«Ես սիրում եմ Հայաստանը, որովհետև հայրենիքս է»,- ասում է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում ապրող 10 տարեկան Աշոտ Ավետիսյանը, ում սերը հայրենիքի հանդեպ արտահայտվում է ոչ միայն խոսքով, այլ նաև՝ գործով: Աշոտի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցն օրերս համալրվեց 6 համակարգչով և 3 եռաչափ տպիչով:
«Մայիսի 25-ին՝ տարեդարձիս, հյուրերին խնդրեցի, որ նվերների փոխարեն ինձ գումար տան»,- ասում է Աշոտը: Աշոտի հայրը՝ Տիգրան Ավետիսյանը, որն մասնագիտությամբ ատամնաբույժ է, պատմում է, որ նմանատիպ նախաձեռնություն իրականացրել են նաև տղայի 5-ամյակին, այդ ժամանակ էլ հավաքված գումարը նվիրաբերել են 2016 թվականի քառօրյա պատերազմում զոհված 6 զինծառայողի ընտանիքի: «Աշոտը հիշել էր այդ նախաձեռնության մասին, և խնդրել, որ իր տասնամյակին կրկին գումար նվիրեն, ես ու կինս էլ աջակցեցինք, հիմնեցինք «Երեխաները՝ հանուն երեխաների «Ավետիս» հիմնադրամը»,-հավելում է նա:
Գումարի մի մասն այդպես է հավաքվել, այնուհետև Աշոտը մեկ այլ նախաձեռնություն է իրականացրել: Մրգերից պատրաստված հյութեր և ձմերուկ է վաճառել անցորդներին ու վարորդներին: Նրան են միացել ամերիկացի և ամերիկահայ ընկերներն ու բարեկամները: Տղայի այս ակցիան լուսաբանել է անգամ ամերիկյան ամսագրերից մեկը: Տիգրանի խոսքով՝ այս նախաձեռնությունը չի սահմանափակվելու միայն համակարգիչներ նվիրելով. արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել Բոստոնի ավագ դպրոցի հետ, որի աշակերտները հեռավար՝ ծրագրավորման, մաթեմատիկայի և անգլերեն լեզվի դասընթացներ են անցկացնելու տեղի աշակերտների հետ. «Կարծում եմ, որ սա բոլորի համար դրական կլինի, այս շփման արդյունքում երեխաները կընկերանան, իսկ ամերիկահայերը կապ կունենան հարազատ երկրի հետ»:
Օրերս համակարգչային դասասենյակն էլ անվանվեց Տիգրանի պապի՝ նույն դպրոցի ֆիզիկայի ու մաթեմատիկայի վաստակաշատ ուսուցիչ Մուղսի Գալստյանի անունով: Ողջունելով նախաձեռնությունը, դպրոցի տնօրեն Նահապետ Մանուկյանը հույս հայտնեց, որ համակարգիչները կխթանեն աշակերտների առաջադիմության բարձրացմանը, և նշեց, որ 220 աշակերտ ունեցող դպրոցն այս տարի ունեցել է 52 գերազանցիկ, 8 շրջանավարտից 4-ն էլ ընդունվել են բուհեր, 2-ն էլ աշնանը կփորձեն՝ հեռակայի համար:
Կարդացեք նաև
Ապագա ծրագրավորո՞ղ, թե՞ ճարտարապետ. դեռ մտածում է Աշոտը, բայց հաստատ որոշել է, որ շարունակելու է համակարգիչներ նվիրել նաև Հայաստանի մյուս գյուղերի դպրոցներին, որովհետև ինչպես ինքն ասաց. «Երբ ես բարեգործություն եմ անում, ինձ լավ եմ զգում»:
Փիրուզա ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ