Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե ՌԴ խաղաղապահների մանդատը չի վերանայվում, ուրեմն պարապուրդի մասին է պետք խոսել»․ Մհեր Կարագոզյան

Օգոստոս 16,2022 17:25

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործման, Բերձորի միջանցքի կարգավիճակի պահպանության առնչությամբ ռուսական կողմին պահանջներ ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ հավաք էր կազմակերպել «Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնությունը։

Նախաձեռնության անդամ,  «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Մհեր Կարագոզյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Եթե առաջնորդվում են նոյեմբերի իննի հայտարարությամբ, ապա դրա 6-րդ կետը չի ենթադրում, որ Բերձորի միջանցքի հայերին պետք է տեղահանել։ Մենք անընդունելի ենք համարում նման էթնիկ զտումները։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունները չի իրականացնում։ Հասկանալի չէ, թե ինչի համար են ռուսական խաղաղապահ զորքերը։ Դրանք արդյոք նրա՞ համար են, որ ադրբեջանական կողմի պահանջները կատարվեն»։

Հետաքրքրվեցինք՝ գուցե ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի վերանայո՞ւմն է խնդիրը։ Մեր զրուցակիցը պատասխանեց․ «Իհարկե, մանդատի վերանայման խնդիր կա։ Եթե չի վերանայվում, ուրեմն պարապուրդի մասին  է պետք խոսել։ Մենք սահմանները պաշտպանելու խնդիր ունենք կամ մեր ուժերով, կամ էլ պետք է դիմել միջազգային հանրությանը՝ բազմազգ խաղաղապահ զորքեր տեղակայելու ուղղությամբ»։

Իսկ թե ինչու կառավարությունը չի խոսում ռուսական կողմի հետ՝ խաղաղապահ առաքելության վերանայման հարցով, Մհեր Կարագոզյանը հետեւյալ կարծիքը հայտնեց․ «Ըստ իս՝ ներկա քաղաքական իրավիճակում կառավարությունը հայտնվել է գերու վիճակում այս ամբողջ իրադարձությունների մեջ, որովհետեւ ռազմական ուժի ազդեցության եւ ռուսական կողմի խտրական վերաբերմունքի ներքո կարողանում են ռազմական ճնշումների բանեցմամբ հասնել իրենց նպատակներին»։

Հարցադրմանն ի պատասխան, թե հետպատերազմյան իրավիճակում ՀՀ կառավարությունը ոչ մի մեղավորություն ու թերացում չունի՞, Մհեր Կարագոզյանը պատասխանեց․ «Ակնհայտորեն ունի։ Եթե կառավարությունը հայտնվում է գերու կարգավիճակում, ուրեմն ի զորու չէ որեւէ հարց լուծել բանակցությունների ճանապարհով։ Կառավարությունը եւ Արցախի իշխանությունը պարտավոր են քաղաքական պաշտպանություն ապահովել քաղաքացիների համար, ինչը չի արվում։ Եթե այդքան անկարող են, ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ ենք իրենց աշխատավարձ տալիս, թող հրաժարական տան, գնան»։

Նկատառմանն ի պատասխան, որ այսքան կորուստներից ու դեպքերից հետո հրաժարականներ չկան, Մհեր Կարագոզյանն ասաց․ «Ուրեմն թող լուծումներ գտնվեն։ Այո, Արցախի հարցում հանրային համախմբում չկա, որովհետեւ իրադարձություններն ամեն րոպե զարգանում են։ Ընդվզման փորձերը կանխվում են րոպեական որոշումների արդյունքում, բայց պարտադրված խաղաղությունը ստորացուցիչ է եւ հաստատ նախընտրելի չէ պատերազմից»։

Հավելենք, որ «Հանրային վերահսկողություն» հ/կ-ի կամավորները նույնպես այս օրերին Բերձորում եւ Աղավնոյում են՝ աջակցելու տեղի բնակիչներին․ թեեւ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությամբ ամրագրված չէ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հայաթափում, սակայն բնակիչներին հրահանգված է մինչեւ օգոստոսի 25-ը լքել բնակավայրերը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031