«Այսօր ես խորն անհամաձայնության մեջ եմ այն հասարակության հետ, որի հետ ապրում եմ: Դու չես կարող միակողմանի խաղալ թենիս, դու պետք է ունենաս քո հասարակությունը: Մինչդեռ այսօր ես ոչ մի ցանկություն չունեմ այդ հասարակության հետ խոսելու, որովհետեւ ովքեր հասկանում են, կարիք չունեն, որ իրենց ինչ-որ բաներ ասես: Իսկ այն մասը, որ հասկանում է, բայց իրեն դնում է էշի տեղ, իրենց ասելու ոչինչ չունեմ»,-«Հայելի» ակումբում ասաց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը:
«Իրենք (իշխանությունները-Գ.Հ․) խելացի չեն, բայց թարս խելացի են, իրենք մեղքը գործում են, հետո մտածում են՝ ում վրա դնեն: Իսկ այսօրվա արվեստագետները արվեստագետներ չեն: Նրանք պետք է հասկանային, որ արվեստագետը պետք է անկախ լինի իշխանություններից ու անգամ ժամանակից»,-ասաց նա:
Հովհաննես Գալստյանի խոսքով՝ հասարակությունը երբեք չի ներկայացրել քաղաքացիական գիտակցությամբ արվեստագետ ունենալու պահանջ, եւ ցավոք արվեստագետներից շատերը պաշտպանում են իշխանություններին: «2018-ից ես պետական չինովնիկների թիրախում եմ, քրեական գործ են հարուցել, որ իբր «Թողություն» ֆիլմի հետ կապված հափշտակություն եմ արել ու չեմ ավարտել…Ես այն ռեժիսորն եմ, որ այնքան փառատոների եմ մասնակցել, որ բոլոր ռեժիսորները միասին այդքան փառատոնի չեն մասնակցել: Ես այն ռեժիսորն եմ, որ քննադատել եմ իշխանություններին, բայց եւ նախկինների օրոք են իմ ֆիլմերը ֆինանսավորվել եւ սրանց օրոք ստացել եմ բարձրագույն պարգեւ»,-ասաց նա:
Նա անդրադարձավ Աղավնոյի բնակչին, որ այրել էր տունը, որ թուրքերին չմնա. «Նա բացահայտ հերոս է, պետք է վերցնել ու տարածել, հասարակությանն ասել, որ եթե ուզում եք ընդօրինակման արժանի հերոս, էս է էդ հերոսը: Նրա ամեն բառը մեղադրական վերդիկտ էր…Բայց այն մարդը, որ երբեք տուն չի սարքել, ոնց կարող է հասկանալ սեփական տունն այրող մարդուն: Երեւի ասում են՝ լավ, էս ինչ վայրենություն է, հետա մենք մեր կառավարական դաչաներում ապրում ենք, վաղը, որ իշխանությունը փոխվի, մեր կառավարական դաչաները այրելու ե՞նք»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ