Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշումը՝ տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերի փոփոխության մասին, դժգոհություններ է առաջացրել վարորդների մոտ։
Օգոստոսի 16-ի առավոտյան ավտովարորդները փակել էին Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածը։ Այստեղ է տեղադրվել կշեռքը, որտեղ մի քանի օր է, ինչ ստուգում են բեռնատարները։ Վարորդները պահանջում են փոխել թույլատրելի առավելագույն քաշը՝ 26 տոննայից հասցնելով 28-ի։ Ըստ բողոքողների՝ Տաթեւ-Աղվանի ճանապարհի ոլորաններով բարձրանալիս՝ քիչ քաշով բեռնված մեքենան չի կարող բարձրանալ՝ կայունությունը հնարավոր է կորցնի։
«Նմանվում են Եվրոպային, թող եվրոպական ճանապարհ կառուցեն ու հետո պահանջեն»,-ասում է վարորդներից Աշոտ Մելքոնյանը։ Մեկ այլ վարորդ պատճառաբանում է, որ մեքենաները կապարակնքված են, ու իրենք իրավունք չունեն բացել, քանդել կապարակնիքը, ավել բեռները հանել։
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հընթացս հանդիպել է բողոքող վարորդների հետ։ Նախարարը Սյունիքում է՝ ծանոթանալու Խոտ-Կոռնիձոր, Տաթեւ-Աղվանի ավտոճանապարհների կառուցման ընթացքին։ Նախարարին ավտովարորդները ներկայացրել են 4 կետից բաղկացած առաջարկ։
Կարդացեք նաև
«Պայմանավորվածություն է ձեռքբերվել ճանապարհը բացել եւ Երեւանում՝ նախարարի, վարորդների եւ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում անցկացնել, որից հետո պարզ կլինի որքանով են վարորդների առաջարկներն ընդունելի»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Ըստ վարորդների, կան ավտոմեքենաներ, որոնք սնունդ կամ բանջարեղեն են բեռնել: «Կանգնեցնում են, ասում են՝ ավել է քաշը։ Պահանջում են կամ դատարկել կամ չեն թողնում շարունակենք ճանապարհը»,–ասում է Աշոտը։
Վարորդներն առաջարկում են նաեւ նվազեցնել ավել բեռի նկատմամբ կիրառվող տույժ-տուգանքների չափը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ