Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի «COVID-19 Համերաշխության ծրագիր 2020-2022» ծրագրի շրջանակում «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը մեկնարկել է «Իմացիր ու իրազեկիր» ծրագիրը։
Ծրագրում ընդգրկված են Հայաստանի քրեակատարողական թվով 4 հիմնարկներ, եւ այն ուղղված է համավարակների, մասնավորապես COVID-19-ի մասին իրազեկվածության բարձրացմանն ու կանխարգելմանը։ Ըստ կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանի՝ ծրագիրը իրականացվելու է «Արմավիր», «Գորիս», «Աբովյան» «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում։
Ոչ ֆորմալ կրթության մեթոդներով կազմակերպվող դասընթաց-վարժանքներում կընդգրկվեն 82 պատիժ կրող անձինք։ «Հարցումները ցույց են տվել, որ պատիժ կրող անձանց մոտ ցածր է պատվաստվելու ցանկությունը։ Կփորձենք բարձրացնել նրանց իրազեկվածությունը, որպեսզի պատվաստվեն»,-նշեց Իրինա Մանուկյանը։
Կարդացեք նաև
Միաժամանակ, ծրագրի շրջանակում մշակվելու է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվելու է համավարակների ժամանակ վերանայել պատիժ կրող անձանց պատժաչափը։
Ի դեպ, մինչեւ ծրագրի մեկնարկը կազմակերպության անդամների համար իրականացվեց «Շահերի պաշտպանություն եւ քաղաքականության վրա ազդեցություն՝ փակ հաստատություններում Քովիդ-19-ի համատեքստում» երկօրյա վարժանքը։
Լուսանկարները դասընթաց-վարժանքից՝ տրամադրել է «Հանուն Ազատության» կազմակերպությունը