«Այս պահի դրությամբ 16 մահացած քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է: 13-ի թվում են հղի կինը եւ երեխան: Անհետ կորածների թիվը 10-ն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նրա խոսքով. «Հավանականություն կա, որ տվյալ հատվածում քաղաքացիներ կան, դրա համար ծանր տեխնիկա չենք օգտագործում, որ չվնասենք, հիմնականում աշխատանքները իրականացվում են ձեռքով: Հավաքում ենք տարածքում եղած բեկորները եւ տեղափոխում տարածքից դուրս»:
Հայկ Կոստանյանը հավելեց, որ տարածքում աշխատում է 100 փրկարար, նրանց հետ համատեղ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն են եւ ՈՄԱ-ից կամավորներ: Ընդգծեց, որ հավելյալ ուժերի կարիք չկա:
«Փլուզման վտանգ եղել է առաջին վայրկյանից, դրա համար իրականացրել ենք անվտանգության տեսանկյունից որոշակի գործողություններ, որպեսզի ապահովենք անվտանգությունը թե փրկարարների, թե այն աշխատակիցների, որոնք ներգրաված են աշխատանքներում: Սուրմալու առեւտրի կենտրոնի տաղավարները փակ են, տեղեկատվություն չունեմ, թե դրանք երբ կբացվեն»,-ասաց ԱԻՆ մամուլի խոսնակը:
Կարդացեք նաև
«Սգո օր կհայտարարվի, դա կլինի կառավարության որոշմամբ, թե երբ կհայտարարվի, դեռ պարզ չէ»,-հավելեց նա՝ պատասխանելով լրագրողների հարցին: Ասաց նաեւ, որ անհայտ կորածների թվում կա ԻԻՀ մեկ քաղաքացի, եւ մեկն էլ ՌԴ քաղաքացի է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ