Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, այդ թվում՝ «Սուրմալու» տոնավաճառում պատահած ողբերգությունը, չի կարելի դարձնել «քաղաքական» քարոզչության առարկա: Քաղաքականը տվյալ դեպքում միտումնավոր եմ չակերտների մեջ դնում, որովհետեւ, լայն իմաստով, իրական քաղաքականությունը (policy) կապ ունի համակարգերի արդյունավետության եւ որոշումներ ընդունելու մեխանիզմների հետ, եւ այդ թեման, անշուշտ, պիտի քննարկվի «Սուրմալուի» պայթյունների համատեքստում: Բայց քաղաքականությունը մեզ մոտ հասկացվում է չափազանց նեղ իմաստով, որպես իշխանության համար պայքար: Եվ այդ շրջանակներում ցանկացած ողբերգական պատահարի դեպքում ընդդիմությունն իր բոլոր դատողությունները սկսում է «մինչեւ այս իշխանությունները չհեռանան…» մանթրայով, իսկ իշխանության քարոզիչներն ակնարկում են նախկինների եւ ռուսների մասնակցության մասին:
Ես գերադասում եմ քննարկել հարցի արմատական լուծումները: Ոչ թե զբաղվել մեղավորների փնտրտուքով:
Օրինակ՝ ինչպե՞ս պայքարել շահումով համացանցային խաղերի դեմ: Պատասխանը, կարծես թե, պարզ է. դրանք պետք է արգելել, այսինքն՝ բանկային փոխանցումներն այդ հաշիվներին համարել ապօրինի: Եթե որոշումն ընդունողներն իսկապես ցանկանային վերջ տալ խաղամոլությանը, նրանք այդպես էլ կվարվեին, ոչ թե կընկնեին լրատվամիջոցների հետեւից: Նկատենք, որ օրենքի սահմաններում գործող եւ հարկեր վճարող լրատվամիջոցների միջոցով տարածվող մոլախաղերի գովազդի հատվածը կազմում է համացանցում այդ գովազդի շրջանառության հազիվ 10 տոկոսը:
Ինչպե՞ս անել, որ հասարակական տրանսպորտի կանգառներում, որտեղ տեսախցիկներ չկան, բացի այդ փոխադրամիջոցներից, այլ մեքենաներ, մասնավորապես, տաքսիներ, չկայանեն: Լուծումը շատ հստակ է. ոստիկանությունը պետք է ուշադիր հետեւի եւ խստորեն տուգանի այդ տեղերում կայանող մեքենաների վարորդներին:
Կարդացեք նաև
Ի՞նչ է պետք անել, որ կիրակի օրը տեղի ունեցած ողբերգությունը չկրկնվի: Այստեղ էլ ոչ մի գաղտնիք չկա. արգելել մասնավոր անձանց եւ ընկերությունների կողմից կազմակերպվող հրավառությունները, որոնք, բացի ամեն ինչից, շրջապատում ապրողների հանդեպ ամբարտավան վերաբերմունքի ցուցիչ են: Եթե հրավառություններ չլինեն, ապա պայթուցիկ նյութերի կարիքն էլ չի լինի, դրանք ոչ կպահվեն, ոչ էլ կվաճառվեն: Իսկ եթե պետությունը ցանկանա հրավառություն կազմակերպել, ապա պայթուցիկ նյութերը թող վերցնի հատուկ պահեստներից, որտեղ խստորեն պահպանվում են պահման մեթոդները:
Ամբողջ խնդիրն այն է, որ մեր իշխանությունը պատրաստ չէ որեւէ հարցի լուրջ, կառուցողական քննարկմանը: Ցանկացած քննադատություն, թեկուզ մեղմ եւ բարեկամական, հանդիպում է կոշտ հակադարձմանը՝ «բա որ դու…» պարզունակ տրամաբանությամբ: Երբ իշխանությունն իր ողջ էներգիան ծախսում է ընդդիմախոսներին այդ ոճով «տեղը դնելու» վրա, պետական կառավարման համակարգը անկառավարելի վիճակում է:
Արամ Աբրահամյան
Ես առաջարկում եմ ընդհանրապես արգելել մասնավոր անձանց ու ընկերությունների հրավառությունները, հետեւաբար՝ նաեւ պայթուցիկ նյութերի մասնավոր կերպով պահելն ու վաճառելը: Կանխելով առարկությունները՝ «գուցե գազի կամ բենզինի կայանները նույպես արգելենք», «գուցե պարարտանյութի պահեստները նույնպես վերացնենք», ասեմ՝ առանց գազի եւ բենզինի, առանց պարարտանյութի հնարավոր չէ ապրել՝ այստեղ պետք խստացնել կանոնները, հետեւել դրանց եւ բացառել կոռուպցիան: Առանց «սալյուտ խփելու», ինչպես նաեւ առանց «ղումար խաղալու» միանգամայն հնարավոր է ապրել: Դրանք հանգիստ կարելի է արգելել:
Առաջարկություններ կարդալը մեծագույն հաճույք է, դրանք կարող են այսօր ճիշտ թվալ, վաղը առաջարկողներն իրենք իրենց կհերքենք կամ էլ ուրիշները կհերքեն կամ կավելացնեն: Սա արարչագործական մշակույթ է, որ ազգն այն ունի, նա էլ փրկված է: Անչափահասները բնական ինքնահաստատվելու բարդույթով մարդիկ են եւ նրանք պետք է իրենց միանշանակ հաստատ կողմ թե դեմ լինեն ցանկացած առաջարկի եւ դա պետք է դրական ընկալվի առաջարկողների կողմից: Իսկ առաջարկներն ինչքան ֆանտաստիկ ու անտրամաբանական լինեն, այնքան առաջարկողի մտահորիզոնը առավել մեծ է: Եկեք չվախենանք եւ առաջարկներ անենք, իմ համոզմամբ իշխանությունը մեղավոր է այնքան, որքան ընդդիմությունը թույլ է տալիս, այսինքն՝ առաջարկներ են պետք լավ ընդդիմություն ձեւավորելու համար: Ես առաջարկում եմ Քաղաքացիական բանակ ստեղծել: