Գյումրիում այսօր բացվել է խաչքար-հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Արտյոմ Լոգյանի հիշատակին։ Հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը, նվիրաբերած զինվորն այսօր կդառնար 21 տարեկան։
«Արտյոմն ու մարտական ընկերները այն խիզախ հայորդիներն են, որոնց կյանքի ու քաջության շնորհիվ ենք մենք ապրում այսօր։ Հայրենիքի համար ընկած մեր հերոսի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի հուշերում, մեզ մնում է ապրել՝ գիտակցելով նրանց անձնազոհությունն ու շենացնել մեր երկիրը՝ հանուն մեր սերունդների»,- նշել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։
Հրետանային դիվիզիոնի հաշվարկի նշանառու, շարքային Լոգյանը խիզախաբար կռվել է թշնամու դեմ՝ կատարելով իր առջև դրված բոլոր առաջադրանքները, ցուցաբերել է յուրօրինակ քաջություն ու արիություն։ Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգին տիրապետող մարտիկը Ջրականի ամենաթեժ ու վտանգավոր կետերում ապահովել է ճշգրիտ կրակ՝ թշնամուն կորուստներ պատճառելով։ Արտյոմը հերոսի մահով ընկել է սեպտեմբերի 30-ին՝ անօդաչուի հարվածից։
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար ՀՀ նախագահի հրամանագրով հայորդին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Կարդացեք նաև
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ