Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թող բացի փակագծերը ու անուններ տա այն մարդկանց, ովքեր իրեն որեւէ բան են ասել». Ասպրամ Կրպեյանը՝ Աղավնոն լքելու ընդդիմադիրների իբր արած հորդորի մասին

Օգոստոս 15,2022 15:21

Այս օրերին իր ընտանիքով Աղավնոյում է գտնվում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը: Նա համոզված է, որ եթե 500 հոգի լինի Աղավնոյում՝ այն չի հանձնվի Ադրբեջանին: Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե Աղավնո այցելած ՀՀ ընդդիմադիր պատգամավորները իրեն հորդորել են գնալ Աղավնոյից. «Եկել են այստեղ, որ համոզեն, որ սա չի աշխատելու: Ոչ մեկը չի հավատում դրա արդյունավետությանը: Ես խորապես համոզված եմ, որ իրականում որեւէ մեկը նպատակ չունի Արցախը պահելու, ոչ թե կենացային մակարդակով, այլ՝ իրականում: Որովհետեւ բոլորի առաջին խոսքն է եղել, բոլորը եկել են ու ասել, թե սա ինչի չի աշխատի: Սա քայլ է, որը 180 աստիճանով կարող է բեկել իրավիճակը, չեն ասում՝ եկեք ուղղենք, շտկենք, մի բան անենք: Բոլորն եկել են ասելու՝ ընդհանրապես չի աշխատի, եկեք սուսուփուս միասին գնանք այստեղից: Չեն էլ ասում՝ բնակչությանն եք վտանգում, եկել են համոզեն, որ ես հետ կանգնեմ: Արգումենտները լսելուց հետո որեւէ մեկը չի ասել, որ դա չի կարող աշխատել: Արգումենտները լսելուց հետո եղել են նաեւ այսպիսի ցավոտ պատասխաններ, որ ասել են՝ դե հա, հնարավոր է, բայց երկու ամիս էլ պահեցինք, բա հետո՞: Հետո ինչ է լինելու: Այսինքն, մենք մեր հողի, մեր պետականության նկատմամբ մեր վերաբերմունքն ունե՞նք, թե՞ չունենք: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ իշխանության եւ ընդդիմության համատեղ ջանքերով համակարգված ձեւով Արցախը հանձնվում է: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ու բոլորին կբացատրեմ՝ ինչու: Միայն գործողությունների բացակայությունը դա ապացուցում է, չհաշված, թե ես ինչ եմ տեսել այս մի քանի օրվա ընթացքում, ինչ վերաբերմունք եմ տեսել»:

Այս առնչությամբ մենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանից ճշտեցինք՝ դուք այս օրերին այցելել եք Արցախ, Սուրեն Պետրոսյանի հետ հանդիպե՞լ եք, ի՞նչ եք խոսել նրա հետ, որ ասում է՝ ընդդիմադիրների ու իշխանության համատեղ ջանքերով Արցախը հանձնվում է: Կրպեյանը պատասխանեց. «Այցի հետ կապված որեւէ մանրամասն չեմ կարող հիմա ասել: Հանդիպումներ եղել են Աղավնոյում եղած բոլոր մարդկանց հետ: Սուրեն Պետրոսյանի հետ կապված… անուններ տվե՞լ է, իրենից պետք է ճշտեք: Մեր ուրիշ գործընկերներ էլ են այցելել այնտեղ: Թող անուններ տա ու ըստ հասցեատերերի կկարողանաք ճշտումներ անել»:

Հարցին՝ դուք անձամբ իրեն նման խորհուրդ տվե՞լ եք, ասե՞լ եք, որ սուսուփուս լքի Աղավնոն, ոչ մի բան էլ չի ստացվի եւ այլն՝ Ասպրամ Կրպեյանը պատասխանեց. «Ես ոչ իրեն, ոչ էլ առհասարակ որեւէ մեկին խորհուրդ չեմ տվել: Ես չգիտեմ ինքը ինչ է մեկնաբանել, պիտի խնդրեմ, որ ինչ ասել է, թող ինքն էլ մեկնաբանի: Թող բացի փակագծերը ու անուններ տա այն մարդկանց, ովքեր իրեն որեւէ բան են ասել: Ես չգիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031