Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Իհարկե, բուն մեղավորն ամեն ինչում ես եմ, եւ դա է «Ժառանգության» հրաշքը, որ ես եմ մեղավորը, եւ իրենք են ճիշտ»․ «Հրապարակ»

Օգոստոս 17,2022 10:18

Զրուցել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

– «Ժառանգության» անդամներ էին այնպիսի մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում հեշտությամբ դավաճանեցին թե՛ Ձեզ, թե՛ կուսակցությանը. Ստյոպա Սաֆարյան, Դավիթ Սանասարյան, Հովսեփ Խուրշուդյան, Ռուբեն Հակոբյան եւ այլք։ Դուք չե՞ք փոշմանել այդ մարդկանց հետ ճանապարհ անցնելու, նրանց Ձեր թիմում ընդգրկելու համար։

– Նախ՝ ես չէի ասի, որ նրանք բոլորը դավաճանեցին, կարծում եմ՝ որոշ մարդիկ որոշեցին իրենց կարիերան զարգացնել այլ եղանակով։ Գիտե՞ք ինչ, մարդիկ քաղաքականություն են մտնում տարբեր նպատակներով, եւ որոշ մարդիկ «Ժառանգությունն» օգտագործեցին որպես ցատկահարթակ՝ իրենց քաղաքական կարիերայի համար, ուրիշները նորմալ ծառայեցին եւ անցան իրենց գործին, իսկ դավաճանությունն իրենց որոշելիքն է։ Ոմանք ներդրեցին՝ որքան ցանկացան, եւ վերցրին՝ որքան կարողացան։

Իսկ կարո՞ղ է այդ անձինք ներդրված էին «Ժառանգության» մեջ, որպեսզի քանդեն կուսակցությունը, եւ այդպես էլ արեցին։

– Չէ, ես չեմ կարող Ձեր թվարկած անուններից որեւէ բան պնդել, կարող եմ որպես ընդհանուր տեսություն՝ չբացառել դա․․․ Ուղղակի մարդ են, ամեն մեկը կողմնորոշվեց, ինչպես կողմնորոշվեց, իհարկե, դա ցավալի է, բայց ավելի լավ է, որ այդ ինքնամաքրումը գնա, քան թե արհեստականորեն մնան կուսակցությունում։

Տեսեք, իմ թվարկած անձանցից որեւէ մեկն այսօր առանձնապես մի հեղինակություն չունի, շատերն այսօր հանրային պարսավանքի են արժանանում իրենց քաղաքական դիրքորոշման, ֆեյսբուքյան գործունեության, մարդկային որակների, ծառայամտության համար, Դուք այն ժամանակ նրանց ա՞յլ կերպ էիք ճանաչում, եւ արդյոք հիմա փոխվե՞լ է Ձեր վերաբերմունքն այդ անձանց նկատմամբ։

– Ես բոլորին ճանաչել եմ որպես նվիրյալ, հեռանկար ունեցող քաղաքացիներ, «Ժառանգությունն» էլ մեծ ներդրում կատարել է իրենց կյանքում, իրենք էլ ժամանակին մեծ ներդրում կատարել են «Ժառանգության» գործերում, եւ կարող եմ ասել, որ նրանցից ոչ բոլորը, իմ կարծիքով, շեղվել են ճշմարիտ ճանապարհից։ Էնտեղ կան մարդիկ, ովքեր էլի նվիրյալներ են, բայց․․․

Ովքե՞ր, անուններ կտա՞ք։

– Պետք չի անուններ տալ, բայց, ցավոք սրտի, կան նաեւ անհատներ, որոնք փոխել են իրենց դիրքորոշումները, գնացել են մեկ ուրիշ ուղղությամբ։

Այստեղ կարող են Ձեզ էլ մեղադրել, որ սխալ ընտրություն եք կատարել ժամանակին, չեք կարողացել ճիշտ թիմ հավաքել, գաղափարական մարդկանց չեք տարբերել պնակալեզներից։ 

– Իհարկե, բուն մեղավորն ամեն ինչում ես եմ, եւ դա է «Ժառանգության» հրաշքը, որ ես եմ մեղավորը, եւ իրենք են ճիշտ։ Բայց ամեն մեկն իրավունք ունի նայել, ճշգրտել եւ փոխել թռիչքի կեսից իրենց մոտեցումը՝ իրենց ամբիցիաներից կամ իրենց քաղաքական նպատակներից ելնելով, կամ տվյալ շրջանի քաղաքական կոնյունկտուրայից ելնելով։

Մեծահոգաբար եք վերաբերվում նրանց։

– Չէ, քաղաքական օրինաչափություն է, իսկ «Ժառանգությունն» ինքը ստանդարտ քաղաքական կուսակցություն չէ, ինքն ավելի քաղաքացիական դարբնոց է։ Եվ մարդիկ կան, որոնք քաղաքացիական դարբնոցին հարազատ են մնում, մարդիկ էլ կան՝ արդեն անցնում են քաղաքական կոնյունկտուրային․ դա է տարբերությունը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031