջին՝ «Սուրմալուի» դեպքը վերջինը չի լինելու, եթե չանդրադառնանք ազգովի, ետ չկանգնենք այս գահավիժող ընթացքից, չսաստենք ինքներս մեզ և ինքներս մեզ չխոստանանք, չերդվենք՝ լուռ, մտքում: