Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող լինել զոհ կամ ողջ մարդ, որ չիմանանք». ԱԻ նախարար

Օգոստոս 16,2022 11:13

«Ներկա պահին կա 16 զոհ, 17 անհետ կորած: Անհետ կորածների թիվը 18 էր, ստացել ենք զանգ, որ տվյալ քաղաքացին երկրում չի գտնվում եւ ողջ է: Այս պահին սա է պատկերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նա հավելեց, որ ողջ գիշեր աշխատել են. «Հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ, կատարվում են հովացման աշխատանքներ, ինչքան մաքրում ենք փլատակները, փոքր օջախներ են բացվում, նաեւ ծխի տեսքով, կարելի է ասել, որ ամբողջ ծավալով իրականացնում ենք միայն որոնողափրկարարական աշխատանքներ»:

Նախարարի խոսքով, քանի դեռ կա հավանականություն, որ փլատակներում կարող են քաղաքացու հայտնաբերել, ծանր տեխնիկա չեն օգտագործում: «Հնարավորինս բացազատում ենք տարածքը, այնուհետեւ ծանր տեխնիկա օգտագործելուց առաջ մեր փրկարարները դիտարկում են տարածքը, նոր ծանր տեխնիկա է օգտագործվում… Ենթադրում ենք, որ անհետ կորածների թիվը կպակասի, որովհետեւ ներկա պահին 16 զոհից միայն 6-ի ինքնությունն է հաստատված, պետք է դատաբժշկական փորձաքննություն իրականացվի, նաեւ հարազատներին են սպասում, որ դիերը ճանաչեն»,-ասաց Փամբուխչյանը:

«Երեկ համացանցում տարբեր տեղեկություններ էին պտտվում, տարբեր անձինք խոսում էին հղի կնոջ եւ երեխայի մասին, ես խնդրում եմ մեր քաղաքացիներին, հատկապես սոցկայքերից օգտվող, հետեւել միայն պաշտոնական լուրերին: Այդ անհեթեթ սպասումները, որ տալիս են հարազատներին, մանավանդ այս բարձր բացասական էմոցիոնալ ֆոնի վրա, ընդհանրապես չի օգնում մեր աշխատանքներին, եւ առհասարակ բարոյահոգեբանական մթնոլորտին: Չի կարող լինել որեւէ դեպք, լինի ողջ մարդ , թե զոհ, որ չիմանանք, եթե տարհանվում է այս տարածքից, առաջինը մենք ենք իմանում այդ մասին»,-ասաց նախարարը:

Նա անդրադարձավ նաեւ հղի կնոջ եւ երեխայի մասին լուրերին: Ասաց, որ գտնվել են մարմիններ, բայց քանի դեռ հարազատները չեն նույնականացրել, դատաբժշկական փորձաքննություն չի եղել, առողջապահության նախարարությունից չեն հաստատել տվյալը, իրենք զերծ են մնում մեկնաբանություններից:

Նախարարն ասաց, որ հանդիպել են Սուրմալուի սեփականատերի հետ, հատակագծեր են ուզել կադաստրի կոմիտեից, որ կարողանան մանրակրկիտ զննումներ իրականացնել. «Հրավառ նյութերի պահեստից է սկսվել պայթյունը, թե կոնկրետ որ հարկից ու որ վայրից, զերծ կմնանք մեկնաբանելուց, քանի որ չունենք փորձաքննության արդյունքները»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031