«Այս պահի դրությամբ կա հաստատված 16 զոհ, 14-ի ինքնությունը պարզված է»,- լրագրողներին հայտնեց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը:
Կա՞ արդյոք որեւէ վտանգ այս պահի դրությամբ՝ լրագրողի այս հարցին ի պատասխան փոխնախարարը հետեւյալը նշեց. «Շենքի այն հատվածում, որը դեռ կանգուն է, շարունակում են իրականացվել հովացման աշխատանքներ, պայթյունի վտանգ չկա, բայց թեթեւ ծխային օջախների առկայություն կարող է լինել: Տեսադիտարկման միջոցով փորձում ենք պարզել ներսում ինչ կա, շենքի ներս հնարավոր չէ մուտք գործել, դա վտանգավոր է փրկարարների համար»:
Ինչպե՞ս է պատահում, որ զոհերի թիվն ավելանում է, բայց ամփոփված տվյալներով այդ թիվը չի փոխվում, այս հարցին էլ նախարարի տեղակալը այսպես պատասխանեց. «Ես ձեզ ասացի պաշտոնական թվերը, որոնք տրամադրում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Չենք բացառում, որ կարող են լինել ինչ-ինչ տեխնիկական խնդիրներ»:
Նաեւ հավելեց. «Կան մարդիկ, որոնք պատասխանատու են տարածքի համար, որոնց հետ աշխատանք է տարվում, որպեսզի հասկանանք շինության հատակագիծը, թե ինչ հավելյալ տվյալներ կարող են տրամադրվել, որոնք կօգնեն որոնողափրկարարական աշխատանքներին»:
Կարդացեք նաև
Փոխնախարարը նշեց, որ չունի տեղեկատվություն՝ արդյոք ինչ-ինչ մարդիկ ենթարկվել են պատասխանատվության կատարվածի համար:
Հստա՞կ է, թե որ հատվածում է եղել պայթյունը, ինչ մանրամասներ են հայտնի: Այս մասին էլ Դավիթ Համբարյանը հետեւյալն ասաց. «Տեղեկատվությունը մշակվում եւ ճշգրտվում է մեր ծառայությունների հետ միասին, ուզում ենք հասկանալ, թե որ հատվածում ինչի հետ ենք գործ ունեցել եւ ինչի հետ գործ ունենք: Ըստ էության այո, ունենք տեղեկատվություն, թե որտեղ են եղել կուտակումներ: Շենքի մեջտեղում է պայթյունը եղել, որը փլուզման էպիկենտրոնն էր»:
Նախարարի տեղակալն ասաց, որ հույս ունեին, թե ինչ-որ հրաշքով կարող է ողջ մարդիկ լինեն, բայց այդ հույսը, նրա բառերով, գնալով մարում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ