Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում «պապիկների գործով» հարցաքննվել են «ձվահարված» վկաները․ ի՞նչ էին պատմում նրանք

Օգոստոս 15,2022 20:03

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց, այսպես ասած, «պապիկների գործով» դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին երեք վկաներ։

Այս գործով կան 7 ամբաստանյալներ, որոնք մեղադրվում են ընդդիմադիրների՝ Գյումրիում կազմակերպած հանրահավաքի օրը՝ մայիսի 8-ին, Երևանյան խճուղու կանգառներից մեկում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու մեջ։ Նիստը վարող դատավորը Ռոման Սմբատյանն է։  Այսօր հարցաքննվող վկաներից երեքն էլ ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասնակիցներ էին, որոնք ավտոերթով Երևանից ժամանել էին Գյումրի ու «Ստրոմմաշ» թաղամասի կանգառում այսպես ասած «ձվահարվել էին»։

Վկաներից Վահե Գասպարյանը պատմեց, որ ինքը շարասյան հետ մտել է Գյումրի, ձվերով հարվածել են մեքենային, կանգնեցրել է մեքենան, որպեսզի տեսնի՝ արդյոք չի՞ վնասվել։ «Ես իմ անձնական մեքենայով եմ եկել մասնակցելու հանրահավաքին, միայնակ էի մեքենայում, ձվերով հարվածը կանգառի մոտից էր, իջա, մի քանի հոգի մարդ էր կանգնած, ձայներ լսել եմ, բայց  թե ինչ էին խոսում, հասկանալի չէր»,- ասաց վկան։ Նա պնդեց, որ հայհոյանքներ չի լսել, եթե հնչեին, հաստատ կլսեր, քանի որ մեքենայի ապակիները  բաց էին։

Այս վկայի հարցաքննությունը բավական կարճ տևեց։

Վկա Հովհաննես Ստեփանյանն էլ դատարանին տված իր ցուցմունքում ասաց, որ Գյումրի մտնելուց իրենց ձվերով խփել են, մեքենայի մեջ 4-5 հոգի էին, կանգնել են տեսնեն, թե ինչ վիճակում է մեքենան։ Նա պատմեց, որ 2-3 հոգի էին կանգնած տարածքում, խառը վիճակ էր։

Դատախազ Արթուր Մնոյանի հարցին, թե հայհոյանքներ լսե՞լ է, կանգնածները միմյանց հարվածել են, վկան պատասխանեց․ «Ոչ, ցավդ տանեմ, ի՞նչ հայհոյանք»։

Դատավորը հորդորեց այսուհետ դատարանում նման բառապաշարով չխոսել։

Դատավորն իր հերթին հետաքրքրվեց, թե ըստ վկայի՝ ինչի՞ համար էին իրենց ձվերով խփում։ Վկան ասաց՝ չգիտեմ։ Նա պատմեց, որ երբ մեքենայից իջել են, տեսնեն՝ ինչ է կատարվում, հատակին նկատել են ձվեր, բայց ձեռքերին՝ ոչ։ Ձվերից մեկը կպել է իր հետ երթևեկողներից մեկի դեմքին, անձեռոցիկ է տվել, որ սրբի։ «Իջանք, հարցրեցինք՝ ովքեր եք, բայց ոչ մի պատասխան չստացանք, մեքենան մաքրեցինք, որ կարողանանք շարունակել ճանապարհը»,-ասաց նա։

Վկային հարց տրվեց միջադեպը ֆիքսող տեսանյութի մասին, նա ասաց, որ նայել է մի անգամ, սակայն իր տեսածն ու զգացածը և տեսանյութում եղածը նման չեն։

Դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ հակասություններ կային։ Վկան նախաքննական ցուցմունքում ասել էր, որ կանգառում գտնվող 4 տղամարդկանց ձեռքին պոլիէթիլենային տոպրակներով ձվեր կային,  բացի այդ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել։ Ըստ նախաքննական ցուցմունքի, ձվերից մեկը խփել են իր հետ եղած անձանցից մեկի աչքին, սկսվել է քաշքշուկ, բաժանել են ծեծկռտուքի մեջ մտած անձանց,  հետո նստել մեքենաներն ու շարժվել են։

Լսելով ծեծկռտուք բառը՝ Հովհաննես Ստեփանյանը դատախազին խնդրեց այլևս այդ բառը չօգտագործել, քանի որ այս դեպքում տեղին չէ, իսկ խոսակցության մեջ, ըստ նրա, գուցե հայհոյանքներ հնչած լինեն։

«Քաշկռտուք չի եղել, խառը վիճակ էր, գուցե օդում հայհոյանքներ հնչել են, մարդիկ շատ մոտ էին կանգնած, չենք թույլատրել ծեծկռտուք լինի։ Իսկ Ալիկի դեմքը մեքենայի մեջ է ձվոտվել»,- ասաց վկան։

Դատախազ Մնոյանը նաև հիշեցրեց, որ վերջինս իր նախաքննական ցուցմունքում պնդել է, թե լավ է հասկանում ձու նետող քաղաքացիների գործողությունների ենթատեքստը։

«Ոչ մեկի հավին քշա չենք ասել, բայց տեսել եք ձու է գալիս վրեքս», -ասաց վկան։

Նա դատարանում նշեց, որ կանգառում կանգնած տղամարդկանցից մեկի ձեռքի տոպրակն էր թափանցիկ, երևում էին ձվերը, իսկ մյուսների ձեռքերին թեև տոպրակներ կային, սակայն  չէր երևում միջի պարունակությունը։

«Իմ տպավորությամբ տեսանյութում կարծես իմ տեսած մարդիկ չլինեին։ Տեսանյութում տարիքով մարդիկ են, իսկ իմ տեսածով մոտ 40 տարեկան էին այն մարդիկ, որոնց ձեռքին տոպրակ կար»,-ասաց Հովհաննես Ստեփանյանը։

Հաջորդ վկան՝ Պետո Սարոյանն էլ պատմեց, որ մի կերպ էին մտել Գյումրի Հոռոմի խաչմերուկից, որտեղ հավաքվածները շատ վատ էին պահում իրենց, հասել են Ստրոմմաշ, այստեղ ձվեր են նետել մեքենայի վրա։Իջել են, տեսնեն՝ ովքեր են, տեսել են տղամարդիկ են հավաքված, բայց թե ովքեր են, չի կարող ասել, վիճաբանություն տեսել է, հայհոյանքներ լսել, բայց չգիտի՝ ովքեր են։ Նա ասաց, որ մանրամասն չի զննել, թե ում ձեռքին ձու կար։ Վկան նշեց, որ ինքը շտապ նստել է մեքենան, դեպքի վայրում երկար չի մնացել։

Դատախազը նրա մինչդատական վարույթում տված ցուցմունքը ևս հրապարակեց, նաև հարցրեց՝ դուք ձեզ տեսե՞լ եք տեսանյութում, այդ օրը ակնոցներ եք կրել, չէ՞։ Վերջինս ասաց, որ տեսանյութը մանրամասն չի նայել։ Մինչդատական վարույթում տված ցուցմունքում վկան նշել է, որ մեքենայից իջել են, տեսել տղամարդկանց, որոնց ձեռքին ձվեր կային։ Դատախազը հետաքրքրվեց՝ կանգնած անձանց կողմից հայհոյանքներ հնչե՞լ են, վկան ասաց՝ այո, սակայն մանրամասներ չէր հիշում։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 31-ին, ժամը 15․00-ին։ Կշարունակվի վկաների հարցաքննությունը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին կալանավորված հինգ երիտասարդներից երեքը՝ Գևորգ Մուրադյանը, Արսեն Մարտոյան, Գոռ Մաթևոսյանը 1,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ են արձակվել։ Դատարանը մերժել էր ԱԺ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի կալանքը գրավով փոխարինելու կամ երաշխավորով ազատ արձակելու միջնորդությունը։

Դատարանում նախորդ նիստին  ցուցմունք էին տվել 4 տուժողները, որոնք վերահաստատել են իրենց նախաքննական  վերջին ցուցմունքները՝ հայտարարելով, որ կալանավորվածներին չեն ճանաչում, բողոք-պահանջ չունեն։ Այսօր դատական նիստին մասնակցում էր տուժողներից միայն մեկը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031