Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը չպետք է միջոց լինի

Օգոստոս 17,2022 10:00

«Վերացական դոգման, եթե անգամ ազնիվ է իր հիմքում, բայց որն իրեն ավելի բարձր է դասում, քան կենդանի եւ փխրուն մարդկային կյանքը, եւ դիտվում է որպես միջոց՝ բարձր նպատակների հասնելու համար, դառնում է սպանության գործիք»: Մտքի հեղինակը նշանավոր լեզվաբան եւ գրականագետ Յուրի Լոտմանն է: Համատեքստը Պուշկինի ստեղծագործությունների վերլուծությունն է, բայց պարզ է, որ դա ունիվերսալ ճշմարտություն է: Ընդ որում՝ մեր ժամանակների համար խիստ արդիական:

Երբ քննարկվում էին 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, պաշտոնական քարոզչության մեջ շատ էր տարածված «մարդակենտրոն» որակումը: Իբր՝ առաջարկվող նախագիծը հենց այդպիսին էր: Հիմա մենք գիտենք, թե ինչի համար էր փոխվում սահմանադրությունը, եւ մեր այդ գիտելիքի ֆոնին «մարդակենտրոն» բառը նույնպես վարկաբեկվել է:

Դա չի նշանակում, որ մեր գործողությունները չպիտի լինեն մարդակենտրոն: Ստորեւ կփորձեմ ցույց տալ հակառակ մոտեցումները, որոնք, իբր, սկզբունքային են, գաղափարական կամ քաղաքական, բայց իրականում մարդակեր են:

«Շատ լավ է, որ Արմեն Գրիգորյանը մահացավ է, բա ինչո՞ւ էր նա սխալ բաներ ասում»: «Շատ լավ է, որ Բերձորում եւ Աղավնոյում մարդիկ տեղահանվում են, դա երաշխիք է, որ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա իշխանության»: «Շատ լավ է, որ Ավետիք Չալաբյանն ազատազրկված է, թող ավել-պակաս մեր վարչապետի մասին չխոսի»: «Շատ վատ է, որ Աղվան Հովսեփյանին ազատ արձակեցին գրավի դիմաց, իր հանցագործությունների համար նա պետք է մահանար բանտում»: «Պետք չէ խոսել Բաքվում պահվող գերիների մասին, դա քաղաքական շահարկում է»:

Բայց կա նաեւ մեկ այլ մոտեցում, որը ես ճիշտ եմ համարում: Նշանակություն չունի, թե ո՞վ է ազատազրկվում քաղաքական հայացքների պատճառով՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Ավետիք Չալաբյանը: Տարբերություն չկա, թե ո՞վ է մահանում Հայաստանի պատժիչ համակարգի դաժանության պատճառով՝ «Հաց բերողը», թե՞ Արմեն Գրիգորյանը: Կարեւոր չէ, թե քաղաքական ի՞նչ հաշվարկներից ելնելով են մեր քաղաքացիները շարունակում գտնվել գերության մեջ կամ Արցախի մեր հայրենակիցները գաղթական դառնում:

Գուցե դուք ասեք, որ այս՝ երկրորդ մոտեցումը միամիտ է եւ իդեալիստական: Բայց այդ դեպքում մի զարմացեք՝ «Սուրմալուի» ողբերգության հանդեպ մեր հասարակության մեծ մասի անտարբերության վրա:

 

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nimar says:

    «Մի դավաճանիր ճշմարտությանը, փոխիր ճշմարտությունը» (Եժի Լեց): Մարդակենտրոն վերաբերմունքն ընդամենը կարգախոս է, բայց «մարդ» ասելով հասկանում են «մարդ, որը մերոնցից է»։ Եվ ես հեշտությամբ պատկերացնում եմ այս կերպարը, ով իր հարազատներին դասավորում է եկամտաբեր աշխատանքի, «լեզու է գտնում», երբ կարող է իր նպատակին հասնել սպառնալիքներով կամ կաշառքով։ Նա այդպիսին է՝ առերեւույթ հայկական ավանդույթներին հավատարիմ, ընտանիքի լավ հայր, առատաձեռն ընկեր ու բարեկամ, քշում է իրեն հասանելիք ամենաթանկ մեքենան, խիստ տարված է հեղինակության նկատառումներով, ինչը բացահայտ դրսևորվում է վարքով և արտաքինով։ «Ազիզ ապեր, թագավոր տղա…»։
    Շատ կարևոր է տարբերել վերացական մարդուն «ընդհանուր առմամբ», և նրա այս տեսակին, քանի որ վերջինս իր «ճիշտ» կարգավիճակից ելնելով բոլորից պահանջում է մի տեսակ «մարդկային վերաբերմունք»։ Դա չի խանգարում նրան թշվառ ապուշներ համարել բոլոր նրանց, ովքեր չեն համապատասխանում «մարդու» մասին իր պատկերացումներին։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031