Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան․ «Պետք է բարձր ռիսկայնության վայրերում ռիսկի գնահատում իրականացվի․ օրինակ՝ Խորենացի փողոցի ոսկու շուկան ի՞նչ վիճակում է»

Օգոստոս 16,2022 20:57

«Կառավարման համակարգում բարձիթողի վիճակ է»․ այս կարծիքին է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ գնահատելով «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքին նախորդող եւ հաջորդող պետական կառույցների աշխատանքը։

Դեպքից օրեր հետո էլ բազմաթիվ հարցեր անպատասխան են մնացել՝ ո՞վ է մեղավոր մարդաշատ կենտրոնում պայթուցիկ նյութերի պահեստ շահագործելու թույլտվություն տալու համար, անվտանգային կանոնները չպահպանելու համար, թերացումները չվերացնելու համար եւ այլն։

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ապա պայթյուն է եղել, զոհերի թիվն այս պահին 16 է ։ Նրանց մեջ կան հղի կին եւ երեխա։

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ դեռ 2021 թվականի մարտին ստուգում են իրականացրել առեւտրի կենտրոնում եւ հակահրդեհային անվտանգության կանոնների մի շարք խախտումներ հայտնաբերել, վարչական տույժ նշանակել եւ խախտումները վերացնելու կարգադրագիր։ Հետո տեսչական մարմնի խոսնակը մամուլին հայտնել է, որ այդ ստուգումից հետո վերստուգում չեն հասցրել իրականացնել, քանի որ մարդկային ռեսուրսը չի բավականացրել։ Կարճ ասած՝ օբյեկտները շատ են, տեսուչները՝ քիչ։

Բաբկեն Պիպոյանը տեղին չի համարում տեսչական մարմնի պարզաբանումը, ասում է՝ սկսում են «լացել», երբ բախվում են խնդրին, մինչդեռ, եթե կա ռեսուրսների խնդիր, այն էլ նման ոլորտում, ապա դրա մասին շատ ավելի շուտ պետք է տեղեկացնեին վերադասին։

«Երբ տեսչական մարմինը սկսում է արդարանալ․․․ ոչ թե այսօր պետք է խոսեր դրա մասին, այլ մեկ –երկու, նույնիսկ հինգ տարի առաջ պետք է ասեր՝ եթե ես լիարժեք ստուգում իրականացնեմ, ապա կարող եմ ստուգել, ասենք, 60 օբյեկտ, ինչը քիչ է, կամ էլ կիրականցնեմ 300 ստուգում, բայց որը գուցե ոչ լիարժեք լինի եւ ապա հիմնավորեր՝ լավ է աշխատում, թե՝ վատ։ Այս կարգի հիմնարկները, երբ բողոքում են ռեսուրսներից, մի հատ թող միջազգային պրակտիկային նայեն՝ քիչ են, թե՝ շատ։ Այնպես չէ, որ այլ երկրներում ստուգող տեսուչներն անհամեմատ ավելի շատ են, կամ հակահրդեհային անվտանգություն ստուգող տեսուչներն ավելի շատ են, եւ այնպես չէ, որ մենք խայտառակ վիճակում ենք։ Պարզապես կոնցեպտուալ փոփոխություններ է պետք անել, տեսչական մարմնի մոդելն է պետք փոխել։ Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի աշխատակիցները, որ նստած ինչ-որ անհասկանալի մոդելներ են գծում, ձեւափոխում, այդ մարդկանց ռեսուրսները պետք է ճիշտ օգտագործել նորմալ գործ անելու համար»,-ասում է Պիպոյանը։

Եթե անգամ տեսչական մարմնի աշխատակիցները քիչ են, չեն հասցրել վերստուգում իրականացնել, ապա հարց է առաջանում՝ մի՞թե տեսչական մարմինը բարձր ռիսկայնության օբյեկտների առաջնահերթության ցուցակ չունի, մանավանդ որ Սուրմալուի տարածքում հայտնաբերված խախտումներն էլ սթափեցնող պետք է լինեին, սրան էլ գումարած ԱԻՆ-ի մշտապես տարածող հայտարարությունները, որ օդի բարձր ջերմաստիճանով պայմանավորված երկրում հրդեհների բռնկման բարձր վտանգ կա։ Այս առնչությամբ էլ Պիպոյանն ասում է՝ մեր երկրում չկա իրական անվտանգության ապահովման պլանավորում եւ իրական ռիսկերի գնահատման պլանավորում՝ գիտական հիմքով եւ չափորոշիչներով․«Պետք է առնվազն բարձր ռիսկայնության վայրերում գնահատում իրականացվի եւ գերարագ միջոցառումներ իրականացվեն։ Օրինակ՝ Խորենացի փողոցի ոսկու շուկան ի՞նչ վիճակում է։ Նման օբյեկտներում անվտանգության վիճակը պետք է արագ ստուգել, գյուղական տարածքներում էլ նույն գործողությունները պետք է իրականացնել։ Ի վերջո` անվտանգության կանոնների պահպանման մասին քարոզ պետք է իրականացնել։ Բայց պետական կառավարման այս համակարգով եւ այս «պրոֆեսիոնալիզմով» հնարավոր չէ խնդիրները լուծել»։

Պիպոյանի խոսքով՝ մեր երկրում պետական վերահսկողության թույլ լինելը դարձել է պետական աջակցության մեխանիզմ․«Բայց հսկողը նորմալ պետք հսկի, աջակցողը նորմալ աջակցի։ Իսկ մենք բազմիցս լսել ենք՝ տեսչական մարմինների համակարգման գրասենյակից սկսած՝ մինչեւ տեսչական մարմինների ղեկավարները, պարբերաբար խոսում են, թե փորձելու են օգնել բիզնեսին, ու դա ասում են մեծ ուրախությամբ։ Ստուգող մարմինն ի՞նչ գործ ունի բիզնեսին օգնելու հետ, բիզնեսին այլ կառույցներ են օգնում։ Սա էլ է խնդիր։ Մեր գերխնդիրը պետք է լինի կանխարգելելը»։

Անդրադառնալով ԱԻՆ-ի որոնողափրկարարական աշխատանքներին, Պիպոյանն ասում է՝ բարձր եմ գնահատում փրկարարների աշխատանքը․«Բայց երբ նայում եմ, թե ինչպես է համակարգվում աշխատանքը․․․ օրինակ շարքային քաղաքացիներ էին միացել, որոնք նման իրավիճակներում կողմնորոշվելու եւ աշխատելու փորձ չունեն, մինչդեռ պետական ուժային այնքան կառույցներ կան, որոնք գոնե տիրապետում են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման հմտություններին, սակայն ներգրավված չէին այդ աշխատանքներում։ Սա պետության վերաբերմունքն է, մինչդեռ պետք է այնպես համակարգվեր աշխատանքը, որ փլատակի տակ մնացած մարդուն ժամ առաջ դուրս բերեին, կյանքը փրկեին։ Այս աշխատանքները կատարում ենք թերացումով»։

Նշենք, որ քրեական գործ է հարուցված, եւ ինչպես հայտնում է դատախազությունը, երկու տասնյակ անձինք են հարցաքննվել, դեպքի վայրին կից տարածքների տեսախցիկներն են առգրավվել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031