Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառել Բերձորի միջանցքի կարգավիճակի խաթարումը»․ ի՞նչ պահանջներով նամակ հանձնվեց ՌԴ դեսպանատանը

Օգոստոս 16,2022 16:50

«Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության մի քանի անդամներ այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ էին՝ նամակ հանձնելու նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության եւ Բերձորի միջանցքի կարգավիճակի պահպանման պահանջներով։ Նամակում, որը հանձնվեց դեսպանատանը, շարադրված են հետեւյալ պահանջները․

-Իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունները,

-Ապահովել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների ամբողջական վերադարձը,

-Վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը,

-Բացառել նոր ռազմական էսկալացիաները,

-Բացառել Լեռնային Ղարաբաղի համար կենսական նշանակություն ունեցող Բերձորի մարդասիրական միջանցքի կարգավիճակի խաթարումը։

«Միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող է Բերձորի միջանցքով անցնող նոր երթուղու փոփոխություն իրականացվել՝ երթուղին լիարժեք պատրաստ լինելուց հետո։ Հակառակ դեպքում կասկածի տակ է դրվում ռուսական խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունը եւ ՌԴ-ի ներկայությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը։

Նա վստահեցրեց, որ իրենք հետեւողական են լինելու պահանջներին, եւ ակնկալիքներ ունեն ՀՀ կառավարությունից ու ռուսական կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբից․ «Ֆրանսիային եւ ԱՄՆ-ն նույնպես ներկայացնելու ենք մեր մոտեցումները ու պատկերացումներն իրավիճակի մասին»։

Հետաքրքրվեցինք՝ ՀՀ կառավարությունից արձագանքե՞լ են օրերս նախաձեռնության փոխանցած նամակին։ Նարեկ Այվազյանը պատասխանեց, որ դեռ ոչ։

Հարցին՝ «ո՞վ է այս իրավիճակի համար պատասխանատու առաջին հասցեատերը», Նարեկ Այվազյանը պատասխանեց՝ բնականաբար, ՀՀ կառավարությունը․ «Այդ պատճառով էլ մեր նամակն առաջինը կառավարությանն ենք հանձնել։ Նաեւ քաղաքական կուսակցություններին ենք ուղարկել, որպեսզի մոտեցումներ արտահայտեն մեր պահանջների վերաբերյալ։ Ուղիղ պատասխան դեռեւս չունենք, բայց որոշ շրջանակներ հայտարարություններ արել են»։

Հիշեցնենք, որ թեեւ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությամբ ամրագրված չէ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հայաթափում, սակայն բնակիչներին հրահանգված է մինչեւ օգոստոսի 25-ը լքել բնակավայրերը։ «Արցախի հանրապետության ճանաչում» նախաձեռնությունն առաջարկում է արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով բազմազգ խաղաղապահ ուժեր ներգրավել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031