«Սուրմալու» առեւտրի կենտրոնում փրկարարաորոնողական աշխատանքները երրորդ օրն է՝ շարունակվում են: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ՖԲ իր էջում գրառում էր կատարել, որ հրդեհը մեկուսացվել եւ կրակը մարվել է ժամը 18:00-ի սահմաններում:
Երեկոյան, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե կա 16 զոհ, որոնցից 15-ի ինքնությունը պարզվել է, մեկինը՝ դեռ ոչ, եւ կա եւս մեկ անհետ կորած, վերջին տվյալներով թվերի փոփոխություն կա՞, թե՞ ոչ, ասաց. «Անհետ կորածների թվում կա փոփոխություն: Ներկա պահին ունենք փաստացի երկու անհետ կորած: Ունենք հայտնաբերված 16 դի, որից մեկի ինքնությունը չի պարզված: Այսինքն, ենթադրելի է, որ եթե երկու անհետ կորածներից մեկի ինքնությունը դատաբժշկական փորձաքննությամբ նույնականացվի այդ նույն կորած անձի հետ, մեզ կմնա մեկ անհետ կորած: Իսկ մինչ այդ ունեինք երեք անհետ կորած: Սակայն ՌԴ քաղաքացին, որին փնտրում էինք, հարազատները կապ են հաստատել եւ պարզվել է, որ նա վիրահատվել է լրիվ այլ պայմաններում: Սա է պատճառը, որ անհետ կորածների թիվը մեկով պակասել է»:
Հարցին, թե ո՞ր աշխատանքներն են ավարտվել, այս պահին ո՞ր աշխատանքներն են շարունակվում եւ ո՞ր մասում, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց. «Քաղաքացիների որոնման աշխատանքները շարունակվում են հիմնականում կիսակառույց շենքի այն հատվածում, որը չի փլուզվել: Դա այն շինությունն է, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Փլուզվել է շենքի մի մասը, իսկ մյուսը գտնվում է վթարային վիճակում: Մեր գնահատմամբ այն ապամոնտաժման ենթակա է: Երբ որոնողական աշխատանքները ամբողջությամբ ավարտենք, այդ ժամանակ կդարձնենք քննարկման առարկա, թե ինչպես պետք է այդ շենքը ապամոնտաժվի: Մենք հակված ենք, որ դա իրականացնեն մասնագիտացված կազմակերպությունները»:
Նախարարը վստահեցրեց, որ այդ տարածքում արդեն հրդեհավտանգ նյութեր չկան: Նաեւ նշեց, որ իրենց ներկա պահին հետաքրքրում են միայն որոնողական աշխատանքները եւ իրենք չեն մտնում իրավապահների ոլորտ, թե տնօրենների ներկայացուցիչներից հարցաքննվե՞լ են, նախնական կամ կանխակալ ինչ վարկածներ կան: Սակայն իրենք խոսել են տնօրինության հետ, ստացել պայթուցիկ նյութերի եւ հատակագծերի հետ կապված հարցերի պատասխանները եւ դրա հիմքի վրա է ինքը վստահություն հայտնվում, որ չկան այլեւս պայթուցիկ նյութեր:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչ քանակության պայթուցիկ նյութեր են եղել պահեստներում, նախարարը պատասխանեց, որ նախնական գնահատմամբ ՝ մոտ չորս տոննա: Իսկ թե նորմա՞լ է, որ մայրաքաղաքի կենտրոնում նման քանակությամբ այդպիսի նյութեր են պահվում, Արմեն Փամբուխչյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը կտան այն համապատասխան մարմինները:
Նախարարը նաեւ հիմնավորեց, թե ինչի են հրշեջներն ու փրկարարները հիմնականում ձեռքով մաքրման աշխատանքներ իրականացնում ինչի հետեւանքով գործընթացը դանդաղում է: «Քանի դեռ կա անհետ կորած մարդ, այդ հատվածում մենք չենք կարող ծանր տեխնիկա օգտագործել ամբողջ ծավալով: Որտեղ ենթադրաբար կարող ենք քաղաքացի հայտնաբերել, առաջին հերթին ձեռքով մաքրման աշխատանքներ են իրականացնում: Հետո ունենալով համոզմունք, որ այդտեղ որեւէ քաղաքացի չկա, այդ ժամանակ ենք ծանր տեխնիկա գործարկում: Երբ ունենանք այն պատկերը, որ հայտնաբերվել են բոլոր մարդիկ, մաքրման աշխատանքները կարագանան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ