Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Խաչատրյանը ավագանու «Իմ քայլ»-ը անդամի մասին․ «Մանդատը վայր դնելը հանրային պարսավանքի հետեւանք է, նա անկեղծ չէ, երբ դա կապում է քաղաքական անհամաձայնության հետ»

Օգոստոս 16,2022 17:55

Երեւան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վայր է դնում մանդատը։

Նախօրեին Բաղդասարյանը մի գրառում էր արել՝ ծաղրելով Սուրմալուի ողբերգական դեպքը։

«Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց չէր լինի»,-գրել էր Բաղդասարյանը։ Սակայն հիմա այս գրառումը նրա սոցիալական էջում չի երեւում, կամ ջնջել է կամ թաքցրել։

Նրա գրառումը զայրացրել էր ավագանու մյուս անդամներին, որոնք Բաղդասարյանին հորդորել են հարգանք դրսեւորել, նման ցինիկ բաներ չգրել, ի վերջո պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան։

Ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանն էլ բավականին կոշտ էր արձագանքել Բաղդասարյանի այդ գրառմանը։

Aravot.am-ի հետ զրույցում Անի Խաչատրյանն ասում է՝ հանրությունը տվեց նրան իր գնահատականը, հետեւանքն էլ իր հաջորդ գրառումն էր, որը նորից իր վարքագծի եւ բարոյականության սահմաններում էր։

Կարինե Բաղդասարյանը նաեւ աչքի է ընկել Հատիս լեռան վրա Հիսուսի արձանը տեղադրելու դեմ պայքարով։ Նա իր մանդատը վայր դնելու մասին էլ տեղեկացրել է գրառումով․ «Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում ՝ մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն առաջինը ինքդ քո առջև:

Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետևաբար, և ոչ մի հուշարձան ապահովագրված չէ խոշտանգումներից:

Չեմ կրկնվի՝ նշելով մանրամասներ:

Բայց ինձ վերականգնվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու»:

Անի Խաչատրյանը ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին ասում է․ «Ինքը նույնիսկ այս գրառումով ցույց տվեց մարդկային բարոյականության բացակայությունը, որովհետեւ անկեղծ չէ, եւ մանդատը վայր դնելը կապում է քաղաքական անհամաձայնության հետ։ Վստահ եմ՝ մանդատը վայր դնելը երեկվա գրառումից հետո հանրային պարսավանքի հետեւանք է»։

Անի Խաչատրյանի խոսքով՝ Կարինե Բաղդասարյանը որպես ավագանու անդամ ոչ մի բանով աչքի չի ընկել, ակտիվ չի եղել․ «Նա նույնիսկ աչքի չի ընկել հանրապետությունում իր այդ ակտիվ գործունեության՝ պատմամշակութային կամ հուշարձանների պահպանությամբ, իր ձայնը չի լսել ո՛չ երեւանցին, ո՛չ էլ ավագանու անդամները, նույնիսկ միջանցքում իր ձայնը չի լսվել բարեւի տեսքով, ինքը «բուտաֆորիա» է եղել»։ Նա երեկ միանգամից բացահայտվեց իր գրառմամբ, մինչ այդ ոչ էլ ճանաչել են նրան, մենք իրեն միայն դեմքով գիտեինք»։

Խաչատրյանի կարծիքով՝ Բաղդասարյանը, որը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, վերջին շրջանում անհամաձայնություններ ուներ իր թիմի հետ․«Վերջին շրջանի նրա գրառումները Հատիսի մասին էր, սա ոչ քաղաքական թեմա է որպես այդպիսին»։

Կարինե Բաղդասարյանը նախօրեին հեգնական գրառում էր կատարել նաեւ Վայքի համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանի՝ իր կնոջ ընկերության հետ 537 միլիոն դրամի պայմանագրեր կնքելու մասին։ «Թողեք մարդիկ աշխատեն, վայ»,-գրել էր Բաղդասարյանը։

Այս առնչությամբ էլ Խաչատրյանն ասում է․ «Ավագանու անդամի աշխատանքը հասարակական հիմունքներով աշխատանք է, չենք վճարվում, եւ իմ անձնական կարծիքով՝ վերջին շրջանում նման կարծիքներ գրելն ու նման աղմուկներն ավելի լավ վճարվող աշխատանք են»։

Ի դեպ, Բաղդասարյանի գրառման տակ Անի Խաչատրյանն ու Կարինե Բաղդասարյանը միմյանց վիրավորական արտահայտություններով են մեկնաբանել։

Այս առնչությամբ էլ Խաչատրյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց․ «Գրառումը շատ զայրացրեց ինձ, համապետական սուգ է, ու այլ բանի հետ խառնել, հեգնել այն, ինչ կատարվել է, այդքան զոհեր կան, չկարողացա անտեսել իր գրառումն ու չգրել։ Ովքեր ասում էին՝ չի կարելի նման գրառում անել, նա բոլորին ագրեսիվ պատասխան էր տալիս, ու ստացավ հանրության այն պատասխանը, ինչին արժանի է։ Նա դժբախտությունը ծաղրում էր, հնարավոր չէր հունից դուրս չգալ։ Ինքն այնքան չափերն անցավ, որ ես չկարողացա չարձագանքել»։

«Իմ քայլի» անդամների՝սոցիալական ցանցերում «բարեվարքության» մեկ այլ դրսեւորում էլ, հիշեցնենք, նախկին նախարարի դուստր Նվարդ Վարդանյանն էր ցույց տվել, երբ 2019-ին գրել էր․ « Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել՝ թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031