Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ 1 շաբաթ առաջ էի ասում, որ շուտով Երեւանում սկսելու են գմփալ շենքեր»․ Արմինե Ադիբեկյան

Օգոստոս 15,2022 17:16

«Դա միանշանակ ահաբեկչական ակտ է։ Հանկարծակի պայթյունի հետեւանք չէր, որովհետեւ հրավառության պայթյունից շենքը չի փլուզվի․․․կամ, ամիսներ ու տարիներ շարունակ այդ շենքի նկուղում կուտակվել է այնպիսի ծավալի պայթուցիկ հրավառություն, որը մի հոգու առեւտրի պահուստ չի։ Ամեն դեպքում, սա կազմակերպված, պատրաստված ահաբեկչական ակտ է, ինչի մասին ուղիղ մեկ շաբաթ առաջ այստեղ նստած ասում էի, որ շուտով Երեւանում սկսելու են գմփալ շենքեր։ Սա «առաջին ծիծեռնակն» էր»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնում գրանցված պայթյունին՝ հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

Նրա խոսքով․ «Ով է պատվիրատուն եւ ինչ նպատակով է արել, դա քննարկելի է, բայց հիմնականը քաղաքացիներին սարսափի մատնելն է, շեղելն ուշադրությունը Բերձորում կատարվող ողբերգությունից։ Ով էլ մեջը փող աշխատի, դա այլ հարց է։ Ինչ-որ մի կետում համընկել են մի քանի ուժերի նպատակներ եւ ակնկալիքներ։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին։ Այնուամենայնիվ, սա այն ընտրության հետեւանքն է, որը 680 000 ՀՀ քաղաքացիներ 2021-ին մատուցեցին այս ահաբեկչական խունտային, որը դավաճանեց պետությանն ու ժողովրդին եւ շարունակում է դա անել»։

Ադիբեկյանը տեղում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորներին կոչ արեց մի քար ու ածուխի կտոր դնել տոպրակն ու պահել, որովհետեւ երբ օրը գա՝ լուրջ փորձաքննության կարիք կլինի․ «Վստահ չեմ, որ սրանց փորձաքննությունները կներկայացնեն իրականությունը։ Անունը կդնեն հրավառության պայթյուն ու թեման կփակեն։ Ուստի բոլորին հորդորում եմ որեւէ այրված իր դնել տոպրակն ու պահել։ Օրը կգա, ձեզ կդիմեն, եւ դրանք մեզ կօգնեն այն ժամանակ, երբ կունենանք հայամետ ու պատասխանատու իշխանություն»։

ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարություն էր տարածել՝ հորդորելով զերծ մնալ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց։ Արմինե Ադիբեկյանն ասաց․ «ԱԱԾ-ն ավելի լավ կլինի ոչ թե մեր բերանները փակի, այլ անցնի իր բուն գործառույթների կատարմանը։ Եթե ողջ աշխարհը գիտեր, որ մոտ օրերին Երեւանում պայթյուն է լինելու, եւ իրենց մերձավորներին հորդորում էին կենտրոնում չլինել, ԱԱԾ-ն ինչո՞վ էր զբաղված այդ ժամանակ։ Եթե ԱԱԾ-ն զբաղվեր իր գործառույթներով, մենք այս վիճակում չէինք լինի։ Հասարակական զայրույթը մեր բերանները փակելով չեք հանդարտեցնի։ Պնդում եմ, որ տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն ու պահանջում եմ, որ մեղավորներին ու պատվիրատուներին գտնեն։ Այդ ժամանակ միայն կասեք, որ մենք ունենք ԱԱԾ-ն, որն էլ բարոյական իրավունք ունի ինձ լռեցնելու։ Պնդում եմ, որ հրավառությունից 3 հարկանի շենքը չի փլվում։ Կամ, այդ ի՞նչ աստիճանի հրդեհ է, որ 12 ժամից ավելի չի լինում հանգցնել։ Երբ ցույց է լինում, մարզերից ամեն ինչ բերում լցնում եք Երեւան, որ Նիկոլին պաշտպանեք, բա այս անգամ ինչո՞ւ մարզերից ջրցան մեքենաներ չբերեցիք։ Ուրեմն պետք էր իրենց, որ հանցանքի հետքերը մինչեւ վերջ վառվեն»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Իսկ ինչու է Առավոտը տիրաժավորում նման սրիկայությունը

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031