«Երրորդ օրն է, ինչ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, մենք ներգրավված ենք այդ հատվածում, ինչպես նաեւ առաջին օգնության ծառայություն ենք մատուցում դրա կարիքն ունեցող մեր հայրենակիցներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր Խաչ ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Նրա խոսքով, երեք օրվա ընթացքում օգնության համար դիմել է 140 քաղաքացի, այժմ օգնություն հայցողների թիվը պակասել է. «Եթե նախորդ երկու օրերին 120 հոգի էր դիմել հոգեբանական աջակցության համար, ապա այս պահի դրությամբ՝ 20 հոգի: Հիմնականում դիմում են տուժածների հարազատները, «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում աշխատող մարդիկ եւ փրկարարները, որոնք ունենում են արյան ճնշման խնդիրներ, գլխացավեր, այրվածքներ: Առաջին իսկ օրվանից այստեղ ենք: Մեր մանդատն է՝ լինել այնտեղ, որտեղ մեր կարիքը կա: Հենց այս պահի դրությամբ 50 հոգի աշխատում է այստեղ՝ կամավորներ եւ աշխատակազմ: Երեկ 90-ն էին ներգրավված, այս պահին՝ 50-ը, նրանցից 20-ը ներգրավված է որոնողափրկարարական աշխատանքներում»:
Պատասխանելով «Սուրմալու» կենտրոնում ձայներ լսելու վերաբերյալ հարցին՝ տիկին Եղիազարյանն ասաց. «Հայկական Կարմիր Խաչի կամավորները ձայներ չեն լսել, նման բան չի կարող լինել: Մեր կամավորները հատուկ պատրաստվածություն ունեն, իրենք չհիմնավորված որեւէ ինֆորմացիա չեն կարող տալ, որպեսզի չբորբոքեն մարդկանց հարազատների հույզերը: Ինձ ասացին, որ եղել են կամավորներ, որոնք ինչ-ինչ ձայներ են լսել: Նկուղում մարդիկ են աշխատում, հնարավոր է արձագանքի ձայնը, եւ տպավորություն լինի, որ ներքեւից ձայներ են գալիս: Ցավոք, մենք չլսեցինք այդ լավ լուրը, որ մարդկանց ձայներ են լսել ու հաստատվել է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ