Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խոր վշտակցություն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյուննների և դրան հաջորդած աղետալի դեպքերից տուժած բոլոր քաղաքացիներին, սգակիր և պատասխանատու ենք զգում զոհերի առջև:
Առաջարկում ենք որոնողափրկարարական աշխատանքների վերջին օրը հայտարարել սգո օր և ՀՀ պետական դրոշը խոնարհել Հայաստանում և արտերկրում պաշտոնական ատյանների շենքերի առջև:
Միաժամանակ պնդում ենք՝ դեռևս չբացահայտված այս աղետի պատճառով տուժած մեր բոլոր հայրենակիցներին անհապաղ ցուցաբերել համակարգային օգնություն։ Պետականությամբ և ազգային համախմբմամբ օգնենք աղետից տուժածներին՝ հաղթահարելու ծագած դժվարությունները, աջակից և նեցուկ լինենք անվտանգության համակարգի վատ աշխատանքի պատճառով այսպիսի ծանրագույն կորուստների ենթարկված մեր հայրենակիցներին:
ՀԴԿ-ն պահանջում է պետական պատկան մարմիններից ամենայն պատասխանատվությամբ հետաքննել կատարված հնարավոր բոլոր վարկածները, անաչառ բացահայտել պաշտոնյա մեղավորներին, թերացողներին՝ թույլ չտալով վաղաժամ կեղծ հայտարարություններ, եղածը հապշտապ ծածկելու քայլեր: Այս աղետը պետք է զգոնության ահազանգ դառնա բոլորի համար։ Ձեռնարկել անհրաժեշտ և հնարավոր գործողություններ նման իրավիճակում երբեք այլևս չհայտնվելու համար: Հայաստանը բարդագույն ներքին և արտաքին մարտահրավերների առջև է՝ պետության վատ կառավարման արդյունքում նոր աղետները անխուսափելի են։
Կարդացեք նաև
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն