Պուտինի հայտարարությունը, թե՝ Մոսկվան պատրաստ է դաշնակիցներին առաջարկել ռուսական սպառազինություն ամենաժամանակակից նմուշները, ՌԴ-ն աջակցում է դաշնակիցներին ու ամրապնդում է ազգային զինված ուժերը, Հայաստանին ընդհանրապես վերաբերո՞ւմ է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ռուսաստանում էր: Պապիկյանը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ են վարել Միջազգային անվտանգության մոսկովյան X համաժողովի շրջանակներում: Ըստ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության՝ Շոյգուն նշել է. «Մենք քննարկելու շատ բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական եւ ռազմական համագործակցությանը։ Իհարկե, կան նաեւ հարցեր՝ կապված մեր խաղաղապահ կոնտինգենտի հետ, որն իր առջեւ դրված խնդիրներն է լուծում Լեռնային Ղարաբաղում։ Մենք, ինչպես եւ դուք, նախկինի պես համոզված ենք, որ կայունացնող գլխավոր գործոնը շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմն է»։ Պապիկյանն իր հերթին, ասել է. «Այս հանդիպումը մեզ համար շատ կարեւոր է։ Բարձր ենք գնահատում ռուս-հայկական փոխգործակցության մակարդակը, ինչպես նաեւ Ռուսաստանի ներկայության դերը Հարավային Կովկասում»։
Օրեր առաջ, հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել էր, որ հայ հասարակությունը հարցեր ունի «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության բովանդակության եւ էության մասին», այդ թվում՝ կապված տարածաշրջանում վերջին սրացման հետ։
Պապիկյան-Շոյգու հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ «Բանակ 2022» ցուցահանդեսի բացմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրեց աշխարհին, որ Մոսկվան այժմ նորագույն սպառազինության այնպիսի տեսակների է տիրապետում, որոնք զգալիորեն գերազանցում են արեւմտյան նույնանման զենքերը։ «Շատ դեպքերում մենք Արեւմուտքից առաջ ենք մի քանի տարով կամ նույնիսկ տասնամյակով», նշել էր Պուտինը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ Մոսկվան պատրաստ է դաշնակիցներին եւ գործընկերներին առաջարկել ռուսական սպառազինություն ամենաժամանակակից նմուշները՝ «հրաձգային զենքերից ու զրահատեխնիկայից մինչեւ հրետանի, ռազմական ավիացիայից մինչեւ անօդաչու թռչող սարքեր»։
Կարդացեք նաև
Պուտինը պաթոսով նաեւ ընդգծեց, թե Ռուսաստանը կապահովի իր ազգային շահերն ու դաշնակիցների պաշտպանությունը եւ կամրապնդի իր զինված ուժերը. «Նախկինի պես Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է իր դաշնակիցներին, գործընկերներին եւ կատարելագործում միջազգային անվտանգության գործող մեխանիզմներն ու նորը ստեղծում, ամրապնդում ազգային զինված ուժերն ու անվտանգության այլ կառույցներ։ Մենք կշարունակենք ապահովել մեր ազգային շահերը եւ պաշտպանել մեր դաշնակիցներին, քայլեր ձեռնարկել ավելի ժողովրդավար աշխարհի կառուցման համար, որտեղ ապահովված են բոլոր ազգերի իրավունքները»։ Կրկին դժգոհելով հավաքական Արեւմուտքից, նա նշեց, թե Արեւմուտքը «նպատակաուղղված խախտում է եվրոպական անվտանգության համակարգը», «ԱՄՆ-ն կոպտորեն միջամտում է ինքնիշխան պետությունների ներքին գործերին, սադրանքներ եւ պետական հեղաշրջումներ կազմակերպում եւ ստիպում պետություններին ենթարկվել իր կամքին»։
Հետաքրքիր է, Պուտինի հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստ է դաշնակիցներին եւ գործընկերներին առաջարկել ռուսական սպառազինություն ամենաժամանակակից նմուշները, կամ այն արձանագրումը, թե Ռուսաստանն աջակցում է դաշնակիցներին, կատարելագործում է միջազգային անվտանգության գործող մեխանիզմներն ու նորը ստեղծում, ամրապնդում է ազգային զինված ուժերը, Հայաստանին որքանո՞վ է առնչվում, կամ՝ ընդհանրապես վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ:
Ռուսաստանից վերջին 2 տարիներին հատկապես դաշնակից Հայաստանի մասին գնահատականներում միայն դժգոհություններ, կշտամբանքներ են հնչում տարբեր մակարդակներով՝ փորձագետների, մեկնաբանների կողմից: Ռուսաստան-Ադրբեջան ջերմ ու շարունակաբար սերտացող հարաբերություններն արդարացնելու նպատակով, կարծես, ռուսաստանցի քարոզիչները առիթ են փնտրում, որպեսզի Հայաստանին «ցույց տան իր տեղը»: Սակայն երբեք Ռուսաստանի քայլերը՝ Հայաստանին որպես դաշնակից քաղաքական տեսանկյունից ըստ արժանվույն գնահատելու առումով անկեղծ ու հրապարակային քննարկումներ չեն ծավալվում Ռուսաստանի ներսում: Սա արգելված թեմա է, ըստ երեւույթին, նման քննարկումներ կծավալվեն, եթե Մոսկվայի հարաբերությունները Բաքվի ու Անկարայի հետ վատթարանան:
Մեզանում ընդունված է ամեն ինչ գնահատել այս կտրվածքով՝ «եթե Հայաստանի իշխանությունը չի պաշտպանում Հայաստանի շահը, ռո՞ւսը պետք է մեզ պաշտպանի…»: Իհարկե, դա աներկբայորեն ճիշտ է, Հայաստանի իշխանությունն է պարտավոր պաշտպանել հայկական շահը, սակայն ակնհայտ է նաեւ, որ գրեթե երեք տասնամյակ Ռուսաստանը չէր թաքցնում իր գլխավոր նպատակներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու հարցում: 44-օրյա պատերազմից հետո, ի վերջո, Մոսկվային հաջողվեց լուծել խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը. ռուս խաղաղապահները միայնակ իրականացնում են այդ առաքելությունը Արցախում: Սակայն որոշ ակնառու փաստեր հաշվի առնելով կարող ենք արձանագրել, որ խաղաղապահ առաքելությունն իրականացրել է ՄԻՊ-ի գործառույթներ՝ սահմանափակվելով փաստերի արձանագրմամբ: Էլ չենք խոսում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի մասին, որ առկայության պայմաններում, փաստորեն, ԼՂ-ում վերջերս բայրաքթարներ էլ կիրառվեցին:
Մինչ Պապիկյանը բանակցում էր Շոյգուի հետ՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պետի տեղակալ Աբբաս Խալիլովը հայտնեց, որ Ադրբեջանը ադրբեջանա-հայկական պետական սահմանին 110 սահմանային-մարտական հենակետ է հիմնել:
Եթե Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմամբ, որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող պետություն, Մոսկվային չի՞ անհանգստացնում հարցը, թե ինչո՞ւ է «խաղաղության» ձգտող Ադրբեջանը շարունակում զինվել, ամրապնդել բանակը ու միաժամանակ սպառնալ Հայաստանին ու Արցախին, որ «չպետք է զենք ձեռքբերեն» ու «բանակ չպետք է ունենան»:
Ռուսաստանի որեւէ պաշտոնյա 44-օրյա պատերազմից հետո գոնե մեկ անգամ հայտարարե՞լ է, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններն անընդունելի է համարում…
Անշուշտ, սրանից ամենեւին չի բխում, որ Հայաստանը արցախահայության իրավունքների պաշտպանության խնդիրը պետք է թողնի ռուսական կողմի ուսերին: Ի վերջո, ռուս խաղաղապահները մի օր կարող են դուրս գալ Արցախից: Հետեւաբար, անպատասխան է հետեւյալ հարցը՝ Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են հնարավոր զարգացումներին, որոնք կարող են հետեւել ռուս խաղաղապահների հեռանալուց հետո: Արցախցիներին այդ դեպքում ի՞նչ է սպասում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Մոտավորապես 96-ամյա մորս ոճով. «Լավ, բա դրանք չեն ամաչու՞մ»